Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆԹԵԼԸ ՄԵԶ ԴԱՐՁՆՈՒՄ Է ՀԶՈՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ

Տնտեսություն

Այսօր Ազգային Ժողովում ավարտվեցին կապի բնագավառում կառավարության գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկումները: Առայժմ պարզ չէ, թե ինչ ընթացակարգ պետք է տրվի այդ եզրակացությանը:

Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկեց Արմենթելի հետ սկսել բանակցություններ հեռահաղորդակցության մասին օրենքի 24-րդ հոդվածից վերջինիս զրկելու, ինչպես նաեւ բաժնետոմսերի մի մասը ձեռքից վերցնելու ուղղությամբ:
Ըստ պարոն Մանուկյանի, կարելի է նաեւ Արմենթելին չզրկել մենաշնորհից, բայց, միեւնույն է, 24-րդ հոդվածը պետք է համապատասխանեցվի անցյալ տարի Սահմանադրական դատարանում կայացված այն որոշմանը, որով Արմենթելը հեռահաղորդակցության բնագավառում դադարում է լինել մենաշնորհային կազմակերպություն:

Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն այսօր տեղեկացրեց, որ Արմենթելը դեմ չէ հեռահաղորդակցության լարային ցանցերի բնագավառում մենաշնորհ չունենալուն:
Սակայն Արմենթելը մտադիր չէ հրաժարվել բջջային ցանցում ունեցած մենաշնորհից, վստահեցրեց պարոն Մանուկյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ փորձել է բանակցել հեռահաղորդակցության բնագավառի մի շարք կազմակերպությունների հետ լարային ցանցը ձեռքբերելու համար, սակայն վերջիններս մտադիր չեն ներդրումներ կատարել այդ բնագավառում առանց բջջային ցանցին տիրանալու:

Նախարարը հիշեցրեց, որ այսօր Արմենթելին մենաշնորհից զրկելու ոչ մի հնարավորություն կառավարությունը չունի: Նախկինում` Արմեն Դարբինյանի եւ Վազգեն Սարգսյանի օրոք, ըստ պարոն նախարարի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ կառավարությունն այդ հարցով մտել է Ազգային Ժողով: Այսօր խորհրդարանը եւ կառավարությունը պետք է փորձեն համագործակցել հարցի լուծման այլ ուղիներ գտնելու ուղղությամբ:

Ըստ պատգամավոր Արշակ Սադոյանի, եթե նախկինում կառավարությունը նախագահի համաձայնությամբ հնարավորություն է ունեցել մենաշնորհը վերացնելու, ուրեմն, այսօր էլ կունենա: Դիմելով պատգամավորներին, կառավարությանը եւ հանրապետության նախագահին, պարոն Սադոյանը հայտարարեց. «Եթե Արմենթելը մենաշնորհից չզրկվի, մենք դառնում ենք մեծ կաշառակերության մասնակից»: