Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնը

Մշակույթ
hamerg

Մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում փառատոնը 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը՝ մանկական դաշնամուրային գործերից մինչեւ մեծածավալ երաժշտական կտավները։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ փառատոնի ընթացքում հնչելու են ոչ միայն Խաչատրյանի հայտնի ու սիրված գործերը, այլեւ այն ստեղծագործությունները, որոնք հազվադեպ են կատարվում։ Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ՝ Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ մենակատարներ, որոնք կատարելու են հենց Խաչատրյանի ստեղծագործությունները։ «Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, եւ նվագախմբի ու ինձ համար մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է ներկայացնել մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնը մեկնարկեց «Խաչատրյանը եւ ջազը» համերգային նախագծով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Երեկոյի ընթացքում հնչեցին Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից, Խորհրդային Հայաստանի հիմնը, Օրորոցայինը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Անդատինոն, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան, Սուսերով պարը եւ այլ ստեղծագործություններ։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։ Դիրիժորական վահանակի առջեւ էին Սերգեյ Սմբատյանը եւ Արմեն Հյուսնունցը։ Առաջին հայացքից անհնար է թվում միմյանց մոտեցնել 20-րդ դարի դասական երաժշտության հսկայի ստեղծագործությունները եւ ջազային արվեստը։ Սակայն նախագիծն ապացուցեց, որ հաջողված է, ինչի վկայությունը լեփ-լեցուն դահլիճներն են, հանդիսատեսի ջերմ ընդունելությունը։ Երաժիշտները, որոնք ներգրավված են «Խաչատրյանը եւ ջազը» նախագծում, ընդգծում են, որ Խաչատրյանի երաժշտության մեջ ազատ ստեղծագործելու տարրեր կան։ Դաշնակահար Վահագն Հայրապետյանը, որ ի թիվս այլ գործերի կատարել է Խորհրդային Հայաստանի հիմնի ջազային մշակումը, նշում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Արամ Խաչատրյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի հիմնը վերականգնվի եւ դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգ։ Արմեն Հյուսնունցը երեկոյի ընթացքում հանդես էր գալիս ոչ միայն որպես դիրիժոր, այլեւ որպես մենակատար, նա նաեւ կատարել է «Գայանե» բալետից Օրորոցայինի ջազային մշակումը։ Արմեն Հյուսնունցը նշում է, որ գաղափարը շատ գայթակղիչ է ու հաջողված։ Արմեն Հյուսնունցը նշեց, որ Խաչատրյանի երաժշտությունը բխում է ազգային ակունքներից, իսկ ազգային ակունքներից եկող ցանկացած մեղեդի շատ ավելի մոտ է ջազային ինտերպրիտացիայի, ջազային մոդիֆիկացիայի, այդ իսկ պատճառով Խաչատրյանը շատ հարուստ պոտենցիալ է տալիս՝ իր ստեղծագործությունները ջազային մշակումներով ներկայացնելու համար։ Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։