Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանը պատրաստ է անգամ Հանրայինը գնել».Մեսրոպ Մովսեսյան

Կարևոր լուրեր Հասարակություն
Mesrop-Movsesyan

 Հեռուստացույց միացնելուց ամեն մեկը փորձում է  գտնել «իր լուրերը»։ 2002թ-ի ապրիլի 2-ից շատերի համար դժվարացավ այդ  ընտրությունը, քանի որ   ՀՌԱՀ-ը եթերազրկեց «Ա1+»  հեռուստաընկերությունը։ «Թույլիկ» համարվեց ծրագիրը մի հեռուստաընկերության, որը լուսաբանել էր  1998թ  նախագահի  ընտրությունների կեղծիքները, 1999թ Հոկտեմբերի 27-ն ու  հետագա զարգացումները,  2001թ Պողոս Պողոսյանի  սպանությունը՝ «Բարեւ Ռոբ» արտահայտության համար եւ այլն։   Այդ ժամանակ երկիրը ղեկավարող  Ռոբերտ Քոչարյանն անգամ չէր թաքցնում, որ «Ա1+»-ը խանգարում է իրեն եւ առավել քան երբեւէ  խանգարելու է իրեն հաջորդ տարի կայանալիք  ընտրություններում, երբ ինքը ցանկանում էր  մնալ Նախագահի աթոռին։  «Ա1+»-ին  փակելով՝  «փակում էին» հեռարձակող  մյուս լրատվամիջոցների  բերանը, որոնք  դժվար թե  խոսեին անօրինությունների  մասին՝  եթերազրկման փաստն աչքի  տակ ունենալով։    Հնարքն աշխատեց, հեռուստաընկերությունները  դարձան պատասխանատու եւ հնազանդ, բայց «Ա1+»-ին լռեցնել չհաջողվեց։  Եթեր չկար,  բայց ընկերությունը գտավ այլ հարթակներ՝  ներկայացնելու այն ամենը,  ինչի մասին չէին խոսում մյուսները.  ներկայացրեց ընտրական խախտումները, լուսաբանեց կեղծիքների հետ չհամակերպվող  ընդդիմության   բազմահազարանոց հանրահավաքները, Մարտի 1-ի  դեպքերը, թավշյա հեղափոխությունը։  Ընդ որում՝  2018թ  ոչ բռնի հեղափոխության առաջին իսկ օրերից  «Ա1+»-ը ռեպորտաժներ էր  պատրաստում «Արմնյուզ»  ՀԸ-ով հեռարձակվող «Այբ-Ֆե+» հաղորդաշարի համար, երբ մնացած ալիքները խուսափում էին անգամ մեկ բառ ասել  Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ակցիաների մասին։ 2019թ  հունվարի 1-ից «Ա1+»-ն այլեւս չունի նաեւ 15 րոպեանոց եթերի հնարավորություն «Արմնյուզ»-ում, քանի որ  ընկերության սեփականատերերը փոխվեցին։   Քաղաքական դաշտի փոփոխությունները արագ փոխեցին մեդիա դաշտը. ստույգ կամ դեռ ասեկոսների մակարդակով տեղեկությունների համաձայն՝  դրանց մեծ մասը դարձան  Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորվող։  Ըստ «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի՝  այսօր մեդիա դաշտը բաժանվել է սեւ ու սպիտակի։ Նրա տպավորությամբ՝ քարոզչական պատերազմում առայժմ  հաղթում են սեւերը, որոնք ավելի շատ գումարներ ունեն։  Այս ամենը պարոն Մովսեսյանին հիշեցնում է 2002թվականը՝ «Ա1+»-ի եթերազրկումը եւ Ռոբերտ Քոչարյանի՝   ապօրինի  եւ անաչառ լրատվության ոչ մի կանոնի մեջ չտեղավորվող խորհուրդը  ընդդիմադիրներին, թե նրանց մեջ հարուստներ կան, կարող են   միանալ եւ  ֆինանսապես աջակցել «Ա1+»-ին։  «Ավելորդ է  անգամ  ասել, թե  այդ օրենքի ինչ մեծ խախտում էր նրա խորհուրդը։ Իսկ եթե չեթերազրկվեր  «Ա1+»-ը,  վստահեցնում եմ,  հանգիստ կարող էր  զարգանալ գովազդի հաշվին, ինչը եւ արել էր իր հիմնադրումից մինչեւ եթերազրկումը»,-ասում է պարոն Մովսեսյանը։   Նա նաեւ կարծում է, որ Քոչարյանին այսօր պետք է եկել իր իսկ օրինախախտ խորհուրդը, եւ մեծ գումարներով «հորինում է  լրատվամիջոցներ»։      Մեսրոպ Մովսեսյանը կարեւորում է նոր կառավարության դիրքորոշումը եւ  մեջբերում է    Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերջին ասուլիսում. «Ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ սև քարոզչության համար, և կառավարությունը դրա դեմ բան չի անում, որովհետև կարևորում է խոսքի ազատությունը»:  Բայց նաեւ նկատում է, որ  մեդիադաշտում  պայքարն այնքան է թեժացել, որ  տպավորություն է, թե. «Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է արդեն Հանրային հեռուստաընկերությունն էլ  գնել եւ... վերջ»։ «Դե , «Ա1+»-ը չի պատրաստվում այդ խաղերին մասնակից դառնալ, ունի իր սկզբունքները, որոնց երբեք չի դավաճանել»,- ասում է  Մեսրոպ Մովսեսյանը։ Արդեն 17  տարի է՝  եթերազրկված  «Ա1+»-ն իր կայքում  ներկայացնում է  այն կարեւորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում երկրում։  Ինչպես  կատակում են «Ա1+»-ում՝  հաջորդ 17 տարիներն էլ բացառություն չեն լինելու։ Սակայն ընկերությունը չի հրաժարվում հեռուստաեթեր վերադառնալու մտքից եւ պատրաստվում է մասնակցել  2020թ կապուղիների մրցույթին։ Երբ փորձում ենք  գնահատել  եթերազրկումից հետո «Ա1+»-ի ստեղծածը, կարող ենք ասել, որ անկախ դժվարություններին՝  ընկերությունը չի կորցրել իր դեմքը,  հավատարիմ է մնացել  բազմակարծության եւ օբյեկտիվության չափանիշներին։   Եթե դրան գումարում ենք նաեւ մինչ եթերազրկումը՝  1991թ-ից ի վեր ստեղծածը, տեսնում ենք, թե ինչ   մեծ ժառանգություն է  ստեղծել «Ա1+»-ը։ Առանց համեստության կարելի  է նշել, որ այսօր «Ա1+»-ն ունի  ամենաարժեքավոր  արխիվներից մեկը։ «Ա1+»-ը որոշել է անակնկալ անել իր  հավատարիմ լսարանին, եւ ապրիլի 2-ին՝ կներկայացնենք ընտրանի՝ մեր լավագույն արտադրանքից։ Իսկ մեր արտադրանքը միայն լրատվական չէ, այլեւ  հաղորդումներ, ֆիլմեր եւ այլն։ Կհանդիպենք ապրիլի 2-ին։