Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքները

Հասարակություն
15-1

Մարտի 12-ից 14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Եռօրյա ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կազմակերպա-իրավական, կանոնական, կարգապահական, սոցիալական և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված այլ հարցեր: Ժողովի սկզբում անդրադարձ կատարվեց մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին: Տեղեկացվեց, որ առաջիկա օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ մասնակցելու Մեսրոպ Պատրիարքի հուղարկավորությանը և սգացյալ ժողովրդին փոխանցելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ  արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ) գումարման կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին զեկույցով հանդես եկավ ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` հանգամանորեն ներկայացնելով ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի, ինչպես նաև օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքը: ԳՀԽ անդամները լսեցին նաև Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը: Տաճարի վերանորոգության նախագծի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը և Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանն անհրաժեշտ լուսաբանությունները տվեցին տաճարի ամրակայման և վերանորոգության, նաև հընթացս աշխատանքների ծագող նոր խնդիրների մասին: Տեղեկացվեց, որ տաճարի ներքին աշխատանքները ծրագրվում է ավարտել 2020 թվականին:   Նկատի ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովի նախապատրաստական աշխատանքների ծավալը և ժամանակատարությունը, ինչպես նաև Մայր Տաճարի վերանորոգման ընթացքը` Գերագույն հոգևոր խորհուրդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ որոշեց Ազգային-Եկեղեցական ժողով գումարել 2020 թ. նոյեմբերի 1-8-ը: Մայր Տաճարի նորոգության պատճառով նպատակահարմար նկատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված հանդիսությունները ևս անցկացնել առաջիկա տարի: Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցի-պետություն հարաբերություններին, տեղեկացվեց ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի մասին, որի նպատակն է առավել զորացնել եկեղեցի-պետություն գործակցությունը ի նպաստ երկրի հզորացման: Գոհունակությամբ լսելով զեկույցը` ԳՀԽ անդամները կարևորեցին պետության հետ գործակցությունը և հաջողություններ մաղթեցին նորակազմ աշխատանքային խմբի աշխատանքներին: Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց լսեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը համակարգվում է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանի կողմից: Տեղեկություններ տրվեցին կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին։ Վերջում Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի անունից գնահատանք հայտնեց համակարգող խմբին իրենց ջանադիր ծառայության համար։ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված միջոցառումների ծրագիր-առաջարկ ներկայացրեց հոբելյաններին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց տարվա կտրվածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերում կազմակերպել հիշատակի արարողություններ և հոգևոր-մշակութային, գիտակրթական, գեղարվեստական, ճանաչողական միջոցառումներ: 2019 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Ընտանիքի տարի: Այս շրջանակներում ժողովականները անդրադարձ կատարեցին հայ ընտանիքի առջև ծառացած արդի խնդիրների հաղթահարման գործում Հայոց Եկեղեցու հովվական առաքելությանը հայրենիքում և սփյուռքում` որդեգրելով Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվելիք մի շարք հոգևոր, սոցիալական, գիտա-ճանաչողական, հովվական, քարոզչական ծրագրեր: Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թվականի գործունեության տեղեկագիրը: Ժողովականները քննության առան նաև Մայր Աթոռի գործունեության ֆինանսական հաշվետվությունը և Վերստուգիչ հանձնախմբի տարեկան զեկույցը: Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով:   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թվականի գործունեության ամփոփ տեղեկագիր 2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 էր, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ: Անցյալ տարի ձեռնադրվել են 19 ամուսնացյալ քահանաներ և 35 սարկավագներ, կատարվել է նաև մասնավոր վարդապետության աստիճանների 4 տվչություն: Արտերկրում ուսանող եկեղեցականների թիվը