Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպագիր ծննդյան վկայական ունեցող Երևանը 2800 տարեկան է (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
new-3

Երևանը տոնում է իր 2800-ամյակը, սակայն մայրաքաղաք նա հռչակվեց ընդամենը մեկ դար առաջ, և առաջին իսկ օրերից դարձավ համահայկական կենտրոն: Դարեր օտար մայրաքաղաքներում ապրող, ցեղասպանություն վերապրած ու ասես ամեն ինչից հիասթափված հայերը, ոչ միայն պահպանեցին իրենց գոյությունը, այլև կարողացան ստեղծել աշխարհասփյուռ հայության հավաքատեղին, իրենց մայր քաղաքը, որը նայում էր Արարատ լեռանը, որը հայերի համար ավելին էր քան լեռ: Եվ Արարատը դարձավ հայկական պետականության խորհրդանիշն ու այցեքարտը… Երևանի անվան առաջին հայալեզու հիշատակումներից է պատմիչ Սեբեոսի վկայությունն այն մասին, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր, և տեղի ունեցած ճակատամարտում արաբներին չի հաջողվել գրավել Երևանի բերդը: Տարածքի նկարագիրը հիմնականում, մեզ հասել է տարբեր դարերում Երևան այցելած ճանապարհորդ-հեղինակների՝ Տավերնիեյի, Շարդենի, Լինչի, Շոպենի գրվածքներից, որից պարզ է դառնում, որ Երևանի ընդհանուր տեսքը մինչև 19-րդ դարի 60-ական թվականները էապես չէր փոխվել, իսկ կառուցվածքով նկարագրվում է որպես տիպիկ ասիական քաղաք: Երևանի բերդի և քաղաքի ընդհանուր տեսքի, եկեղեցիների, մզկիթների, հրապարակների, բաղնիքների, քարավանատեղերի ամենից մանրամասն նկարագրությունը տվել է Շարդենը, որը տեսել է Երևանը 1679 թվականի ավերիչ երկրաշարժից վեց տարի առաջ: 19-րդ դարի վերջին քարվանսարաներին փոխարինեցին հյուրանոցները, քաղաքում հայտնվեց էլեկտրականություն և հեռախոսակայան, իսկ Ալեքսանդր Երկրորդ փոխարքան հաստատեց քաղաքի փողոցների հատակագիծը: Կենտրոնական փողոցը, անվանվեց ի պատիվ գուբերնատորի Աստաֆևսկայա, իր կից փողոցներով` Բեբութովսկայա, Նազարովսկայա, Արմյանսկայա, Ցարսկայա՝ կոչված ի պատիվ ցար Նիկոլայ Առաջինի, ով իր այցի ժամանակ տեղակայվել էր այս փողոցի առանձնատներից մեկում: Էրիվանի գավառի նախկին վարչական կենտրոնը մեկ դար առաջ դարձավ նորանկախ ու մարտնչող, ըստ Բաթումի հաշտության պայմանագրի, ընդամենը 12 հազար քառ.կմ տարածք ունեցող, պետության մայրաքաղաք, Առաջին անգամ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը Հայաստան եկավ 1918-ին, և դեռ առաջին հանրապետության օրոք նրա Երևանի գլխավոր հատակագիծը մշակման փուլում էր: Հատակագծի վրա տարագիր Թամանյանը աշխատում էր նաև Թավրիզում: Սիմոն Վրացյանը իր «Կեանքի ուղիներով» գրքում գրում է. «…իր տոպրակից հանեց, ցույց տվեց իր մշակած Երեւանի յատակագիծը եւ մանրամասն բացատրությիւններ տուեց նրա մասին… Նա ասում էր, որ Երեւանը պիտի դառնայ աշխարհի ամենալաւ մայրաքաղաքներից մէկը, որ զարմանք պիտի պատճառ է եւրոպացի եւ ամերիկացի այցելուներին»: Հայաստանի բոլշևիկյան կառավարության հրավերով նա 1923-ին վերադարձավ հայրենիք, իսկ 1924 թվականին կառավարությանը ներկայացրեց քաղաք-այգու հատակագիծը, ուր տները բլրալանջերին, ասես ամֆիթատրոնի դիտորդներ, նայում էին դեպի Արարատը` համայն հայության սրբազան լեռը, ազգային խորհրդանիշը: Թամանյանի հատակագիծն արտահայտում էր Հայաստանի միասնականության, կորսված հողերի միավորման գաղափարը: Հայերը կառուցեցին իրենց մայրաքաղաքն