Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը լրագրողների հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
balayan-1

Նախ ցանկանում եմ բոլոր ֆուտբոլասերներին շնորհավորել Ֆրանսիայի հաղթանակի կապակցությամբ։ Անցյալ շաբաթ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցելությունը Բրյուսել, որը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։ Վարչապետ Փաշինյանն այցի արդյունքները նաև ամփոփեց Բրյուսելում նրան ուղեկցող հայ լրագորղների հետ ասուլիսին։ Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթաժողովին վարչապետի ելույթի վրա, ուր նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակել ներգրավվածությունն այդ առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով։ Այս պահին Աֆղանստանում մեր զորախմբի կազմում ծառայություն է անցնում 121 զինվորական։ Բրյուսելում տեղի ուենցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով հաղորդագրություններ տարածվեցին։ Դրանց ծանոթ եք, վստահ եմ: Կրկին շեշտեմ, որ դա ճանաչողական հանդիպում էր։ Այս հանիդպման հետ կապված մեզ հարցեր էին ուղղվել, թե արդյոք խոսվել է կամ պայմանավորվածություն ձեռք է բերվել վարչապետ Փաշինյանի ու Արդբեջանի նախագահ Ալիևի հանդիպման վերաբերյալ։ Այս առումով ասեմ, որ բրյուսելյան հանդիպմանը նման պայմանավորվածություն ձեռք չի  բերվել։ Հուլիսի 13-ին Լա Պասում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի  երկրորդ նախարարական հանդիպմանը Հայաստանը դարձավ այդ ֆորումի լիիրավ անդամ։ Կառույցի հիմնադիր ութ անդամներն են Բոլիվիան, Հունաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իտալիան և Պերուն։ Բոլիվիայի մայրաքաղաքում կայացած նախարարական համաժողովին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով իր ելությում նշել է, որ ֆորումին անդամակցությունը ոչ միայն Հայաստանի ճանաչումն է որպես հնագույն քաղաքակրթություն, այլև արժեքավոր նվեր Երևանի հիմնադրման  2800-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Այսօր Նյու Յորք է մեկնել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությանը, որի կազմում է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը։ Այն ներկայացնում է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։  Այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար ինքնուրույն գնահատելու Կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նախարար Մնացականյանը Նյու Յորքում գտնվելու ընթացքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, նաև մի շարք այլ հանդիպումներ կունենա, որոնց մասին ձեզ կտեղեկացնենք։ ԱԳ նախարարն այսօր որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աղետների ռիսկայնության նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայուն և դիմացկուն հասարակության ամրապնդման միջոց» համաժողովին։ Նաև տեղեկացնեմ, որ Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան, ով հանդիումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Սա Իտալիայից նման մակարդակի առաջին այցելությունն է Հայաստան։ Para TV. Երկու հարց ունեմ: Մեկը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանն անցած հայ գերուն՝ Կարեն Ղազարյանին, ով առողջական խնդիրներ ուներ: Ի՞նչ քայլեր է հայկական կողմը ձեռնարկում, որպեսզի նրան հետ վերադարձնեն Հայաստան: Եվ երկրորդ հարցս վերաբերվում է բելառուսցի հայ արմատներով բլոգերին: Նրա կյանքին վտանգ է սպառնում, ինչպես նա է նշել իր յութուբյան էջում: Նրա վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, որպեսզի զերծ մնանք դժբախտ պատահարներից: Շնորհակալություն Տիգրան Բալայան. Սկսենք Տավուշում տեղի ունեցածից: Դուք արդեն տեղյակ եք, որ մեր քաղաքացին, որը դեռ չպարզված