Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտումներ Կաթողիկոսի մասին (տեսանյութ)

Հարցազրույց Հասարակություն
Untitled23

Մայր Աթոռ Սուրբ    Էջմիածնի նախկին հոգևորական Արմեն Խաչատրյանը  պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն   սպասարկում է քոչարյանասերժական   համակարգին,   եկեղեցում էլ  ստեղծել է անձի և ոչ թե Աստծո  պաշտամունք:   Արմեն Խաչատրյանը Սուրբ Էջմիածնի նախկին միաբան է,  ձեռնադրվել է  կուսակրոն քահանա Եղիա աբեղա Խաչատրյան անունով, աշխատել  Կաթողիկոսարանի  դիվանատանը, եղել է  Էջմիածնի  Գեւորգյան հոգեւոր  ճեմարանի փոխտեսուչ: «Այսօրվա կաթողիկոսը չի տիրապետում հայ առաքելական եկեղեցու աստվածաբանությանը, վարդապետությանը և ընդհանրապես եկեղեցական կանոնադրությանը  ու  ավանդույթներին:  Ինքը, կարծես, եկեղեցուց կտրված մի մարդ է:  Փորձեք հարցնել  իրեն Աստվածաշնչից մի թեմա, զրուցել,  քննարկել: Չի  կարող,  այս մարդը չի տիրապետում, հավատք չունի. Աստվածաշունչ չգիտի,  ուր մնաց՝ թե քարոզի:  Տեսեք ինքը չի շփվում ժողովրդի հետ »,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: 2013 թվականին Եղիա աբեղան  կարգալույծ է հռչակվել, իր խոսքով,   ճեմարանում արմատավորված թերությունների մասին բարձրաձայնելուց հետո:        « Չասեց  դու սխալ ես կամ ինչ որ ասում ես՝  չեմ ընդունում:  Ուղղակի ասաց,  որ ձեր կեղտոտ անկողինը պետք չի փռել դասախոսների և բոլորի առաջ: Այդ մարդը տարբեր պատկերացում ունի եկեղեցու մասին,  ինքը դա կլան է հասկանում և ինձ բառացի խոստովանեց , որ քո մտածելակերպի տեր մարդը իմ համակարգում տեղ չունի»: Հոգևորականին Մայր աթոռից տեղեկացրել են, որ շուտով  նոր պաշտոնի են նշանակելու և ուղարկել են  հանգստի: Որոշ ժամանակ անց նա տեղեկացել է   իր կարգալույծ լինելու մասին:   «Դա  կոպիտ հերետիկոսություն է: Կաթողիկոսը չի կարող օծումը ջնջել: Իր  հակազդություններից  մեկը կարգալուծությունն է,   որով վախեցնում է բոլորին: Հիշում եմ,  որ ասել է, թե  մի զանգով  կարող է բոլոր ճանապարհները փակել. Իսկ երբ  դա չի անցում սկսում է լրատվամիջոցներով  վարկաբեկել ու  պիտակավորել որպես   մասսոններ  կամ միասեռականներ»,-նկատեց Արմեն Խաչատրյանը:   Հոգեւոր Ճեմարանի նախկին փոխտեսուչը  պատմում է, որ  կառույցում   պաշտոնները տրամադրվում են խնամի բարեկամական կապերի շնորհիվ,    հոգեւորականներն իրենց հռչակել են կաթողիկոսի  զինվորներ և անձի պաշտամունքով են զբաղված: Ուսանողներին արգելվում է  շփվել միաբանների հետ, նրանք չունեն  հոգեւոր հայր,  որը ձեռնադրությունից առաջ զբաղվի  հոգեւոր դաստիարակությամբ:     « Բարեկամների մի խմբակ էր ձեւավորվել,  որ    շատ ավելի շփացած էին  ու փողոցը տեղափոխել էին ճեմարան, որտեղ էլ   իրենց արտոնյալ էին  զգում» :     Բռնություն  և  սարսափ է տարածողներից  Արմեն  Խաչատրյանն  առանձնացրեց ներկա տեսուչին:     «Գեւորգ  եպիսկոպոս Սարոյանն է: Երբեմն, այնպես էր հարձակվում ուսանողների վրա,  որ նրանք գունատվում էին եւ այլեւս չէին կարողանում ձայն ու ծպտուն հանել:  Եվ սա հատուկ էր արվում:  Նրանից առաջ փոխտեսուչ էր տեր Վաչե  քահանա Հայրապետյանը,  այնուհետեւ տեր Զավեն քահանա Մարկոսյանը,  որոնք նույն բռնապետական ոգով փորձում էին ուսանողի մեջ կոտրել  անհատականությունը և վախի,  սարսափի մթնոլորտ ձեւավորել,  որը հենց Կաթողիկոսի քաղաքականության մնաս է կազմում»,-ասաց նա: Մայր Աթոռում խախտված հոգեւոր  ավանդույթներից նախկին աբեղան մատնանշեց,  օրինակ` այն,  որ   թեմակալ առաջնորդները   զրկված են   ինքնուրույն   ձեռնադրումներ կատարելուց  իրենց իրավունքից և դրանք  կատարվում են միայն    կաթողիկոսի  հրահանգով ու ընտրությամբ: Միաժամանակ,    չկա որևէ մեխանիզմ,  որը  ստուգի  կարգալուծությունների հիմքերը:  Թերի է նաեւ կուսակրոնության    ընկալումը:  «Մենք չունենք վանք,  չունենք վանական կյանք,  բայց ունենք կուսակրոնություն: Սա աբսուրդ է: Եվ դրա համար էլ այս բոլոր խայտառակությունները լինում են,  որովհետեւ այդ կուսակրոն վանականները պատկերացում չունեն՝ ինչ է դա, ինչ է վանական կյանքը,  ինչ է աղոթական վիճակը: Երազում էին կուսակրոն լինել, քանի որ  կարծում էին,  որ ամեն մեկը արտասահմանում մի թեմ,  մի յուղոտ պաշտոն կստանա,  կդառնա թեմական առաջնորդն ու եպիսկոպոս: Իրենց կուսակրոնության հասկացողությունը տրամպլին է արտասահման գնալու, բարձր պաշտոններ ձեռք բերելու համար: Նույնիսկ խոսակցություններ կային,  որ  ինչ կլինի՞ որ՝ վեղար կդնեմ,  մի կողմից էլ ընտանիք կունենամ,  ո՞վ պիտի իմանա: Բայց Աստված հո կիմանա» -վրդովված պատմում է Գևորգյան ճեմարանի նախկին սանը։  Վեհափառի դեմ իր բողոքն ու այս օրերին իրականացվող  ակցիաները Հայոց եկեղեցու դեմ չեն,  ասում է Խաչատրյանը: Ուղղակի երկար ժամանակ Գարեգին 2 -ի անձը նույնացվել է եկեղեցու հետ. «Եթե ինքը լինի իրոք Լուսավորչի  հավատքի կրողը,  վստահաբար որևէ մեկը չի համարձակվի իր դեմ ոտնձգություններ անել:   Բայց մենք տեսնում ենք, որ այս մարդը ոչ մի կապ չունի հոգեւոր կյանքի հետ,  բուն եկեղեցու առաքելության հետ ինքը աշխարհիկ մարդ է, պարզապես հոգեւորականի  հագուստով է: Իր ամբողջ էությամբ ինքը բիզնես հոգեբանությամբ է: Չենք ուրանում իր արած գործերը:  Լավ է, որ կառուցում և վերանորոգում է,  բայց եկեղեցի կառուցելուց առաջ ինքը պետք է եկեղեցական համայնքներ ձեւավորի»:    Պատմաբան-հրապարակախոս Գեւորգ  Յազեջյան էլ մեզ հետ զրույցում վստահեցեց,  որ հայոց պատմությանը հայտի են թվով 15 կաթողիկոսներ, ովքեր կամ հրաժարական են տվել,  կամ գահընկեց արվել: Որոշ դեպքերում էլ միջամտել են իշխանությունները: Կլինի արդյո՞ք Գարեգին 2-ը հաջորդ գահազուրկ Կաթողիկոսը, ըստ բանախոսների, պարզ կդառնա իրավապահների արդեն սկսած հետաքննությունից հետո:  Ի դեպ , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո  դիվանից «Ա1+»-ին ասացին, որ Եղիա աբեղա Խաչատրյանը կարգալույծ է հռչակվել ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար, ու   կրկին մեկնաբանել  հարցը այստեղ անիմաստ համարեցին: