Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնական բանկը՝ ամենուր գովազդվող «վարկերի» մասին

Պաշտոնական
vark

Վերջին շրջանում ԶԼՄ-երով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից: Այս կապակցությամբ, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությունը՝ Կենտրոնական բանկը տեղեկացնում է.

  1. Նման կազմակերպությունները (անհատները) իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն և շատ հաճախ չեն մատուցում խոստացված ծառայությունը, նրանց հայտնի են դառնում վարկառուի անձնական տվյալները: Վարկառուի համար շահեկան է անմիջապես և ինքնուրույն դիմել վարկ տրամադրող կազմակերպություններին:
  2. ՀՀ-ում վարկեր կարող են տրամադրել և դրանց տրամադրման առաջարկով հանդես գալ միայն ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները:
  3. ԿԲ կողմից լիցենզավորված վարկ տրամադրող կազմակերպությունները ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքում և իրենց մասնաճյուղային ցանցի միջոցով հնարավորություն են տալիս ստանալ վարկ՝ առաջարկվող պահանջներին բավարարման դեպքում: Բազմաթիվ վարկատու կազմակերպություններ առաջարկում են նաև «օն-լայն» վարկեր:
  4. Դիմելով անմիջապես լիցենզավորված կազմակերպություններին, հնարավոր է խուսափել խարդախությունների զոհ դառնալուց, ստանալ պահանջներին բավարարող ծառայություններ, լիարժեք տեղեկատվություն վարկի, վարկառուի իրավունքների և պարտականությունների մասին:
  5. Վարկի տեսակների, դրանց տրամադրման գործընթացների, տոկոսադրույքների, դրանց տեսակների մասին տեղեկանալու և այլ օգտակար խորհուրդներ ստանալու նպատակով կարելի է այցելել ԿԲ-ի abcfinance.am կայք:
  6. Վարկ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ ԿԲ պաշտոնական կայքից՝ cba.am:
  7. Վերջիններիս կողմից առաջարկվող վարկերի պայմանները կարող եք համեմատել՝ այցելելով fininfo.am ֆինանսական տեղեկատու համակարգ:
  Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ կազմակերպությունների (անհատների) կողմից մատուցվող ծառայություններից և վարկեր ստանալու համար դիմել միայն լիցենզավորված, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպություններին, իսկ տուժած սպառողներին՝ անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:       ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն