ՀՀ ԿԳ նախարարը մեկնել է Երուսաղեմ

Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։ ՀՀ կառավարության և ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև նոր պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ 

ՀՀ անկախությունից տարիներ ի վեր սա ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական հրավերն է: Երուսաղեմի պատրիարքարանը, հանդիսանալով Հայ առաքելական եկեղեցու ինքնավար աթոռներից, տարիներ շարունակ ուղղակի համագործակցություն չի իրականացրել ՀՀ ԿԳՆ-ի հետ։ Մինչդեռ ներկայումս հատկապես տվյալ տարածաշրջանում հայկական ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ու հայագիտության զարգացման հարցերը շատ կարևոր են Հայոց ցեղասպանագիտության տեսանկյունից:

Տարիներ շարունակ հետևողական և նպատակամետ համագործակցության աշխատանքի բացակայության հետևանքով Իսրայելում կուտակվել են բազմաթիվ չլուծված հարցեր, ինչպես նաև առկա է համագործակցության չօգտագործված ռեսուրս։
Մասնավորապես անորոշ է Իսրայելում գործող Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի կարգավիճակը։ Վարժարանի ուսումնական գործընթացը և մանկավարժական կադրերի խնդիրները նոր լուծումներ են պահանջում, փակման եզրին է հայտնվել Երուսաղեմի համալսարանում հայագիտական բաժինը, ըստ հարկի չի օգտագործվում Երուսաղեմի հայկական եկեղեցու մատենադարանը, հասունացել է Թել-Ավիվի համալսարանում հայագիտական ամբիոն հիմնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դասավանդելու խնդիրը: Նշված բոլոր խնդիրներն ընդգրկված են ԿԳ նախարարի այցի օրակարգում։ Նախատեսվում են հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարքի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

ՀՀ Կրթության գիտության նախարարություն