Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու «Մադամ Բաթերֆլայ» օպերայում ես հանդես չեմ գալու. Լիաննա Հարությունյան

Մշակույթ
lianna-har

Սոպրանո Լիաննա Հարությունյանը  հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.  Ցանկանում եմ տեղեկացնել իմ սիրելի ունկդիրներին, որ հոկտեմբերի 25-ին նախատեսված Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայում ես հանդես չեմ գալու, ինչպես և իմ իտալացի գործընկեր Ջանլուկա Տերրանովան: Ես ժամանել էի Երևան մեծ ոգևորվածությամբ` հերթական նվերը բերելու իմ արվեստասեր ժողովրդին: Խոսքը գնում էր օպերայի համերգային կատարման մասին: Իրականում, պարզվեց, որ նախատեսված է օպերային թատրոնում լիարժեք բեմադրություն, որին ստեղծագործական անձնակազմը, նուրբ ասաց` պատրաստ չեր: Ոչ պրոֆեսիոնալիզմի և տնայնագործության մակարդակը այնքան չափն անցել էր, որ չնայած իմ բոլոր ջանքերի և զիջումների գնալու պատրաստակամության, նման անպատշաճ իրավիճակում աշխատելը դարձավ լիովին անհնարին: Ես առաջին անգամ մեծ և սպասված մենահամերգ ունեցա Երևանում այս տարվա հունիսի 28-ին, որի հուզումնալից արձագանքը մինչ օրս իմ և շատերի սրտերում է: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ բարձր որակի կատարում ցուցաբերեցին, ինչը ինձ ոգևորեց անշահախնդրորեն և մեծ նվիրումով հնարավոր դարձնել նաև հաջորդ համագործակցությունը: Սակայն, ցավալիորեն «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրման պրոցեսը, որին ներկա եմ եղել որպես գլխավոր դերակատար, իմ հիշողության մեջ դաջվել է որպես ծանր մղձավանջ: Նման մակարդակը անթույլատրելի պիտի լինի ոչ միայն իմ, այլ նաև հենց իրենց` կազմակերպիչների համար: Գրկում և համբուրում եմ բոլոր իմ հայրենակիցներին, իմ նոր Հայաստանը, որի մշակութային ապագայի կերտմանը մշտապես պիտի բերեմ իմ մասնակցությունը: Տեղեկություն.  Լիաննա Հարությունյանը աշխարհահռչակ երգչուհի է, իր սերնդի ամենահոզոր «Վերդիյան սոպրանո»- ներից: Նրա անզուգական լիրիկական ձայնի հնարավորությունները թույլ տվեցին երգել ամենալայն օպերային երգացանկը` Վերդի, Պուչինի, ֆրանսիական, ռուսական, ինչպես նաև կամերային երկերի ամենալայն ընտրանին: 2013 թ. Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացել է երգչուհու տրիումֆալ դեբյուտը Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ: Լիաննա Հարությունյանի աստղային վերելքին հաջորդել է նրա ելույթը Նյու Յորքի Մետրոպոլիտեն Օպերայում` Պլաչիդո Դոմինգոյի հետ, այնուհետև` Սիդնեյի, Վիեննայի, Սան Ֆրացիսկոյի, Սիեթլի, Վիեննայի, Փարիզի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեոպոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր օպերային թատրոններում գլխավոր դերերգերով, հեղինակավոր փառատոներում` համերգային կատարումներով և կամերային ելույթներով: Նա հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի և դիրիժորների հետ: «...Հարությունյանը երգում էր այնպիս ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի...»: «The Guardian» Անցած գիշեր տեսանք Լիաննային իբրև Չիո Չիո Սան «Մադամ բաթերֆլայ»-ում` Սիեթլի օպերայում: Ավարտին` 10 րոպե չէին դադարում հոտնկայս ծափահարությունները: Նա ֆենոմենալ է. բնության արտառոց ուժով օժտված: Ոչ միայն նրա երգեցողությունը, այլ նաև` խաղը ապշեցնելու աստիճանի ցնցող էր: Համերգասրահում բոլորը արցունքների մեջ էին: Լիաննան խենթացնող էր ողջ ներկայացման ընթացքում, աներևակայելի: (Համացանցում առկա գրառումներից)