Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարապմունքներ՝ «Վթար հանքում» և «Թունավորում» թեմաներով

Պաշտոնական
13811

Օրերս ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարարական ջոկատում անցկացվեցին պլանային պարապմունքներ՝ «Վթար հանքում» և «Թունավորում» թեմաներով: Վարժանքի նպատակն էր` • կատարելագործել ջոկերի շնչադիմակավոր-լեռնափրկարարների գործնական ունակությունները փրկարարական աշխատանքների և վթարների հետևանքների վերացման ժամանակ, • նպաստել լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ջոկի ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, • ստուգել ներգրավված ջոկերի պատրաստվածությունը` իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Պարապմունքն անցկացվեց երկու փուլով՝ փլուզում և թունավորում: Սցենարի համաձայն՝ ահազանգ էր ստացվել, որ Շահումյանի անվան հանքի 775 հորիզոնի թիվ 17 երակում տեղի էր ունեցել հանքի առաստաղի մասնակի փլուզում, որի հետևանքով տուժել էր հանքի աշխատակիցը: Շնչառական Drager սարքով պաշտպանված և նույն մակնիշի գազաանալիզատորի օգնությամբ հրամանատարը ստուգեց տեղանքի մթնոլորտը, ապա ջոկին հրահանգեց մոտենալ տուժածին: Լեռնափրկարարները պնևմոսարքի միջոցով կտրեցին մետաղական կառուցվածքները և փլատակներից դուրս բերեցին տուժածին՝ անշարժացնելով նասված վերջույթն ու նրան տեղափոխելով պատգարակի վրա: Ըստ երկրորդ փուլի սցենարի՝ ահազանգ էր ստացվել, որ նույն տեղանքում հայտնաբերվել է հանքի աշխատակից՝ թունավորման ախտանշաներով: Պայմանական վթարի վայր հասնելուն պես լեռնափրկարար-շնչադիմակավորները տուժածին հագցրեցին շնչառական սարքավորումը, չափեցին սրտի զարկը, ստուգեցին ընդհանուր վիճակը, այնուհետև պատգարակի վրա բերելով կողքի անվտանգ դիրքի՝ տեղափոխեցին շտապօգնության մեքենա: Կոմբինատի բժշկական ծառայության ուղեկցությամբ տուժածին տեղափոխեցին Կապանի բժշկական կենտրոն: Պարապմունքների ավարտին մասնակիցներն ամփոփեցին կատարած աշխատանքի արդյունքները՝ նշելով ճիշտ իրականացված գործողությունները, բացթողումներն ու նախանշելով թերությունների վերացման ուղիները: