Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդ կա՝ իր մաքրությանը չի հետեւում, ուր մնաց շրջապատի. պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
petrosyan-1

Երևանի Օղակաձև այգում ժամը 9:30-ից մեկնարկել է շաբաթօրյակը, որին մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները: «Իմ քայլը» խմբակցությունից ներկա էին Վահագն Թևոսյանը, Շիրակ Թորոսյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Գևորգյանը, Գոռ Գևորգյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստանից» պատգամավորները չկային: Պատգամավոր Վահագն Թևոսյանը կարծում է, որ պիտի մտածելակերպի փոփոխություն լինի. «Ժամանակն է, որ սկսենք  մտածել՝ հանրային տարածքը մերն է, մեր շահերից է բխում, որ այն բարեկարգ լինի:  Ցավոք, մենք ունենք այնպիսի մտածողություն, որ մեր դռնից այն կողմ մերը չէ, և ուրիշներն են դրա համար պատասխանատու»: Շաբաթօրյակի ընթացքում աղբի տարանջատում չի լինելու: Բայց պատգամավորը նշեց, որ  նման մտադրություն ունեն: «Մի քանի պատգամավոր ստորագրահավաք են անցկացրել, որ Ազգային ժողովի տարածքում աղբի տարանջատում լինի: Պիտի աշխատենք, որ այդ մշակույթը ձևավորենք»,- ասաց Վահագն Թևոսյանը:  Իսկ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի համար շաբաթօրյակը տոն է:Բայց մյուսների մասնակցել չի կարող պարտադրել. «Որևէ մեկը իրավական պարտականություն չունի շաբաթօրյակին մասնակցել, եթե եկել ենք, ուրեմն  ինչ-որ բարի ցանկություն կա: Բնական է Շաբաթօրյակի անհրաժեշտությունը  բխում է  առկա իրավիճակից: Այո, կան քաղաքացիներ, որոնք նույնիսկ իրենց մաքրությանը չեն հետևում, ինչ մնաց շրջապատին ուշադրություն դարձնեն»:  Շաբաթօրյակի մասնակիցները նաև իրենց երեխաներին ու թոռներին  էին բերել: Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր երկու թոռնիկների՝ Ռոբերտի ու Հովիկի հետ էր եկել: Դիտարկմանը`  պապիկն է նրանց բերե՞լ, թե՞ իրենք են ցանկություն հայտնել գալ, Հովիկը պատասխանեց. «Թե՛ մենք ենք ցանկացել, թե՛ ինքն է բերել»: Ռոբերտն էլ հավելեց՝ ինքն ասաց, մենք էլ համաձայնվեցինք: