Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի թիմն ավելի մոբիլիզացված է. Մովսես Դեմիրճյան

Հարցազրույց
demi8chyan

Հարցազրույց փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանի հետ -Պարո՛ն Դեմիրճյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ Ձեզ, վաղաժա՞մ էին, թե՞ անհրաժեշտությունից էր բխում, իրավիճակն էր թելադրում նոր ընտրությունների կազմակերպումը։ -Բնական է, որ իշխանությունն իր դիրքերը տարբեր ոլորտներում, տարբեր թևերում ամրապնդելու համար ուզում է  նաև Ազգային ժողովում գրավել մեծամասնություն։ Շատ բնական է իշխանության համար։ Քաղաքական մի շարք ուժեր, այսպես ասած, դժգոհություն հայտնեցին, որ ժամանակ չի մնացել ընտրություններին պատրաստվելու համար։ Դա ինչ-որ տեղ հասկանալի է, մյուս կողմից էլ՝ իրականում քաղաքական ուժերը պետք է Հայաստանի կարգավիճակում գտնվող երկրում ապրեն ու աշխատեն ճգնաժամային ռեժիմով, մոբիլիզացիոն ռեժիմով և միշտ պատրաստ լինեն ընտրություններին։ Այս իմաստով, երևի թե, վարչապետի գլխավորած քաղաքական թիմը ավելի մոբիլիզացված է, քան՝ մյուս քաղաքական ուժերը։ Ինչն էլ, գուցե և, ընտրությունների արդյունքով կհաստատվի։ Ըստ էության Հայաստանը դեռ ապրում է հեղափոխության պորցեսներ ու դեռ ապրելու է։ Ենթադրում եմ, երբ որ իրենք ժամանակին ասեցին, որ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականին, և մինչ այդ փոփոխություն արված կլինի Ընտրական օրենսգրքում և մինչ այն պահը, երբ որոշվեց ընտրություններն անցկացնել այս տարի, այդ  ընթացքում քաղաքական ներքին կամ արտաքին ինչ-որ բան է տեղի ունեցել, որը նրանց դրդել է ընտրություներն արագ կազմակերպել։ Այս պահին չեմ կարող ասել ինչ, բայց ենթադրում եմ, որ իրենք դրա համար լուրջ պատճառներ ունեցել են։ -Քաղաքական ուժերի միջև գաղափարակա՞ն պայքար կլինի, թե՞ յուրաքանչյուրն իր կայուն ընտրազանգվածի վրա հիմնվելով՝ կգնա ընտրությունների։ -Հայաստանում գաղափարական պայքար Ազգային ժողովի ընտրություններից առաջ չեմ նկատել գոնե վերջին մի քանի ընտրություններին։ Գաղափարական պայքար այդքան էլ չի լինելու, որովհետև այս անգամ ընտրությունը որոշակի տարբերություն ունի նախորդ խորհրդարանական ընտրություններից։ Եթե նախորդի ժամանակ բոլորը ձգտում էին լինել իշխանություն, այսօր բոլորը ձգտում են լինել ընդդիմություն․ընդդիմություն այսօր գործող իշխանությանը։ Սա հետաքրքիր երևույթ է, որովհետև, կարծես թե, խորհրդարանում այդ ընդդիմադիր կերպարը կամ դիրքն է դարձել գրավիչ քաղաքական ուժերի համար, որովհետև նաև իշխանության տեղը զբաղված է արդեն։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ կուսակցությունները լայն իմաստով նոր օրակարգ չունեն հանրությանն առաջադրելու։ Որովհետև այն ամենը, որ կուսակցությունները ինչքան լավ բան ասում էին, այսօր այդ բոլորի մարմնավորումը գործող իշխանությունն է։ Իրականում այսօր ընտրություններին մասնակցող կուսակցությունների միակ բանը, որ կարող են առաջարկել կամ ընդդիմություն լինելն է, կամ իրենք գնում են Ազգային ժողով գործող իշխանություններին սատարելու համար։ Լայն իմաստով քաղաքական նոր օրակարգ չկա։ Կուսակցություններն իհարկե փորձելու են ստանալ ավանդաբար իրենց ընտրող մարդկանց ձայները, բայց այս ընտրություններին մասնակցողները հիմնականում ընտրելու են ոչ թե այն կուսակցությունը, որ միշտ ընտրել են, այլ այն, որն ավելի քիչ չեն հավանում։ -Ո՞ւմ եք պատկերացնում իրական ընդդիմություն։ Ո՞ր քաղաքական ուժը կարող է լինել ընդդիմություն, որ ցույց կտա իշխանության թերությունները և վերջինները ցույց տալով՝ մասնակցություն կունենա պետության ղեկավարման ու զարգացման գործում։ -Քանի որ մենք Հայաստանում ունենք ինստիտուցիոնալ ճգնաժամ, ինչը նշանակում է, որ մեր մոտ սոցիալական կառույցները չեն կատարում իրենց ֆունկցիաները, և վերջինները կատարվում են իրականում կառույցներից դուրս։ Օրինակ՝ Հայաստանում կրթությունը տրվում է ոչ այնքան կրթական հաստատություններում, որքան կրթական հաստատություններից դուրս․մասնավոր պարապմունքների, փորձագիտական հանդիպումների միջոցով և այլն։ Այդ նույն տրամաբանությամբ Հայաստանում լավագույն ընդդիմությունը կարող է լինել հասարակությունը։ Ազգային ժողովը չէ այն տեղը, որտեղ մեր պարագայում հնարավոր է լինի ամենալավ ընդդիմությունը։ Ապրիլ-մայիսյան դեպքերի ժամանակ լայն հասարակությունը ցույց տվեց, որ ինքը լավագույն ընդդիմությունն է, չնայած ԱԺ-ում իրենց ընդդիմություն հայտարարող մի քանի կուսակցություններ կային, բայց ժողովրդական շարժմանը միացան ընթացքում։ Նույն տրամաբանությամբ այսօր էլ կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններով ձևավորված իշխանությանը լավագույն և ամենաարդյունավետ ընդդիմությունը լինելու է հասարակությունը կամ դրա ամենաակտիվ հատվածը․ենթադրենք քաղաքացիական հասարակությունը։ -Շարմազանովի պնդմամբ՝ իրական ընդդիմություն կարող է լինել ՀՀԿ-ն։ Հանրապետականը կարո՞ղ է հավակնել ընդդիմություն լինելու համար։ -Հավակնություններ կարող է ունենալ, բայց լինել ընդդիմություն և լինել քննադատող, դրանք տարբեր բաներ են։ Ես չեմ կարծում, որ մենք Հայաստանում ունենք և մոտակա ժամանակներս կունենանանք լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ։ Հանրային ընդդիմություն՝ քաղաքացիական հասարակության տեսքով, ակտիվ անհատների տեսքով, տարբեր խնդիրների շուրջ մտածող խմբի տեսքով, իշխանությունից ավելի ադեկվատ մտածող, իշխանությունից խնդիրների ավելի լավ լուծումներ առաջարկող, ավելի արդյունավետ լուծումներ առաջարկող խմբեր ունենալու ենք, և իրենք են կարող լինել իրական ընդդիմություն։ Հանրապետականը չեմ կարծում, որ կլինի նրանցից մեկը։ -Արտաքին քաղաքականությունում Հայաստանն իր վեկտորները ո՞ր կողմ պետք է ուղղի․ ո՞րը պետք է լինի կողմնորոշումը։ -Պետությունը, Մաքիավելիի սահմանմամբ, ունի կարևորագույն մեկ գործառույթ՝ կայունություն ապահովել: Մեր պարագայում կայունություն համարվում է նաև անվտանգությունը, հետևաբար մեր պետությունն իր առջև ունի  լուծելու երկու լուրջ խնդիր՝ անվտանգություն և կայուն զարգացման հնարավորություն։ Այս խնդիրները լուծելու համար մենք պետք է համագործակցենք բոլոր ուժերի, կառույցների հետ, որոնց հետ համագործակցությունը կբերի այս խնդիրների