Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա.Կ.Ա» . կայացավ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

Մշակույթ
2-1-1

Այսօր կայացավ «Ա.Կ.Ա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Դրամատիկ ֆիլմի հիմքում ընկած  է երկու եղբայրներին՝ Արամին (Արաբո Գրիգորյան) և Արթուրին (Խորեն Լևոնյան) ու Արամի ընկերոջ՝ Կարենին (Սարգիս Գրիգորյան) կապող պատմությունը։ Ֆիլմի մտահաղացումը Սարգիս Գրիգորյանինն ու  ռեժիսոր Արմեն Միրզոյանինն է։ Այն նկարահանվել է 26 օրում։ Դերասան Խորեն Լևոնյանը կարևորում է, որ հայկական կինոարտադրությունում դեռ չեն մոռացել գեղարվեստական ֆիլմեր նկարահանել։ «Միշտ շատ ուրախանում եմ, երբ որ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում, որովհետև դա խենթ ու խելառ մարդիկ են, որովհետև այսօր  փող ծախսել ֆիլմի վրա ու ակնկալել, որ դրանից ինչ-որ բան կստանաս, կարծում եմ չի լինում»։ Թե ինչո՞ւ են ֆիլմն անվանել «Ա.Կ.Ա», սկսնակ դերասան Արաբո Գրիգորյանը պարզաբանեց՝ վերնագիրը երեք  հերոսների անվան սկզբնատառերն են։ «Որոշեցինք նման անուն տալ, որովհետև այն մարդկանց հետաքրքրում է, չէ որ դուք հարցրեցիք ինչո՞ւ, եթե մենք այն անվանեինք երկու եղբայրների դիմակայություն, բոլորին միանգամից հայտնի կլիներ, թե խոսքն ինչի մասին է։ Որոշեցինք հանելուկ թողնել հանդիսատեսի համար, որպեսզի նրանք հետաքրքրվեն, թե ինչ է նշանակում «Ա.Կ.Ա»։  Վերնագրի այլ տարբերակ էլ են ունեցել, բայց որոշել են այնպիսի տարբերակ ընտրել, որը հանդիսատեսի մոտ կհիշվի։ «Եթե վերնագիրը հիշվող եղավ, ապա այն առաջին քայլն է հանդիսատեսին բերել ֆիլմի պրեմիերային»,- հավելեց Սարգիս Գրիգորյանը։ Ֆիլմը ընկերության, սիրո, ընտանիքի և դավաճանության մասին է։ Սարգիս Գրիգորյանը նկատեց՝ փորձել են ցույց տալ իսկական հայ տղամարդուն։ «Երեք իսկական տղա էին խաղում։ Խնդիր էր դրված՝ ցույց տալ հայկական իսկական տղամարդկանց, որոնք ունեն արժանապատվություն, թասիբ, նամուս։ Չենք կարող  այդ 3-ից մեկին  առանձնացնել, որն իր տեսակետից  ճիշտ չլինի»։ «Հանդիսատեսի համար ստեղծել ենք հիանալի ֆիլմ, փորձել ենք առավելագույնն անել, որպեսզի հանդիսատեսին փոխանցեք բոլոր զգացումները»,- հավելեց Արաբո Գրիգորյանը։ Ֆիլմում բացասական կերպար է մարմնավորում Գեորգի Հովակիմյանը։ Չի խուսափել բացասական կերպար մարմնավորելուց, ավելին՝ կերպարը շատ է հավենել և հաճույքով է ընդունել այն մարմնավորելու  առաջարկը։ «Դերասանի համար հետաքրքիր է նման կերպարի մեջ խրվել, աշխատել։ Ինձ էլ էր հետաքրքրում ինչ կստացվի»։ Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են նաև դերասան Իշխան Ղարիբյանը, դերասանուհիներ Աննա Դովլաթյանը, Նարինե Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը և այլք։