ու ձգտեցին այս մայրաքաղաքում հավերժացնել իրենց Մեծ Հայաստանի պատմությունը «ստեղծելով» նոր Սեբաստյան, Զեյթունը, Կիլիկիան, Արաբկիրն ու Մարաշը… «Մեռնում է Երևանը», - ահազանգեց արձակագիր Մկրտիչ Արմենը իր «Երևան» վեպում: «Եվ ի՞նչ էր այդ հին Երևանը,- ի պատասխան գրեց Գուրգեն Մահարին, հողաշեն տներ` տափակ կտուրներով, գավառական փոշի, գավառական ձանձրույթ: Եվ ինչ էր այդ հին Երևանը, - նեղ, ծուռումուռ քուչաներ, ռուսական եկեղեցի, պարսկական բաղնիք ու չայխանա… Սովետական կարգերը թև տվին հանճարեղ ճարտարապետին ու աշխարհ եկավ նոր թամանյան Երևանը: Աշխարհ եկավ և սկսեց աճել Սասունցի Դավիթի նման, արագ, տիրական, ամուր: Երևանը դուրս եկավ իր ափերից, ասպատակեց բլուրները… Հին Երևանը, որն Արմենի գրքում վառվում է արևելյան ֆանտաստիկ, կախարդական գույներով, այսօր պատմություն է ու ռոմանտիկա: Դրա փոխարեն որոտում է նոր Երևանը` իրական, շոշափելի, տեսանելի և լսելի Երևանը, շքեղ քաղաքամայրը Սովետական Հայաստանի»,    Հենվելով ինժեներ Մեհրաբովի 1911 թվականի հատակագծի արդեն գոյություն ունեցող փողոցների ցանցը, Թամանյանը միաժամանակ ստեղծեց երեք կարևոր քաղաքաշինական հանգույցներ`իշխանության հրապարակը՝ կառավարության շենքով, մշակույթի հրապարակը՝ ժողովրդական տնով և ուսանողական ավանը՝ աստղադիտարանով: Հայերը կառուցեցին իրենց մայրաքաղաքը: Եվ իրենց մայրաքաղաքի յուրաքանչյուր կետից երևում էր բիբլիական Արարատը: Իսկ կայարանամերձ հրապարակում վեր խոյացած Երվանդ Քոչարի գլուխգործոցը`Սասունցի Դավթի արձանը, ով դարեր շարունակ հայերի ազատատենչ  ձգտումների մարմնավորումն էր, դարձավ Երևանի սիմվոլը:  1950 թվականի աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-Բերդի պեղումների ժամանակ հայտնաբերեց Արգիշտի թագավորի հրամանով արված Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, Երևանը ստացավ իր «քարե ծննդյան վկայականը» ու դարձավ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: 1988 թվական. ազգային զարթոնքի տարի… Մութ ու ցուրտ, փորձություններով լի դաժան օրերը: Պատերազմ ու հաղթանակ: Հաղթանակ և անկում: Երրորդ հանրապետության ճարտարապետությունը սկսեց զարգանալ շահույթի և եկամտաբերության փիլիսոփայությամբ: Հետխորհրդային տարիներին Երևանում սկսված քաղաքաշինական մեքենան «գերակա շահ» ճանաչելով սկսեց ոչնչացնել ճարտարապետական ու պատմական արժեք ներկայացնող շենքերը, որոնք «խանգարում» էին նոր քաղաքաշինական գործընթացին: 2000-ականները դարձան Երևան քաղաքի ճարտարապետական կառույցների սպանդի ժամանակաշրջան: Մայրաքաղաքը պետք է ունենա իր դիմագիծը և լինի մաքսիմալ հարմարավետ: Քաղաքային տրանսպորտի հարմարավետության մասին, օրինակ, երևանցիները առայժմ միայն կարող են երազել և սպասել խոստացած վերափոխումներին: Ու մի օր, միգուցե կվերանան անկախության տարիներից քաղաքը «բռնագրաված» երթուղային տաքսիները ու կկառուցվի մետրոյի գոնե մեկ նոր կայարան: Ազատ ու անկախ մայրաքաղաքում ծնվեց ու մեծացավ երևանցիների նոր, սքանչելի մի սերունդ, նույն երազանքը հոգում` կառուցելու մի ազատ ու անկախ երկիր … Նրանք խոսում են իրենց «լեզվով», երգում են իրենց երգերը, նրանց համար ծնողների այն քաղաքի հանդեպ կարոտը՝ պատմություն է: Սա արդեն նրանց քաղաքն է, մեկդարյա մայրաքաղաքի նոր պատմությունը: