Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրոյկա լվացքատան» միջոցով լվացվել է ավելի քան 3.5 միլիարդ եվրո. ԹԻ

Քաղաքականություն
Թրանսփերենսի

Ինչպես հայտնի է, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպությունն իր գործընկեր` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) բացահայտած նյութերի հիման վրա բազմիցս հանդես է եկել փողերի լվացման միջազգային սխեմաների դեմ մամուլի հաղորդագրություններով: Հերթական բացահայտումը վերաբերում է «Տրոյկա լվացքատանը», որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը: «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և գործընկեր լրատվամիջոցների կողմից «Տրոյկա լվացքատան» վերաբերյալ այսօր հրապարակած  բացահայտումները վեր են հանել Եվրոպայում փողերի լվացման դեմ գործող համակարգերի աչք ծակող թերությունները և հիմք են տալիս ներկայացնելու պահանջ՝ ստեղծել ԵՄ փողերի լվացման նկատմամբ վերահսկող մարմին», -  ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության մամուլի հաղորդագրությունում: «Եվրոպայի բանկային համակարգը պետք է ծառայի որպես արգելապատնեշ և թույլ չտա Ռուսաստանի և այլ երկրների տնտեսություններից կոռումպացված փողերի դուրս բերումը: Փոխարենը շարունակաբար տեսնում ենք, թե Եվրոպայում որքան դյուրին է կոռուպցիայի, հարկերից խուսափելու կամ այլ քրեական գործունեության արդյունքում ստացված եկամուտները լվալն ու թաքցնելը»,- ասել է  Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Պատրիցիա Մորեյրան: «Բավարար է ընդամենը մեկ անանուն օֆշորային ընկերության և աչք փակելու պատրաստ մեկ կամ ավել անազնիվ բանկերի առկայությունը: Եթե բանկերն ավելի արդյունավետ վերահսկողություն չսահմանեն, ականատես կլինենք ավելի մեծ թվով այսօրինակ սկանդալների, որոնք քայքայում են ԵՄ ամբողջ բանկային համակարգը»:  «Տրոյկա լվացքատան» հետաքննությունները ցույց են տալիս, թե ինչպես է 2006-2012թթ. ռուսական «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկը գործարկել մի սխեմա Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 3 ընկերությունների մասնակցությամբ,  որոնք հիմնել են ավելի քան 35 օֆշորային կեղծ ընկերություններ և ունեցել են հաշիվներ Լիտվայի Ուկիո բանկում: Որոշ ընկերություններ գրանցված են եղել լիազորված անձանց, այդ թվում` չքավոր սեզոնային աշխատողների անունով: Լիտվայի բանկը, որը երկրի կենտրոնական բանկն է,  չի բացահայտել այս սխեման, չնայած որ նկատել էր նմանօրինակ մեխանիզմ, որի միջոցով Ուկիոյի սնանկանալու ընթացքում դուրս էին բերվում փողերը: «Տրոյկա լվացքատան» միջոցով լվացվել է ավելի քան 3.5 միլիարդ եվրո: Գործարկված սխեման կապված է կոռուպցիոն սկանդալներում, այդ թվում` Մագնիցսկու գործում, «Ռուսաստանի լվացքատան» և Շերեմետևոյի վառելիքի խարդախության մեջ ներգրավված ընկերությունների հետ: «Այս սխեմաների նպատակն է միջազգային բանկային ցանցերի միջոցով թաքցնել գումարների ծագումը: Չափազանց թույլ է պաշտպանված մուտքը դեպի եվրոպական ֆինանսական համակարգ»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի փողերի լվացման և բանկային փորձագետ Մաիրա Մարտինին: «Փողերի լվացման դեմ պայքարող ներպետական մարմինները չունեն բավարար լիազորություններ, ինչպես նաև անհրաժեշտ ռեսուրսներ՝ վաղ փուլում արդյունավետ բացահայտելու և կանխելու պոտենցիալ քրեական գործունեությունը: Մենք իմանում ենք այս դեպքերի մասին տեղեկատվական արտահոսքի և տվյալների կոտրվելու արդյունքում, հաճախ երբ այդ սխեմաներն այլևս չեն գործում»:  Աղմկահարույց սկանդալներն, ինչպիսին դանիական Դանսկե բանկի գործն է, հիմքեր են ստեղծել բարեփոխումների գնալու համար: Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ֆինանսական հանցագործությունների, հարկեր չվճարելու և հարկերից խուսափելու հարցերով (TAX3) հանձնաժողովը  կոչ է արել ԵՄ մակարդակում ստեղծել փողերի լվացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց: Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում ստեղծել ԵՄ մակարդակում գործող վերահսկողական մարմին, որը կունենա հետաքննելու կարողություններ և պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ, ինչպես նաև կապահովի՝

  • կատարելագործված տեխնիկական փորձաքննություն՝ ազգային և ԵՄ մակարդակով բացահայտելու ապօրինի ֆինանսների միջսահմանային հոսքերը,
  • տեղեկատվության ավելի արդյունավետ համակարգում և փոխանակում ներպետական կառույցների շրջանում՝ Եվրոպայում և դրա սահմաններից դուրս,
  • ընկերությունների անանուն սեփականատիրության և օֆշորային գաղտնիության «դրախտների» վերացում, ինչպես օրինակ ` Բրիտանական արտերկրյա տարածքներն են:
Տես Թրանսփարենսի Ինթերնեշնլի կայքը