Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կախարդական սրինգ»-ը կկախարդի երեւանյան հանդիսատեսին (տեսանյութ)

Մշակույթ
00010.MTS_snapshot_00.00_2019.02.23_15.11.44

  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  գլխավոր փորձ էր՝  պրեմիերայից  առաջ։ Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Տոմսերն ամբողջովին սպառված են։ «Մենք սովոր ենք, որ եթե օպերա, ապա  պետք է լինի ողբերգություն, մեկը պետք է մահանա, սոպրանոն սիրի տենորին, բարիտոնը սպանի տենորին, իսկ սոպրանոն ողբա, - կատակում է   օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանն ու շարունակում,- Ոչ, սա լուսավոր ներկայացում է, և չնայած իր մեջ կրում է բարու և չարի լուրջ փիլիսոփայությունը, փոխանցում է այն հասանելի լեզվով: Սա ներկայացում է, որ նույնիսկ երեխաները  հաճույքով կգան դիտելու» ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ ռեժիսոր Պաոլո Միչիկեի բեմադրած Մոցարտի «Կախարդական սրինգը» անցյալ տարի  արդեն ներկայացվել է  Դուբայում և Քուվեյթում։ «Դուբայում երեք ներկայացում խաղացինք: Մեծ հաջողություն ունեցավ, նույնն էլ Քուվեյթում,-ասում է բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանը,- Ի դեպ, «Կախարդական սրինգը»  Քուվեյթի Ազգային օպերային թատրոնում բեմադրված առաջին լիարժեք օպերան է, որը ոսկե տառերով կգրվի մեր և նրանց պատմության մեջ»: Նրա խոսքով, երևանյան բեմում Մոցարտի օպերաներից միայն «Դոն Ժուանն» է բեմադրվել,   ու շնորհիվ մաեստրո Օրբելյանի արդեն ունենք այս գեղեցիկ, վառ ներկայացումը: Մոցարտի թվացյալ թեթև ընկալելի, հրավառություն հիշեցնող օպերաները, բեմադրական իրենց դժվարություններն ունեն: Նրա օպերաներում անցողիկ դերերգեր չկան, և բոլոր դերերգերն էլ պահանջում են բարձր երգարվեստ:    Մաեստրո Օրբելյանը հայտնեց, որ հաջորդ նոր բեմադրությունը Ռոսիննիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերան է լինելու, և այն իրեն երկար սպասել չի տա:    Օպերայի պատմությունից Ավստրիացի կոմպոզիտոր Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» երկու գործողությամբ օպերան գրվել է Վիեննայի «Աուֆ դեր Վիդեն» թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերի պատվերով`   նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետոյի հիման վրա: Օպերան առաջին անգամ հանրության դատին է ներկայացվել 1791 թվականին և համարվում է կոմպոզիտորի լավագույն օպերաներից մեկը։ Ներկայումս ընդգրկված է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկերում, բազմիցս ձայնագրվել և թողարկվել է ձայնապնակների ու ձայնասկավառակների վրա։