համալրվել է երեքով: Մայր Աթոռի բաժիններում և ենթաբաժիններում աշխատել է 1142 աշխարհական և հոգևորական անձ: Նորին Սրբության օրհնությամբ 2018 թ. փետրվար ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկել է Քահանայից վերապատրաստման երեքշաբաթյա ծրագիրը, որին տարվա ընթացքում մասնակցել են 161 եկեղեցականներ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից: Հոգևոր-մշակութային ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության շրջանակներում կազմակերպվել են մի շարք գիտաժողովներ և ցուցահանդեսներ: Հոգևոր-կրթական հաստատություններում` Գևորգյան հոգևոր ճեմարանում,  Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, ընդհանուր թվով ուսանել է 160 սան: Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը անցյալ տարվա ընթացքում շարունակել է իր գործունեությունը նախադպրոցական, միջնակարգ, կիրակնօրյա կրթության ոլորտներում: Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօռնեկեան հանրակրթական դպրոց»-ի 35 դասարաններում ուսանում է 519 աշակերտ, «Էօռնեկեան մանկապարտեզ» հաճախում է 42 երեխա: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում և Դավթյան Օրիորդաց վարժարանում (Հնդկաստան) ուսանում է 76 աշակերտ: 2018 թ. Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց շարքում «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցել է 20 երկիր ներկայացնող շուրջ 600 եկեղեցասեր երիտասարդ: Անցյալ տարի Մայր Աթոռի հովանու ներքո գործող 7 Հայորդյաց տներ (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոն հաճախել է շուրջ 4000 երեխա, կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համույթների մենահամերգներ, հանդիսություններ, մրցույթներ և այլ ծրագրեր: ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդությունում իրենց ծառայությունն են բերել 61 հոգևորականներ, ՀՀ Քրեակատարողական 12 հիմնարկներում` 10 եկեղեցականներ: Հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով Մայր Աթոռի հրատարակչական բաժնի կողմից լույս է ընծայվել 36 անուն գիրք: Առավել լայն լսարանի համար քարոզչություն է իրականացվել «Էջմիածին» ամսագրի, «Քրիստոնյա Հայաստան» թերթի, ինչպես նաև համացանցի, հեռուստառադիո հաղորդաշարերի և «Շողակաթ» ու «Լույս» հեռուստաընկերությունների միջոցով: 2018 թ.-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակել է իր առաքելությունը սոցիալական ծառայությունների ոլորտում՝ մասնավոր ուշադրություն դարձնելով հասարակության կարիքավոր խմբերին` փախստականներին, սիրահայերին, ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:  Շուրջ 650 ընտանիքների ցուցաբերվել է դրամական և նյութական օգնություն` 60.496.384 ՀՀ դրամի չափով, անխափան աշխատել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող 5 բարեգործական ճաշարանները, որտեղ սնունդ են ստանում շուրջ 900 անապահով քաղաքացիներ: 2018 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակի ջանքերով բացվեց «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ մշտական խնամք են ստանում 12 մանուկներ։ Այսու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սոցիալական ծառայությունների բնագավառում իրականացրել է ընդհանուր 360.070.173 ՀՀ դրամի (երեք հարյուր վաթսուն միլիոն յոթանասուն հազար հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամի բարեգործական և սոցիալական ծրագրեր, որոնց շարքում աջակցության ծրագրեր  հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին, երկրաշարժից տուժած ընտանիքներին, սահմանամերձ շրջանի 9 քահանաներին, մանկատներին, արյան լեյկոզով տառապող փոքրիկների,  հաշմանդամ երեխաների և ավտովթարի հետևանքով զոհված 4 զինծառայողների ընտանիքներին: Անդրադառնալով թեմական կյանքին` տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսության կանոնական տարածքներում գործում է 33 թեմ և 3 Հայրապետական պատվիրակություն, 718 եկեղեցի ու վանք, 812 ծուխ և ծխական առաքելություն, որտեղ կան 263 կիրակնօրյա դպրոցներ, նաև տիկնանց և երիտասարդաց միություններ: Թեմերում 2018 թ. իրականացվել են հոգևոր-քարոզչական, սոցիալական, կրթամշակութային բազմաբնույթ ծրագրեր: Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նախորդ տարում օծվել են թվով 18 եկեղեցիներ, որոնցից` 1-ը` Արարատյան Հայրապետական թեմում, 3-ը` Գուգարաց թեմում, 1-ը` Սյունյաց թեմում, 1-ը` Արագածոտնի թեմում, 1-ը` Տավուշի թեմում, 5-ը` Արցախի թեմում, 3-ը` Վիրահայոց թեմում, 2-ը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և 1-ը` Ուկրաինայի Հայոց թեմում: