Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի գոյությանը ոչինչ չի կարող սպառնալ. Ն. Բաբայան (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետ գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ասաց, որ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի գոյությանը ոչինչ չի կարող սպառնալ: Նրա խոսքով՝ Դիլիջանում ՊԷԿ-ի կողմից կառուցված կառույցը նախատեսված է եղել, որպես հյուրանոց և առողջարան, որը այժմ օգտագործվում է Մոնթե Մելքոնյան վարժարանի համար, իսկ հյուրանոցի 9 հատ երկհարկանի քոթեջները այս պահին փակ են: Վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց չի կարող այն լավագույն ձևով իրականացնել, իսկ հյուրանոցային հատվածը վարժարանից առանձնացնել՝ հնարավոր չէ:

 «Վարժարանը պետք է ապահովված լինի լավ պայմաններով, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գույքը նպատակային օգտագործի և շահույթ ստանա: Այն կառուցվել է ՊԷԿ-ի  համար, սակայն ապրիլյան պատերազմից հետո, երբ ժողովուրդը բողոքել է, որ կառուցման համար միլիոնավոր գումարներ է ծախսվել, տրվել է վատ գույքային պայմաններ ունեցող վարժարանին: Բոլորս էլ հասկանում ենք, որ վարժարանը պետք է լավ պայմաններ ունենա, բայց դա չի նշանակում, որ մինչև 100 հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հեկտար տարածք ունեցող հյուրանոց, այն դեպքում, երբ կառույցի միայն մաքրության ծախսերը կազմում է տարեկան 63մլն դրամ»:

Նրա խոսքով՝ հստակ հաշվարկ չկա թե, ինչքան գումար է  ծախսվել հյուրանոցի կառուցման համար, սակայն  3 քրեական գործ է հարուցվել և ոչ մեկ չի կարող իմանալ հատկացված գումարներից, որքան է յուրացվել և որքանը՝ ծախվել, իսկ կառույցի որոշ հատվածներում շինարարությունը դեռ չի ավարտել:

Նա նշեց, որ ճիշտ կլինի, վարժարանի համար այլ տարածք հատկացնել, իսկ կառույցը օգտագործվի նպատակային: