Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուն Բարեկենդանյան երթը չի կայանա

Հասարակություն
unnamed-36-5

Եղանակի անբարենպաստ լինելու պատճառով Բուն Բարեկենդանի առթիվ նախապես հայտարարված երթն այսօր չի կայանա։  Սակայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի բակում' Ս. Սարգիս եկեղեցու հարեւանությամբ, ժամը 13.30-ին տեղի կունենա տոնախմբություն' Բուն Բարեկենդանի առթիվ։   Հայցում ենք ձեր ներողամտությունը' պատճառված անհարմարության համար։  Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին   Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը, որը նախորդում է քառասնօրյա Մեծ պահքին Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին, որը տևում է 48 օր` մինչև Սուրբ Հարության տոն։ Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ։ Բարեկենդան, որ բառացի նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Որպես ժողովրդական տոնախմբության օր` Բուն Բարեկենդանին, բնորոշ է կերուխում, տարբեր խաղեր՝ ձիարշավ, սրախաղ, թատերախաղ, տարբեր կենդանիների դիմակներով տոնախմբություն։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, ուտում են խաշած ձու, զերծ չեն մնում նաև քաղցրեղենից: Բուն Բարեկենդանի տոնական սեղանին նախընտրելի է տեսնել փահլավա, գաթա, հալվա: