Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտող ռեցիդիվիստի է նման»

Հարցազրույց
andranik

Մարտի մեկ չէր լինի, եթե 2008թ. ՊՆ Միքայել Հարությունյանը հակադրվեր Ռոբերտ Քոչարյանին ու բանակը դուրս չբերեր սեփական ժողովրդի դեմ: «Ես դա համարում եմ մեր բանակի համար ամենավատ տարիները. մենք երբեք այդքան թուլակամ Պաշտպանության նախարար չենք ունեցել, որին հնարավոր էր մղել ոչ միայն հակաօրինական գործողությունների, այլեւ նա կայացրել է որոշում՝ բանակն օգտագործել սեփական ժողովրդի դեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Փաստահավաք նախկին խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:              Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Միքայել Հարությունյանը, որն այժմ հետախուզման մեջ է, պետք է օր առաջ հայտնաբերվի ու հարցաքննվի. «Նախկինում ես ասում էի, որ նրա մոտ պետք է արթնանա սպայի պատվի զգացում, սակայն ես հասկացա, որ այդ զգացումը նա վաղուց կորցրել է՝ այսպիսի հրամաններ ստորագրելով: Միքայել Հարությունյանը, երբ Փաստահավաք խմբում ասում էր՝ Անդրանիկ ջան, ինչու ես այդ հարցն ինձ տալիս, նա միանգամից բացահայտեց, որ այդ հարցը չպետք է իրեն տալ»:             Փաստահավաք նախկին խմբի անդամը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանն անտեղյակ լիներ 0038 հրամանից. «Ռոբերտ Քոչարյանը մոռանում է՝ եթե ինքը եղել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդ, պարտավոր էին եւ իրեն զեկուցել, եւ այդ իրավական կազուսները Քոչարյանի խորհրդատուները պետք է նկատեին, իսկ մենք գիտենք, որ ինքը շատ ակնառու, պալատական, հզոր իրավախորհրդատուներ է ունեցել, ինչպիսին է Դավիթ Հարությունյանը, որը դժվար թե, չնկատեր»:             Մարտի մեկի գործով ՀՔԾ-ում վերաբացված քրեական գործի համար ծանրակշիռ դերակատարում ունի Փաստահավաք նախկին խմբի՝ հատկապես 5-րդ զեկույցը, որը հենց վերաբերում է բանակի ներգրավմանը. «Սեյրան Օհանյանն ու Միքայել Հարությունյանն ավելին կարող են ասել, քան Յուրի Խաչատուրովը. այս հրամանի ձեւավորման ամբողջ գաղափարախոսությունը, հրահանգը եկել է Ռոբերտ Քոչարյանից, սակայն հրամանի նախապատրաստմանը, համոզված եմ, մասնակից է եղել ԳՇՊ-ն եւ պարտադիր մասնակից է եղել այդ ժամանակվա ՊՆ-ն: Յուրի Խաչատուրովն այս հրամանի պատրաստման մեջ իր վրա է դրված եղել բանակային նոր կառուցվածքի կառավարումը»:             Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում բանակին վերաբերող բոլոր գործընթացները պետք է արագ ավարտել՝ զինված ուժերը զերծ պահելով վարկաբեկումից, հատկապես, երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ քննչական մարմինները  ստվերում են մնում. «Ռոբերտ Քոչարյանի խոսքերը հիմք մի ընդունեք. ինքը Սահմանադրությունը խախտող ռեցիդիվիստի է նման: Ինքը պետք է իր տղամարդկությունը ցույց տար նաեւ, երբ որ ինքը իշխանություն չունի: Հիմա՝ միակ տղամարդ փնտրող անձնավորությունն այսօր հանձինս մեզ՝ հասարակության եւ պետականության, կտեսնի, որ տղամարդկությունը ոչ թե իշխանությունը օրենքից դուրս կիրառելն է, այլ տղամարդկությունն օրենքով շարժվելը պետք է լինի: Ռոբերտ Քոչարյանը երբեք ճիշտ չի ասելու, այնպես որ մեծ հույսեր մի փայփայեք. ոչ ինքը, ոչ իր շրջապատը երբեք չեն ասելու, որ մածունը սպիտակ է, եւ եթե պետք լինի ասել, որ մածունը սեւ է, կհրավիրեն Դավիթ Հարությունյանին, որն, անպայման, իրավական հիմնավորում կգտնի»:              Նա համոզված է՝ 2008թ. մարտի մեկի բացահայտումը միանգամից ճանապարհ կբացի 1999թ. հոկտեմբերի 27-ի բացահայտման համար., քանի որ այն ի հայտ է բերելու քննիչների, որոնք իրենց որակներով պատրաստ կլինեն 27-ի բացահայտմանը: