Կայացավ Սրբուկի եվրատեսիլյան երգի պրեմիերան (տեսանյութ)

Կայացավ «Եվրատեսիլ- 2019» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։ Walking out երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) եւ Tokionine-ը (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակ` Գարիկ Պապոյան։

«Երբ առաջին անգամ լսեցի երգի մեղեդին, աչքերիս առջեւ կյանքիս որոշ դրվագներ անցան, որոնք ակտուալ են մինչ այսօր, դեպքեր, որոնք հիշողություն դեռ չեն դարձել, թարմ են շատ։ Ու ես հասկացա, որ հենց այդ ներսիս կռիվն ու զգացողություններիս պայքարը պետք է լինի այն երգում, որով շատերին ու ինքս ինձ ուզում եմ ասել` մի՛ սպանիր սերը, բայց մի՛ թող, որ այն սպանի քեզ»,- նշում է Սրբուկը։

Երգում զգացողությունների պայքար է, սիրող սրտի մենախոսություն, որն ամեն վայրկյան կարող է վերածվել երկխոսության։ Հնչում են անպատասխան հարցեր, համոզմունք` մինչեւ այդ կետը հասցնել չի կարելի։ Տեսահոլովակը նկարահանել է Factory production ընկերությունը. ռեժիսոր` Արթուր Մանուկյան, օպերատոր` Արտյոմ Աբովյան, ոճաբան` Անի Մեսրոպյան, խորեոգրաֆ` Հովհաննես Սարգսյան։

Սրբուկի խոսքով, երբ երգն արդեն պատրաստ էր եւ քննարկվում էր, թե ինչ մոտեցմամբ պետք է ստեղծվի տեսահոլովակը, ինչ կերպով պետք է ներկայացվեն երգում առկա գաղափարները, ստեղծագործական խմբի հետ միանգամից որոշվել է այլաբանորեն ներկայացնել այն զգացողությունները, որում հայտնվում է սիրող խաբված մարդը։

Երբ սիրտդ ենթադրաբար պետք է ուրախությունից պատռվի, բայց շնչելու համար անգամ բավարար օդ չկա, երբ պլանավորում էիր ամբողջ աշխարհին պատմել երջանկությանդ մասին, բայց ստիպված ես փակվել ինքդ քո մեջ` հեռու աշխարհից, ձեռքերը կապված, դեմքը փոխված, ծամածռված, շարունակելով ձեւանալ` միայն թե չմեռնի սերը։ Իսկ օդում կախված հարց կա` մինչեւ ե՞րբ, որքա՞ն ես դեռ պատրաստ ապրել այդ կանոններով։

Տեսահոլովակում կան բազմաթիվ սիմվոլներ, որը յուրաքանչյուր դիտող յուրովի կկարողանա մեկնաբանել. չէ՞ որ ներկայացված զգացողությունները ընդհանուր են շատերի համար, բայց հանգուցալուծումը` միանգամայն տարբերվող։

Մամուլի հաղորդագրություն