Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» սկզբունքային խաղում պարտվեց «Արարատ-Արմենիային»

Սպորտ
sport-hajkakan-futbol

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացան 21-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում այս անգամ հարաբերությունները պարզեցին առաջատար «Ալաշկերտին» հետապնդող Երեւանի  «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: Առաջնության նորեկը պարզապես ֆուտբոլային դաս տվեց դաշտի տերերին: Վարդան Մինասյանի ղեկավարած թիմը հանդիպման սկզբից մինչեւ վերջին րոպեն իր հսկողության տակ պահեց խաղի ընթացքը, մրցակցին թույլ չտվեց գոլային ռեալ պահեր ստեղծել, իսկ  սեփական պահերը վարպետորեն օգտագործեց: Իսկ ահա փյունիկցիները խաղում էին անկազմակերպ, գրոհները կազմակերպում էին հանպատրաստի,  պաշտպանությունում էլ հաճախ էին կոպիտ սխալներ թույլ տալիս: Արդյունքում, «Արարատ-Արմենիան» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 32 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Իսկ ահա «Փյունիկը» երրորդ պարտությունը կրեց վերջին չորս խաղերում եւ վաստակած 30 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին «Ա1+»-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված փյունիկցիների անհամաձայնեցված գործողությունները, առավել եւս, որ ամբողջ հանդիպման ընթացքում նրանք այդպես էլ «պատ» չխաղարկեցին, «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցեւն ասաց.  «Դա ձեր անձնական կարծիքն է: Իմ կարծիքով, խաղացողները լավ էին համագործակցում իրար հետ: Ինչ վերաբերում է «պատ» կոմբինացիայի խաղարկմանը, ապա մենք ուրիշ ոճով ենք խաղում»։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղի հետո նշեց, որ հանդիպումը հաջող դասավորվեց իրենց համար, քանի որ շատ արագ գոլ խփեցին, ապա ամրապնդեցին այն: Տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.  «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 2:4 «Արարատ» - «Շիրակ»՝ 0:2 «Լոռի ՖԱ» - «Արցախ ՖԱ»՝ 2:0  Հաջորդ՝  22-րդ տուրի խաղերը տեղի կունենան մարտի 9-ին եւ 10-ին: