Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ «ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏ ԷՐ»

Մշակույթ

«Եթե Լեւոն Ներսիսյանը կարողանար պարապ խոսել, նա ակադեմիկոս կլիներ»: Նրա ծննդյան 75-ամյակն էլ, որը լրանում է դեկտեմբերի 24-ին, թերեւս այլ կերպ կնշվեր: Մարդը, որին այսօր հիշում էին «Հայելի» ակումբում, որեւէ կոչում չի ստացել, նա պարզապես արտգրականության դասախոս էր, որի՝ ժամանակին մի դասախոսություն լսելն արդեն իսկ այսօր բավարար է հպարտանալու համար:

«Պարապ բաներին տրվողը չէր: Իր լռելու մեջ անշուշտ ասպետ էր, նաեւ խոսելու մեջ էր ասպետ: Եվ այդ ասպետականությունը ամբողջ կյանքի ընթացքում կարմիր թելի պես տարավ: Մտքի ասպետ, հոգեւոր ճանապարհ անցնելու ասպետ նրանց համար, ովքեր հավատում էին, թե կարելի է չծախվել սիստեմին, չծախվել ուժին, չծախվել ստին: Եվ ինքը դրա առաջնորդն էր մի քանի սերնդի համար»,- այսօր անկեղծացել էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որը Լեւոն Ներսիսյանի մտերիմներից էր: Նա հիշում է, երբ մի անգամ հարցրել է Լեւոն Ներսիսյանին, թե ինչու գրի չի առնում իր մտքերը, վերջինս պատասխանել է. «Ես չեմ կարող ապրել մտքի պերիֆերիայում»:

«Հայելի» ակումբի հյուրերը՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու բանաստեղծ Հակոբ Մովսեսն այսօր հավատացնում էին, թե հիշվելու համար պարտադիր չէ մտքերը թղթին հանձնելը: «Երբ այն հանձնում ես թղթին, այն վերածվում է մեռած մարմնի»,- ասում էր Հակոբ Մովսեսը: ««Ես կդառնամ հող, գիրս մնա հիշատակող». այս հոգեբանությունը այնքան է արմատացած, որ թվում է, թե ալտերնատիվ չունի: Իրականում ունի, պետք է ապրել եւ ապրելը լինի որպես դաս, օրինակ»,- ասում էր Տիգրան Մանսուրյանը, որի համար գերադասելի է մարդը, որ ապրում է, քան. « 20 հատոր գրողը, որը գրում է մի բանի մասին, որին տեղյակ չէ»:

Լեւոն Ներսիսյանն, ըստ ակումբի հյուրերի, կարողանում էր ապրել եւ ապրեցնել իր շրջապատին, ընկերներին: Մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը պատմում էր, որ 1990-ականների մութ տարիներին, ինքը Գերմանիա կատարած այցերից հետո մշտապես բերում էր Լեւոն Ներսիսյանի ուզածը: «Բերե՞լ ես իմ վիսկին: Բեր, այս ցրտի մեջ մորթենք»,- այս բառերով էր դիմավորում Հակոբ Մովսեսին տաք ծածկոցներով փաթաթված Լեւոն Ներսիսյանը: Ի դեպ, վերջինիս այդ տարիներին չի մոռացել նախկին ուսանող Վանո Սիրադեղյանը, որը պարբերաբար նավթ է ուղարկել իր դասախոսին:

Լեւոն Ներսիսյանը ազատ մարդ էր իր մտքերով, կենցաղով, կենսակերպով, ազատ էր, քանի որ, Հակոբ Մովսեսի բառերով, «կարողացել էր ազատվել իր ներքին անասունից, որից հետո միայն կարող ես ազատ լինել»: Հակոբ Մովսեսը ծիծաղելով ասում էր. «Նա տարերային աղետ էր ժողովրդի եւ հասարակության համար», հետո բացատրում. «Որովհետեւ թշնամի էր քաղքենիության, ստի, կեղծիքի»:

«Լենգենդ»,- Լեւոն Ներսիսյանին բնութագրելու համար այս բառը օգտագործեցին «Հայելի» ակումբի հյուրերը: Իսկ ինչքա՞ն կապրի այդ լեգենդը: «Եթե Լեւոն Ներսիսյանը կանհետանա, ինքը չի լինի մեղավորը, եթե կանհետանա, ուրեմն մեզ պետք չի ինքը, մեր հոգու տախտակներին այն տեղը չկա, որտեղ այդ լեգենդը պետք է դրվի»,- ասաց Հակոբ Մովսեսը:

Ի դեպ, 1999թ նոյեմբերի 27-ին, երբ մահացավ Լեւոն Ներսիսյանը, վերջին հրաժեշտի համար նրա դին չթույլատրվեց դնել ԵՊՀ-ում, քանի որ գիտական աստիճան չուներ: