Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ՍԵՄԻՆԱՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը չի կարող արագ թափով զարգանալ, եթե տնտեսության տարբեր ճյուղերի օղակները չմասնավորեցվեն` մրցակցային դաշտ ստեղծելու նպատակով: Այս տեսակետի կողմնակիցը ԵԱՀԿ-ն է , որը կազմակերպել է երկօրյա սեմինար «Հմուտ կառավարումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացում» թեմայով:

Հայաստանի պաշտոնյաներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները հիմնականում քննարկելու են տնտեսական դաշտում մրցակցություն ստեղծելու խնդիրները, այդ ուղղությամբ մշակվող քաղաքականությունն ու օրենսդրությունը, ինչպես նաեւ հատուկ օրինակների հիման վրա կներկայացվեն այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են անարդար մրցակցության պրակտիկան եւ գերակայող դիրքերի չարաշահումը:

Հայաստանի տնտեսությունում մրցակցական դաշտ ստեղծելու նպատակով առանձին օրինակով ուսումնասիրվելու է նաեւ Հանրապետության էներգետիկայի դաշտը, որտեղ միջազգային փորձագետների կարծիքով մրցակցային շուկայի ձեւավորումն առայժմ դժվար իրականացվող է:
Հատուկ նշվում է, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի էներգետիկայի բնագավառին աջակցության առումով մեծ ներդրումներ կարող է ունենալ: Մասնավորապես շեշտվում է, որ այս համակարգն էլ առավել բարձր տեմպերով կարող է զարգանալ միայն բոլոր օղակների մասնավորեցումից հետո:

ԵԱՀԿ-ն պատրաստ է սատարել մասնավորեցման այդ գործընթացին, նպաստել էներգամատակարարման բազմազանեցմանը, այդ թվում ատոմային էներգիայի եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրմանը:

Նշենք, որ հայ պաշտոնյաներից այս հանդիպմանը մասնակցում են ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականը տնտեսական հարցերով , Էներգետիկայի կարգավորող , Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները, Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը:

Աշխատանքների ավարտին Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով նախատեսվում է ստեղծել առաջարկությունների ցանկ: