Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի կաթիլ մեղրի պատմությունն է. Նազենի Ղարիբյանը՝ ՊՈԱԿ-ների լուծարման մասին (տեսանյութ)

Հասարակություն
nazeni-xaribyan

ՊՈԱԿ-ների փակման, լուծարման կամ վերակազմավորման  շուրջ աղմուկը, հանրային վրդովմունքը  ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին  մի կաթիլ մեղրի պատմությունն է հիշեցնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ սա սխալ բառերի ընտրության, հակասական ու կցկտուր տեղեկությունների հետևանք է, որ հայտնվում են մամուլում, հեռուստատեսությունում և անիմաստ մեկնաբանությունների տեղիք տալիս: «Վերջին անակնկալն այն էր, որ ես իբրև թե ասել եմ, որ ստորագրել եմ ՊՈԱԿ-ների փակման, լուծարման, կամ վերակազմավորման  փաստաթուղթը, որը դրվելու է կառավարության սեղանին, մարտի հինգին: Ոչ»,- ասում է տիկին Ղարիբյանը: Նրա խոսքով, սա ընդամենը համակարգի ներքին օգտագործման սևագիր տեղեկանք է: Ինչպես յուրաքանչյուր լրագրողի հոդված, որ ունի սևագիր, որն այնուհետ խմբագրվում է , միգուցե և փոփոխվում, կամ հստակեցվում, և նոր միայն հանձնվում հանրության դատին, այնպես և այս ներքին փաստաթուղթը, որն ընդամենը  կառավարական հանձնարարական է՝  միտված վերլուծելու ՊՈԱԿ-ների գոծունեության դաշտը օպտիմալացման համար՝ այսինքն ոչ թե կրճատման, փակման, այլ առավել արդյունավետ գործառույթների կազմակերպման համար, հայտնվել է մամուլում:  «Հավատացնում եմ՝ որևէ ՊՈԱԿ-ի լուծարման, փակման մասին խոսք լինել կարող է միայն այն դեպքում, եթե ունենանք այլընտրանքային առաջարկներ: Անհնար է, որ ասենք՝ փակում ենք, գնացեք ու ինչ ուզում եք՝ արեք», - ասաց տիկին Ղարիբյանը: Նա վստահ է, որ առաջին հերթին պետք է կարգավորել օրենսդրական դաշտը: Իսկ թե ինչո՞ւ ՊՈԱԿ-ների տնօրեններին տեղյակ չեն պահել հարցին, պատասխանեց. «Սա նույնն է, որ որևէ թատրոնի տնօրենին ասեմ՝ նոր ներկայացում եք բեմադրում, ինչու առաջին փորձին ինձ չեք կանչում, ես գալու եմ նստեմ դահլիճում ու տեսնեմ, ինչպես եք կազմակերպում կամ խառնվեմ ու որևէ հանձնարարական տամ»: Նաև հայտնեց, որ Մշակույթի նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ների տնօրեններին մարտի 4-ին հանդիպում-քննարկման է հրավիրել: