Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության գրավական»

Հասարակություն
Shnorhandes

Երևանի պետական համալսարանի Վարդգես և Ռիթա Պալեանների անվան գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավագետ Անահիտ Մանասյանի «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» մենագրության շնորհանդեսը։ Գրքի հեղինակը նշեց, որ երկար ժամանակ է ուսումնասիրել ժողովրդի իշխանությանը և սահմանադրականությանը վերաբերող հարցերը։  «Ոչ միայն դատական համակարգը, այլ նաև՝ ՀՀ թե՛ իշխանության ճյուղերին առնչվող, թե՛ տարատեսակ համակարգերին առնչվող հարցադրումներն, իրականում, ունեն լուրջ վերաիմաստավորման կարիք»,- ընդգծեց իրավագետը՝ հավելելով, որ փոփոխությունների իրականացման մեջ կարևոր է վերջնարդյունքը՝ «Մարդը դառնա բարձրագույն արժեք»։ Մանասյանի խոսքով՝ սահմանադրական կայունությունն ու կայուն ժողովրդավարությունը փոխկապակցված երևույթներ են։  «Սահմանադրական կայունությունն ինքնին, եթե կոնտեքստային առումով դիտարկենք, ենթադրում է ոչ թե պարզապես սահմանադրական կարգավորումների անփոփոխելիություն, այլ՝ դրանց անընդհատ համապատասխանեցումը գոյություն ունեցող հասարակական հարաբերություններին»,- շեշտեց նա։