Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղաբլիթ ուտե՞լ, թե՞ չուտել

Հասարակություն
axablit

Առաջնորդանիստ  Սուրբ Սարգիս եկեղեցի մտնող աղջիկը հետաքրքրվում է՝ այստեղ աղաբլիթ չե՞ն  բաժանում։  Բացասական պատասխան ստանալով՝  դուրս է  գալիս բակից  գնելու այն աղաբլիթը, որը պիտի ուտի՝ հույսով, որ  ապագա ընտրյալն իրեն ջուր է տալու երազում։ Անմիջապես նրան շրջապատում են  աղաբլիթ  վաճառողները՝  իրար հերթ չտալով գովելով իրենց ապրանքը։ Մեկը՝  թե օրհնված է  աղաբլիթը, մյուսը՝ թե  ծարավեցնող է։ Մյուսն էլ շտապում է աղջկան համոզել՝ աղաբլիթից բացի  գնել ձնծաղիկների փունջը։ Կախված փաթեթավորումից՝   աղաբլիթները վաճառվում են 100-200 դրամով։    Իսկ դուք  Ձեր  ընտրյալին երազում տեսե՞լ եք՝  հարցնում ենք վաճառողուհիներից մեկին։  Աղաբլիթ բաժանող 60-ին մոտ կինը խոստովանում է՝ ինքը  չէ, բայց, այ  իր  աղջիկը  երազ տեսել  է, սակայն էլի ոչ ընտրյալին, այլ այն թաղամասը, որտեղ տարիներ անց հարս է  գնացել։  Երբ  եկեղեցու  մոտ   հայտնվում են  աղաբլիթով սկուտեղները, նշանակում է՝ հաջորդ օրը   Հայ Առաքելական եկեղեցին  նշում է  Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը։   Երիտասարդներից  շատ քչերը  գիտեն տոնի իրական խորհուրդը, այն է՝   Սարգիս զորավարը գլխատվել է քրիստոնեությունից չհրաժարվելու  համար։  Բայց գրեթե բոլորը գիտեն, որ տոնին աղաբլիթ ուտելը երազում սիրելիին տեսնելու  հնարավորություն է։ Նախկինում նույնիսկ երազում տեսած   ջրի քանակով են  կանխատեսումներ արել՝  փորձելով  գուշակել ապագա փեսացուի կամ հարսնացուի հետ ապրելու տարիների տևողությունը: Եթե, օրինակ՝ բաժակը լիքն էր, ապա շատ երկար պիտի ապրեին, եթե կիսատ էր` կյանքի կեսը, իսկ եթե շատ քիչ էր` ընդամենը մի քանի տարի: Արդեն 13 տարի է՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ  Սուրբ Սարգսի տոնը  հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:  Չնայած  աղաբլիթը վաճառվում է եկեղեցու  բակում, այն եկեղեցական տոնի հետ կապ չունի։  Ասում են՝ կարեւորը հավատն է՝  եւ եթե  մոռացել եք աղաբլիթ պատրաստել կամ գնել, ապա բարեխոսեք Սուրբ Սարգսին՝ աղոթքով։   Իսկ առավոտյան դուք կլինեք երկու ճակատներից  մեկում՝  կամ  Սուրբ Սարգսի բարեխոսությամբ ձեր ընտրյալին երազում տեսածի, կամ էլ  հիասթափվածի, որ Ձեզ ջուր տվող չեղավ։ Անկախ  գիշերվա երազից՝  փետրվարի 16-ը ձեր տոնն է, եթե  դուք հավատում  եք  Սիրո մեծ ուժին։