Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիացի փոքրիկ դեսպանները Հայաստանում են (տեսանյութ)

Մշակույթ
afisha

Երկու երկրների՝ հայ և ֆրանսիացի երեխաների համատեղ ելույթը Տիգրան Հեքեքյանը վաղվա քաղաքացիների մերձեցման, մշակութային և մարդկային շփման ու ժողովրդական դիվանագիտության լավ օրինակ է համարում: Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի ղեկավար Գաել Դարշենի խոսքով, ֆրանսիացի փոքրիկներից շատերը Հայաստանի անունն անգամ չէին լսել, իսկ հիմա տաս օր նրանք շրջելու են Հայաստանով, ծանոթանալու են մեր մշակութային կոթողներին, այցելելու են թանգարաններ և որպես փոքրիկ դեսպաններ վերադառնալու են իրենց երկիր ու կիսվեն վառ տպավորություններով ու հիշողություններով։ Հյուրախաղերի կազմակերպիչ Օլիվյե Լուչիանին ևս վստահ է, որ սա իրոք հիանալի առիթ է Հայաստանը, հայերին, նաև Կոմիտասի անունը և ստեղծագործությունը բացահայտելու համար: «Երեխաները կլինեն Գյումրիում, Դիլիջանում, Ջերմուկում: Իսկ ես, որ դեռ երեք ամիս առաջ այստեղ եկա այս ամենը կազմակերպելու, համոզվեցի, որ հյուրընկալելու ձեր արվեստը չի զիջում ձեր երգչախմբային արվեստին», -ասում է պարոն Լուչիանին: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի, որ Ֆրանսիայում տասնյակ հազարավոր երգչախմբերից, այդ թվում նաև մանկական երգչախմբերից, լավագույն երեքից մեկն է համարվում և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համատեղ համերգը՝ «Կոմիտաս» փառատոնի շրջանակներում:  «Կոմիտաս» փառատոնի ղեկավար Տիգրան Հեքեքյանի խոսքով, սա բաց փառատոն է և ողջ տարվա ընթացքում կարող են կազմակերպվել տարբեր համերգներ և ոչ միայն երգչախմբային: Ի դեպ, այս տարի, երբ Հայաստանում պետք է կայանա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, այս երգչախումբը Ֆրանսիայից ժամանած երկրորդ խումբն է: Սեպտեմբերի 26-ին, Վարդապետի ծննդյան օրը նշելու են Հառիճավանքում, որտեղ մի շրջան ապրել է Կոմիտասը: Կոմիտասյան կատարումներով ելույթ կունենան ազգագրական խմբեր, երգչախմբեր: Կհնչեն նաև Կոմիտասի ժողովրդից  գրի առած մեղեդիներ, որ երբևէ չեն հրատարակվել: Հառիճավանքում ելույթ կունենա նաև «Զանգեր» խումբը, որն ի դեպ, սեպտեմբեր ամսից ղեկավարելու է արդեն պրոֆեսոր Դոնովան Գրեյը՝ զանգերի նվիրատուն, որին Տիգրան Հեքեքյանը հրավիրել է նաև դասավանդելու է «Սայաթ-Նովայի» երաժշտական դպրոցում: Ծրագրերը շատ են, բայց ամենակարևորը թերևս՝ Կոմիտասի 150-ամյակի առթիվ աշխարհի երգիչներից հավաքական երգչախումբ ստեղծելու գաղափարն է: