Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. Տանտերերը կփորձեն վերադարձնել սասանված հեղինակությունը

Սպորտ
sport-liga

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» այսօր կփորձի վերականգնել իր սասանված հեղինակությունը, որը կորցրել է անցած շաբաթվա ընթացքում՝ երկու անգամ սեփական դաշտում զիջելով «Բարսելոնային» (0:3 գավաթում, 0:1՝ առաջնությունում): «Սպիտակ բալետը» չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում սեփական մարզադաշտում ընդունելու են Ամստերդամի «Այաքսին»: Տանտերերը պատասխան հանդիպումից թեթեւակի առավելություն ունեն հյուրերի նկատմամբ, քանի որ առաջին խաղում հաղթանակ են տարել 2:1 հաշվով: Չնայած այդ հանգամանքին, «Ռեալին» լուրջ փորձություն է սպասվում: Նախ հանդիպմանը չի մասնակցելու թիմի ավագ Սերխիո Ռամոսը, որը որակազրկվել է դեղին քարտեր ստանալու համար: Երկրորդ, «Այաքսը» կորցնելու ոչինչ չունի եւ միանշանակ խաղալու է հաղթանակի համար: Իսկ այն, որ հոլանդացիները կարողանում են ստեղծել գոլային պահեր, ցույց տվեց թիմերի առաջին հանդիպումը: Օրվա երկրորդ խաղում Դորտմունդի «Բորուսիան» իր հարկի տակ կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթանակ են տարել անգլիացիները, հետեւաբար գերմանացի ֆուտբոլիստները նույնպես պետք է մտածեն հեղինակության վերականգման մասին: Երկու թիմերն էլ ներկայումս խաղային ճգնաժամ են ապրում: «Բորուսիան» վերջին յոթ հանդիպումներում հաղթանակ է տարել ընդամենը մեկում, իսկ «Տոտենհեմը» դորտմունդցիներին ջախջախելուց հետո այլեւս չի ճաշակել հաջողության բերկրանքը: Բուքմեյքերները երկու հանդիպումներում էլ նախապատվությունը տալիս են դաշտի տերերին: «Ռեալի» հաղթանակը դրանք գնահատել են 1,65 գործակցով, «Այաքսինը»՝ 5,25: «Բորուսիա» - «Տոտենհեմ» խաղում այդ հարաբերությունն այսպիսին է՝ 2,00 - 3,75: