Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թանկացում լինելու է, բայց վարորդների վրա դրանք անդրադառնալու են լավ առումով»

Տնտեսություն
avtogaz

Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում մեքենաների գազալիցքավորման գործընթացը կփոփոխվի: Այս մասին փետրվարի 15-ին կայացած կառավարության  նիստի ժամանակ որոշում է ընդունվել: Ըստ այդ որոշման, մեքենաների լիցքավորման չափման միավորն է փոխվելու՝ խորանարդ մետրից դառնալու է կիլոգրամ:  Եթե մոտավոր հաշվարկ կատարենք,  ապա կստանանք հետևյալ պատկերը ՝ 1 խմ գազը մոտավորապես 700 գրամ է: ԽՄ-ով լիցքավորման դեպքում 14 խմ-ն հավասար է 10 կիլոգրամի: Եթե հիմա 14 խորանարդ մետրի համար վարորդները վճարում են 2800 դրամ, ապրիլի 1-ից 2800 դրամ կվճարեն 10 կգ ավտոգազի համար: «Անհատ տաքսի վարորդների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Մխիթար Օհանյանը սեփական հաշվարկն է կատարել և ստացել է այսպիսի արդյունք՝ 1 խմ-ի համար՝ 2,6 դրամ  թանկացում: Ընդհանրապես, գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման ժամանակ, համապատասխան գործակցի միջոցով այն վերածվում խորանարդ մետրի: Այստեղ պետք է հաշվի առնել գազի ջերմաստիճանն ու ճնշումը: Եթե մեքենան լիցքավորվի  խորանարդ մետրով,  բարձր ջերմաստիճանի դեպքում այն ավելի մեծ ծավալով  կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով: Կիլոգրամով փոխարինելու դեպքում այն անկախ ծավալից կհաշվարկվի կշռով: Եթե այս փոփոխությունը դրական է ապա ինչո՞ւ այն չի կատարվել ավելի շուտ: Ապրիլի 1-ին փոփոխություն կկատարվի, սակայն դեռ առկա են տեխնիկական խնդիրներ: Չեն կատարվել գազալիցքավորման աշտարակներում համակարգի աշխատանքի փոփոխություն: Այս խնդիրը կար 10 տարի առաջ ու հիմա էլ այն չի լուծվել: Տեխնիկական այս խնդիրների առկայությամբ էլ կկատարվեն փոփոխությունը: «Բոլոր դեպքերում թանկացում լինելու է, բայց վարորդների վրա դրանք անդրադառնալու են լավ առումով, ոչ թե վատ առումով,»,- ասում է «Էքսպերտթեչ»  գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը: Մնում է միայն, որ այս փոփոխությունները չնպաստեն գազալցակայաններում  վարորդներին ավելի շատ «խաբելուն» և կիլոգրամը կմնա կիլոգրամ: Քանի որ կառավարությունից հաստատվել է որոշումը և դրա ընդունման օրը, սակայն ինչպես ու երբ կհասցնեն գազալցակայանները կատարել տեխնիկական փոփոխությունները, այս մասին չկա  հստակ ոչինչ: