Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մովսեսի անունը պատահական չէր. Պարույր Հայրիկյան

Հարցազրույց
a3bf7fe91a34efbe8bc085a1684b3af9

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նրան գրավոր մի քանի հարց էինք  տվել Հայաստանի ազգային հերոս Մովսես   Գորգիսյանի մասին։ -Ինչպե՞ս եղավ Մովսես Գորգիսյանի մուտքը Ազգային ինքնորոշում միավորում: - Մովսէս Գորգիսեանը ԱԻՄ 5 հիմնադիրներից մէկն է, հետեւաբար նրա վերաբերեալ տեղին չի լինի ԱԻՄ մուտք գործելու մասին խօսել։ Երբ մօտ 18-ամեայ բանտ ու աքսորից յետոյ ես 1987 թ.-ի օգոստոսին վերադարձայ Հայաստան, արդէն պայմանաւորուածութիւն ունէինք, որ ԱՄԿ-ն ընդհատակից հանելու ենք եւ ստեղծելու յանուն անկախութեան բացայայտ պայքարող կազմակերպութիւն։ Հին՝ ԱՄԿ-ական ընկերներիցս հրապարակաւ աշխատելու պատրաստ էին միայն Ռազմիկ Մարկոսեանը եւ Սուսաննա Աւագեանը։ Մինչ այդ նրանք ինձ ծանօթացրել էին համեմատաբար ուշ ԱՄԿ-ի գաղափարներն ընդունած, բայց բացայայտ պայքարի պատրաստ ԵՐՊԻ դասախօս Մեխակ Գաբրիէլեանի եւ դերասան-բեմադրիչ Մովսէս Գորգիսեանի հետ։ Հենց այդ հինգն էլ եղան հայ անկախականների կազմակերպութեան հիմնադիր անդամները։ ԱԻՄ-ը ստեղծուեց կամ ԱՄԿ-ն ընդհատակից դուրս եկաւ 1987 թ․-ի սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին արդէն սկսեցինք հրատարակել նաեւ «Անկախութիւն» շաբաթաթերթը։ - 1988-ին, երբ դուք արտաքսվել էիք, ԱԻՄ-ը փաստացի ղեկավարում էր Գորգիսյանը: Ինչպե՞ս կգնահատեք նրա ղեկավարումը: Յանուն ճշմարտութեան պիտի նշեմ, որ Սովսէսը հիմնական գործող դէմքն էր իմ արտաքսումից յետոյ, սակայն պատուաւոր նախագահն էր դոկտոր-պրոֆեսոր Վարագ Առաքելեանը, իսկ ԱԻՄ-ի կազմում շատ գործիչներ կային, այդ թւում նաեւ նախկին քաղկալանաւորներից։ Պարզապէս անուրանալի է, որ գործնականութեան եւ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ գաղափարն ընկալելու եւ մատուցելու տեսակէտից Սովսէսն անմրցելի էր։ Նա իմ ամենավստահելի եւ անդաւաճան մարդկանցից եռեակում էր։ Ամենակարճ ժամանակում նա թռիչքաձեւ աճ ապրեց եւ իր համար նոր՝ քաղաքական ոլորտում իր բնատուր շնորհների եւ աշխատասիրութեան արդիւնքում դարձաւ ոչ միայն ԱԻՄ-ի, այլեւ հանրութեան սիրելի գործիչներից մէկը։ -Նա 1988թ. մայիսի 28-ին առաջինը Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը: Ինչպե՞ս էր դա որոշվել։ Մայիսի 28-ին հրապարակաւ Անկախութեան 70-ամեակը նշելու որոշումը ԱԻՄ ղեկավարութիւնը ընդունել էր 1988 թ․-ի հատուկ նիստում։ Այդ նիստին մասնակցում էին արդէն Ալեքսանդր Մանուչարեանը, Ռաֆայէլ Պապայեանը, հետագայում «Ղարաբաղ» կոմիտէի անդամ Սամուէլ Գեւորգեանը, Գեւորգ Միրզոյեանը, Գեորգի Խամիզուրին եւ շատ ուրիշներ։ Մենք տարոայ գործողութիւնների ծրագիր էինք մշակել՝ Փետրուարի 18՝ հաւաք Գառնիում, փերուարի 20՝ բնապահպանական հանրահաւաք Ազատութեան հրապարակում (Արցախեան իրադարձութիւնների հետ կապուած բովանդակութիւնը փոխեցինք), Մարտի 8-ին բնապահպանական ցոյց, Ապրիլի 24-ին՝ ցեղասպանութիւնը որպէս ինքնորոշման ժխտում՝ հանրահաւաք։ Մայիսի 28-ը հրապարակաւ նշելու գաղափարի հեղինակը այդ ժամանակ ԱՆկախութիւն թերթի խմբագիր Ռաֆայէլ Համբարձումեանն էր, իսկ բուն Մայիսի 28-ին, երբ յայտնի ուժերը փորձել էին օգտագործել «ԵՌԱԳՈՅՆԸ ԿԸԽԱՆԳԱՐԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՆ» կեղծ կարգախօսը, իրեն փայլուն էր դրսեւորել Սովսէս Գորգիսեանը։ Նա կարողացել էր իր բեմադրիչի ունակութիւնները լաւագոյնս օգտագործելով յաղթահարել դժուարութիւնները եւ նախապէս ծրագրուած ԲԱԶՈՒՄ ԵՌԱԳՈՅՆՆԵՐՈՎ միջոցառմանը բարեյաջող ընթացք տալ։ Այդ օրը ելոյթներ էին ունեցել նաեւ Վարագ Առաքելեանն ու Ռաֆայէլ Իշխանեանը, սակայն Մովսէսի խօսքն ու կեցուածքն էր եղել վճռորոշը։ Այդ պատճառով էլ ԱԻՄ-ի այդ պատմական միջոցառումը անմիջականօրէն կապւում է Մովսէս Գորգիսեանի անուան հետ։ - Ի՞նչ հատկանիշներ ուներ նա, որ միանգամից լիդեր դարձավ: Աստուած նրան օժտել առաջնորդ դառնալու բոլոր հատկանիշներով՝ խիզախութիւն, ստեղծագործական միտք, աշխատասիրութիւն, խորին յարգանք մեծերի նկատմամբ, անմնացորդ սէր եւ նուիրուածութիւն ազգին, ընկերներին, ընդհանրապէս մարդկանց։ Բացառիկ էր իր տրամաբանութեամբ ու հռետորական շնորհով։ Դրանց զուգահեռ նա նաեւ անձնական հմայք ունէր․ նուրբ զաւեշտի խորը զգացողութիւն, բայց ամենակարեւորը բացառիկ կազմակերպական շնորհով էր օժտուած։ -Իր խմբագրած «Հայրենիք»  հանդեսը ի՞նչ նշանակություն ունեցավ: «Հայրենիքի» խմբագրումը նախապէս որոշուած էր վստահել Ռաֆայէլ Պապայեանին (յետագայում Սահմանադրական դատարանի անդամ)։ Ռաֆայէլը պատրաստ էր ողջ սեւ գործն անել, բայց ինչ-որ հանգամանքների պատճառով չէր կարող հրապարակաւ ներկայանալ որպէս ԱԻՄ տեսական հանդէսի խմբագիր։ Այդտեղ դիմեցի Մովսէսին։ Պատասխանեց, որ ինքն այդ մասնագիտութեանը չի տիրապետում, սակայն եթէ գործին պէտք է, կանի առաւելագոյնը։ Եւ արեց բոլորիս համար անսպասելին։ Երկու ամսում նախկին բեմադրիչը արդէն կատարեալ խմբագիր էր ու մի ողջ սերնդի հասունացման հիմնական դէմքերից մէկը դարձաւ։ - Ո՞վ էր Մովսես Գորգիսյանը քաղաքականությունից դուրս: Նախ եւ առաջ պիտի ընդունենք, որ նա Աստուածատուր անհատ էր եւ պատահական չէր իր Աստուածաշնչական անունն իսկ։ Նրան ազգայի հերոսի կոչում է շնորհուած ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԿ ջոկատի հիմնադրման համար, բայց դա նրա մեծ առաքելութեան մի չնչին մասն է։ Քաղաքականութիւնից՝ ազգային պայքարից դուրս շատ շփուելու առիթ չեմ ունեցել, բայց այն ինչ տեսել եւ իմացել եմ, բաւարար է ասելու, որ նա որպէս մարդ, ամուսին, ընկեր, զաւակ օրինակելի եւ երանելի անձնաւորութիւն էր։ Ազգային հարստութիւն լինելուն զուգահեռ նա իրեն ճանաչող մարդկանց հարստութիւնն էր՝ յոյսը, սերը, հաւատը, ուրախութիւնն ու ուժը