լուծումը։ Ընտրությունը պետք է կատարվի, ըստ էության, կառույցների և ուժերի միջև՝ ոչ միայն տրվելով դարավոր բարեկամության, ավանդույթների, տարածաշրջանում մոտիկ-հեռու լինելու վրա, այլև՝ այն սկզբունքի վրա, թե այդ կառույցները և ուժերը նպաստո՞ւմ են մեր պետության առջև կանգնած խնդիրների լուծմանը, թե՞ խոչընդոտում։   -Ո՞ր պետությունների, կառույցների հետ ՀՀ-ն պետք է փորձի կապ հաստատել, ընդգծված արտաքին քաղաքականություն վարել։   -Օրինակով ենք կարող այդ հարցը քննարկել։ Գոյություն ունի ՆԱՏՕ, որը վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ մի գործողություն աշխարհում չի իրականացրել։ Բայց ռազմական կառույց է, որը կոչված է նաև անվտանգություն ապահովել։ Մյուս կողմից՝ կա Ռուսաստանի Դաշնություն, որն այսօր փորձում է ստեղծել իր տարածքում և բնականաբար իրեն մոտ գտնվող տարածքում հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր և այսպես կոչված անվտանգության միջազգային շուկայում հանդես գալ որպես անվտանգություն վաճառող պետություն։ Դա մենք պետք է հասկանանք։ Կա նաև Եվրոպան, որն անվտանգության իր սեփական մոդելն ունի․դա ենթադրենք երկխոսությունն է՝ հանդուրժողականություն ու երկխոսություն, հարցերի լուծում երկխոսության միջոցով։ Մենք պետք է հասկանանք՝ ո՞ր մոդելն է մեր պարագայում ավելի մեծ երաշխիքներ տալիս անվտանգության և նաև կայուն զարգացման համար։ Որովհետև հնարավոր է նաև այսպիսի տարբերակ, որ կառույցը անվտանգություն ապահովի, բայց զարգանալու հնարավորություն անհրաժեշտ չափով չտա։ Դա էլ է հնարավոր։ Այնպիսի լճացած համակարգ լինի, որ անվտանգություն կարողանա ապահովել, բայց այլևս սոցիալական զարգացում, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային առումով թույլ չտա, չենթադրի։ Դա լուրջ մտածելու հարց է։ Միգուցե նաև մեզ հասանելի աշխարհում, որի հետ մենք կարող ենք երկխոսել, ինչ-որ տարբերակներ էլ կան, որոնք մենք դեռ չգիտենք, չենք քննարկել, հաշվի չենք առել։ -Ո՞ր պետության հետ կամ կառույցի հետ համագործակցությունը կապահովի մեզ համար անվտանգություն, ո՞ր կառույցի կամ պետության հետ համագործակցությունը կապահովի զարգացում Ձեր նշած ոլորտներում։   -Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը շատ ավելի է ենթադրում կայուն զարգացում, բայց չգիտեմ նույն չափով անվտանգություն ապահովում է, թե չէ։ ՀԱՊԿ-ի պարագայում բավականին բարդ հարց է, որովհետև մենք ՀԱՊԿ-ի հետ համագործակցում ենք ինչ-որ մի ժամանակահատված արդեն, բայց պետք է հասկանալ՝ ընթացքում մեր անվտանգության երաշխիքները փոխվե՞լ են դեպի լավը։ Անվտանգություն ավելի՞ շատ ենք զգում, զգացել, թե՞ չէ։ Իսկ միգուցե պետք է մտածել անվտանգության նոր համակարգ հորինելու, կառույց ստեղծելու մասին տարածաշրջանային պետություններով։ Միգուցե պետք է դրա մասին արդեն մտածել, որովհետև մինչև հիմա մեր տարածաշրջանն ավելի շատ ուղղորդվում, ղեկավարվում է միջազգային մեծ կառույցներով, մինչդեռ վերջինները խնդիրներ ունեն հենց իրենց ներսում։ Գուցե կարելի է նաև փորձել նման երկխոսություն հաստատել հենց տարածաշրջանի պետությունների հետ այս մակարդակով։