Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՎՈՐԸ, ՈՐ ԾԱԽԵՑԻՆՔ, ԻՍԿ ԹԵ ՈՒՄ` ԿԱՐԵՎՈՐ ՉԷ...

Տնտեսություն

Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերի նոր սեփականատեր «Միդլենդ Ռեսուրսիզ» ընկերությունը տեղյակ չէ ԲԷՑ-երի գործարքին միջազգային ֆինանսական կազմակերպությունների արձագանքին: «Միդլենդ Ռեսուրսիզի» ներկայացուցիչ Անդրեյ Զավրաժնովը խոստովանում է, որ չի էլ լսել, թե Համաշխարհային Բանկը կամ Արժույթի միջազգային հիմնադրամը դեմ են եղել ԲԷՑ-երի գործարքին:

Հայտնի է, որ ՀԲ-ին, ԱՄՀ-ին եւ Եվրոբանկին մասնավորապես կասկածելի է թվացել «Միդլենդի» օֆշորային ծագումը: Զավրաժնովն ասում է, որ կան տարբեր օֆշորոյին գոտիներ, «Միդլենդը» ստեղծվել է 1997թ-ին, գրանցված է Բրիտանական թագավորության Ջեյմս կղզում, ամեն տարի ենթարկվում է միջազգային թափանցիկ աուդիտի:

ԲԷՑ-երի վաճառքի հաջորդ թույլ օղակն այն է, որ «Միդլենդը» չունի էներգետիկ ոլորտում աշխատանքի փորձ: Հայաստանի ցանցերը գնած ընկերությունը առայժմ գործել է մետալուրգիայի եւ գյուղատնտեսության բնագավառում: Փորձի պակասը լրացնելու համար «Միդլենդը» պարտավորվել է ցանցերի տեխնիկական կառավարումն իրականացնել էներգետիկ ոլորտում փորձ ունեցող ընկերության միջոցով:
Զավրաժնովը տեղեկացնում է, որ երկու շաբաթվա ընթացքում իրենք կընտրեն նման փորձառու ընկերություն:

Ի դեպ, «Միդլենդին» չի անհանգստացնում նաեւ Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների բացասական վերաբերմունքը ցանցերի վաճառքին: Ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Զավրաժնովը անկեղծանում է «թող ընդդիմությունը դիմի ցանկացած քայլի, միայն թե բարեխիղճ վճարի իր օգտագործած էլեկտրաէներգիայի համար»: