Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ենոքավանցիները դժգոհում են անբարեխիղճ պայմաններից

Հասարակություն
enoqavan

Մի խումբ ենոքավանցիներ և հ/կ-ներ դիմել են ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարի, ՀՀ էներգետիկ և ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի, Բնապահպանության նախարարի պաշտոնակատարներին, ՊԵԿ նախագահին, ՏՄՊՊՀ նախագահին, սննդամթերքի անվտնագության ծառայության ղեկավարին, «Հայանտառի» տնօրենին։                                

Դիմում

ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին

 

Մենք՝ ՀՀ բնության պահպանության, սոցիալական արդարության, տնտեսական ազատ մրցակցության ապահովման, հարկային պարտավորությունների պատշաճ կատարման, բնական պաշարների օրինական և ողջամիտ օգտագործման, բնական միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխման և վերացման ու Հայաստանում օրինականության համար պայքարող Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, ներքոհիշյալ նախաձեռնությունների անդամներս, վերոգրյալ նպատակով համագործակցելով մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, մշտադիտարկման, համապատասխան հարցումներ կատարելու և այլ եղանակներով ու մեթոդներով Տավուշի մարզի Ենոքավան համայնքի և համայնքին հարակից տարածքներում կատարելով խորն ուսումնասիրություններ, ի հայտ ենք բերել ներքոհիշյալ խախտումները, որոնք Ձեր ղեկավարած կառույցների լիազորությունների շրջանակներում և օրենքի ուժով ենթակա են համապատասխան իրավական գնահատականների.
  1. «Ապագա Տուր» ՍՊ ընկերության /Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ գրանցման համար՝ 67.110.00806/2005-02-17, ՀՎՀՀ 07613354/, «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊ ընկերության /Ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների՝ գրանցման համար՝ 67.110.867102/2015-07-31, ՀՎՀՀ 07618289/ գործունեությունը գրանցված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում և այդ ընկերությունները վարձակալական և այլ հիմունքներով օգտագործում են անտառային և համայնքային նշանակության մի շարք հողեր, սակայն համադրելով այդ ընկերությունների կողմից փաստացի օգտագործվող հողերն Ենոքավան համայնքի, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության և համացանցային քարտեզային տվյալների հետ, ինչպես նաև տեղում դիտարկելով այդ ընկերությունների կողմից պարսպապատված և օգտագործվող հողային տարածքները, պարզվել է, որ նշված ընկերություններն օրենքով իրենց կողմից տնօրինվող տարածքների սահմաններից ակնհայտ դուրս են եկել և մի քանի տարի ապօրինի զավթել ու օգտագործում են համայնքային և անտառային նշանակության հողեր:
  2. «Ապագա Տուր» և «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊ ընկերություններն առանց ջրօգտագործման թույլտվության և ջրօգտագործմանը վերաբերող իրավական նորմերի և նախագծերի, անտեսելով Ենոքավան համայնքի ջրօգտագործողների իրավունքները, տարիներ շարունակ ապօրինաբար օգտագործել և օգտագործում է Ենոքավան համայնքը սնուցող և այդ համայնքի բնակիչների կողմից օգտագործվող ջրագիծը, ինչի արդյունքում, հատկապես ամռան ամիսներին Ենոքավան համայնքում առաջանում է ջրի խնդիր, որի պատճառով այդ համայնքի մի շարք բնակիչներ ստիպված են այլընտրանքային եղանակներով ապահովել ջրի քանակություն /տներում և բակերում տեղադրել են տարբեր տարողության բաքեր և այլն/: Հատկանշական է, որ Ենոքավան համայնքի մի խումբ բնակիչներ նշված խնդրի վերաբերյալ 2018թ. դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն վերոգրյալ ապօրինությունը շարունակվում է:
