Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

էներգետիկ ոլորտի վերաբերյալ անորոշություններ կառավարության ծրագրում

Տնտեսություն
hrant-margaryan

Համառոտ անդրադառնանք այօսր ընդունված կառավարության  ծրագրի էներգետիկայի զարգացմանը վերաբերող հատվածին, հատկապես, որ այնտեղ առկա են որոշակի անորոշություններ։ Խոսվում է Հայաստանի Հանրապետության միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մշակման մասին՝ հաշվի առնելով հանրապետության էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակի պահպանման, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառի գիտելիքահենք ուղղության կարեւորությունը։ Մյուս կողմից ծրագրում ընդգծվում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմները եւ թողունակությունը գնահատելով՝ կիրականացվեն արեւային համակարգային կայանների մրցութային եղանակով կառուցման ծրագրեր` մինչեւ 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում այդ կայանների կշիռը հասցնելով առնվազն 10 տոկոսի (այսօր դրա մասնաբաժինը 1%-ից էլ պակաս է): Հատուկ ընդգծենք, որ Հայաստանի էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը եւ ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ ու սրան զուգահեռ Հայաստանը չունի էլեկտրաէներգիայի արտահանման լայն շուկա։ Տարիներ շարունակ խոսվում է Վրաստան-Հայաստան-Իրան 400կՎ լարման նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին, որի ավարտի ժամկետը նորից ու նորից երկարաձգվում է։ Սակայն, նույնիսկ, եթե հաղորդման գիծը կառուցվի, Հասատանը դեռեւս չի ունենա արտահանման իրական հնարավորություններ, մեր էլեկտրաէներգիայի սակագնի անհամեմատ թանկ լինելու պատճառով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Դրա հետ մեկտեղ, եթե պատկերացնենք, որ կկառուցվի նոր ատոմակայան, որի արտադրանքի ինքնարժեքը կլինի բարձր՝ մեծ ներդրումների պատճառով եւ եթե կառուցվեն մեծ ծավալների արեւային կայաններ, որոնց ինքնարժեքը նույնպես բարձր է (2016թ․ նախարարության կողմից հայտարարված մրցույթում 40դրամ/կՎտժ-ից ավելի), ու զուգահեռ արդեն իսկ ընթանում են «Երեւան ՋԷԿ»-ի հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները՝ հարց է առաջանում, թե ի՞նչ է անելու Հայաստանն այդքան ծավալի թանկ էլեկտրաէներգիան նաեւ այն պարագայում, երբ վերջին տարիներին նույնիսկ ներքին տարեկան սպառումը աճի միտում չունի եւ երբեմն արձանագրվում են սպառման անկումներ։ Այնինչ, էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ են ոչ թե այս ծավալի նոր հզորություններ, այլ  ընդամենը պետք է տնտեսական հավասարակշռված ու ճշգրիտ զարգացման միջոցով ապահովել էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճ, որը թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Խնդիրը սպառման մեջ է, ապահովեք տնտեսական զարգացում, եւ էլեկտրաէներգիայի գինը հնարավոր կլինի նվազեցնել։ Էլեկտրաէներգիայի բարձր սպառման, այսինքն արտադրող կայանների մշտական աշխատանքի դեպքում է հնարավոր կրճատել էլեկտրաէներգիայի սակագինը, որը արտադրանքը կդարձնի մրցունակ եւ կխթանի արտահանումը տարածաշրջանի երկրներ։   Հրանտ Մարգարյան Տնտեսագիտության թեկնածու․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»