  3. «Ապագա Տուր» ՍՊ ընկերությունը, համարվելով սննդամթերքի պատրաստման, մանրածախ առևտրի ու հանրային սննդի բնագավառներում ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտ, չի պահպանում պետական հիգիենիկ և սննդամթերքի որակի և անվտանգության, ինչպես նաև դրա պատրաստման և <<Սննդամթերքի անվտանգության մասին>> ՀՀ օրենքով սահմանված նորմերը, մասնավորապես՝ ընկերությունում օգտագործվող խոզի, տավարի մսամթերքն ունի օրենքով չթույլատրված ծագումնաբանություն /խոզի, տավարի մսամթերքի գնումն ու օգտագործումը, առանց համապատասխան լիազոր մարմնի ստուգման, կատարվել և կատարվում է տեղի բնակիչներից կամ մսամթերքն օգտագործվում է սեփական միջոցներով բուծվող կենդանիների սպանդի միջոցով/: Նշված ընկերության՝ սննդի ոլորտում աշխատող աշխատակիցները չունեն համապատասխան սանիտարական գրքույկներ, չեն պահպանում անձնական հիգիենայի կանոնները և չեն կրում համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանիչ հագուստներ: Նշված ընկերության տարածքում, հատկապես՝ ընկերության խոհանոցում, չեն պահպանվում սննդամթերքի անվտանգությունն ապահովող միջոցներ: Այս առումով նաև հատկանշական է այն, որ ընկերության տարածքում, առանց սանիտարական կանոնների պահպանման, իրականացվում է անասնապահություն և ձիաբուծություն /օրինակ՝ տարածքում գոմաղբի կուտակում, կոյուղաջրերի արտահոսք և այլն/ ու ընկերության տարածքում գործող՝ սննդի պատրաստման օբյեկտում կրծողների մուտքը կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելը, աշխատակիցների կողմից անձնական հիգիենայի կանոնները չպահպանելը և վերոգրյալ մյուս խախտումները, կրելով պարբերական բնույթ, սննդամթերքի անվտանգության և սանիտարական վիճակի ոլորտում, հատկապես ամռան ամիսներին, սպառողների շրջանում կարող են առաջացնել անցանկալի լուրջ հետևանքներ:
  4. Մատուցվող ծառայությունների համար «Ապագա Տուր» և «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊ ընկերությունների համապատասխան աշխատակիցներն ընտրողաբար և սեփական հայեցողությամբ են քաղաքացիներին ՀԴՄ կտրոններ տրամադրում կամ ընդհանրապես չեն տրամադրում: Հատկապես՝ սննդի վաճառքի, ընկերության տարբեր ավտոմեքենաներով քաղաքացիներին զբոսանքի տանելու համար գանձվող գումարների համար ՀԴՄ կտրոններ կամ չեն տրամադրվում կամ դրանք տրամադրվում են աշխատակիցների սեփական հայեցողությամբ:
  5. «Ապագա Տուր» ընկերությունն ընկերության կարիքների համար բնափայտի ձեռբերում կատարել և կատարում է դրա վաճառքով զբաղվող այնպիսի անձանցից, ովքեր որպես հարկատու գրանցված չեն պետական լիազոր մարմնում և փայտանյութ են ձեռք բերում ապօրինի ճանապարհներով:
  6. «Ապագա Տուր» ՍՊ ընկերության տարածքում, հատկապես ամռանը և օրվա գիշերային՝ օրենքով չթույլատրվող ժամերին, կատարվում են հրավառություններ, ինչը խաթարում է ընկերությանը հարակից գործող «Ալանդ Ռեզորթ» ՍՊ ընկերությունում գտնվող հյուրերի հանգիստը:
  7. «Ապագա Տուր» և «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊ ընկերություններն հակամրցակցային անբարեխիղճ և մոնոպոլ դիրք են ստեղծել տվյալ տարածաշրջանում նմանատիպ տնտեսական գործունեություն իրականացնող և գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող տնտեսվարողների և ֆիզիկական անձանց համար, ինչը մասնավորապես դրսևորվել է նրանում, որ «Ապագա Տուր» ՍՊ ընկեության տնօրեն Արտակ Չիբուխչյանը 2018-2019թթ. Ենոքավան համայնքի բնակիչների շրջանում իր հրապարակային ելույթներով, ինչպես նաև այդ ընկերությունները <<Հայանտառ>> ՊՈԱ կազմակերպությանն ու այլ պետական մարմիններին հասցեագրված գրություններով օրենքից չբխող և անհիմն պատճառաբանություններ պարունակող առաջարկներ են ներկայացրել ձեռնպահ մնալ իրենց ընկերություններին հարակից տարածքները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելուց:
  8. Նշված ընկերությունները, օգտագործելով «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության լիազորության ներքո գտնվող անտառային ֆոնդի տարածքները, չեն իրականացնում անտառային հողերի բարելավմանն ուղղված միջոցառումներ, իրենց օգտագործման ներքո գտնվող անտառային տարածքներում, այդ ընկերությունների կարիքների համար կատարում են անտառահատումներ, վատթարացնում են անտառային հողերի և բուսածածկի որակական բնութագրերը, բնապահպանական վիճակը, և առանց օրենքով սահմանված՝ անտառօգտագործման ժամանակացույցի, տարեկան հաշվետվություններ չեն ներկայացնում պետական լիազոր մարմնին:
Հաշվի առնելով վերոգրյալում նշված հանգամանքներն ու տվյալները՝ խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և կատարված աշխատանքների արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը:   Դիմողներ՝ 1.Ենոքավան համայնքի բնակիչներ, 2.«Կանաչ Հայաստան» նախաձեռնության անդամներ, 3.«Օրինապաշտ քաղաքացի» նախաձեռնության անդամներ, 4.Բնապահպան ակտիվիստներ