հանգամանքներում հայտնվել է ադրբեջանական կողմում, ունի հոգեկան խնդիրներ, և Ձեզ կարող եմ ասել, որ հենց այդ խնդիրների պատճառով նա չի զորակոչվել և ծառայություն չի անցել Հայաստանի զինված ուժերում: Դա փաստաթղթավորված և փաստարկված իրողություն է, որը փոխանցվել է Կարմիր Խաչին: Պաշտպանության նախարարությունն անմիջականորեն կապ է պահպանում Կարմիր Խաչի հետ, և Կարմիր Խաչի միջոցով այս պահին փորձում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր քաղաքացուն հնարավորինս արագ և անվտանգ վերադարձնենք Հայաստան: Այս պահի դրությամբ որևիցե առաջընթացի մասին այս հարցում չեմ կարող Ձեզ հայտնել: Ինչ վերաբերում է   Բելառուսի քաղաքացուն՝ Վլադիսլավ Մոսեսովին, ով հրապարակել էր տեսանյութ, որ սպառնալիքներ կան, և իր կյանքին վտանգ է սպառնում, և երեկ ևս նոր տեսանյութ հրապարակեց։ Կարճ ասեմ, որ  մենք կապի մեջ ենք նրա հետ։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում նախ գնահատելու նրա ստացած սպառնալիքների վտանգավորության աստիճանը և, իհարկե, հնարավոր աջակցություն ցուցաբերելու։ Կարծում եմ այստեղ հաշվի առնելով նաև, որ նա Բելառուսի քաղաքացի է, նաև Բելառուսի իշխանություններն իրենց քաղաքացուն պաշտպանելու և նրա անվտանգությունն ապահովելու համար պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն։ Արմենիա TV․ Պարոն Բալայան, երկու հարց Բրյուսելի հետ կապված։ Առաջինը՝ հանդիպումն ասում էին, որ շատ երկար է տևել։ Խնդրում եմ ասեք որոշ մանրամասներ, որոնք հաղորդագրության մեջ տեղ չեն գտել, արդյունքների հետ կապված։ Եվ երկրորդը՝ ՆԱՏՕ-ի հռչակագրի ձևակերպումների հետ կապված։ Բավականին իրարամերժ գնահատականներ կան։ Որքանո՞վ ենք մենք բավարարված այդ ձևակերպումներով։ Շնորհակալություն։ Տիգրան Բալայան․  Առաջինն արտգործնախարարի հանդիպման վերաբերյալ։ Ես նշեցի ներածական խոսքում, որ սա ճանաչողական հանդիպում էր, ինչը նաև գրված էր մեր հաղորդագրության մեջ, նաև Մինսկի խմբի համանախագահների համապատասխան հայտարարության կամ հաղորդագրության մեջ էր նշված։ Ասել, որ որևիցե կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, չեմ կարող այս պահի դրությամբ։ Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են։ Կար տեսակետ, ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված, որ, միգուցե, Հայաստանում նոր ընտրությունների շրջան է սկսվում, և ինչ-որ պաուզա է պետք վերցնել և դրանից հետ նոր շարունակել։ Մենք գտնում ենք, որ ընտրական շրջանը կամ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի, որը պետք է ընթանա համանախագահների առաջարկությունների հիման վրա, և համապատասխան խաղաղությանը նպաստող մթնլորտի  ստեղծման ուղղությամբ առաջընթացի համար։ Սա չի կարղ խոչընդոտ հանդիսանալ: Եվ մեր դիրքորոշումը գիտեք. և՛ վարչապետ Փաշինյանն է շատ լավ ձևակերպել, և՛ արտգործնախարար Մնացականյանը, որ կարևորագույն հարցն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցն է, որը մեզ առաջնորդողն է, մեր առաջնորդող սկզբունքը դրա ապահովումն է այս բանակցային գործընթացում։ Եվ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրի հետ կապված։ Ես ծանոթ եմ այդ տարբեր մեկնաբանություններին և գնահատականներին, բայց նաև չեմ ուզում այստեղ հիմա զբաղվել  ինչ-որ լեզվաբանական վերլուծություններով։ Հստակ է, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի հռչակագրում 67-րդ պարագրաֆում ամրագրված է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձևաչափով և միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա։ Սա այն է, ինչ ասում ենք մենք՝ միջազգային իրավունքի հիման վրա և գործող ձևաչափերում։ Հանրային հեռուստաընկերություն․ Հարցս մի փոքր վերջին հարցի շարունակությունն է, քանի որ վարչապետ Փաշինյանը երեկ էլ ֆեյսբուքյան իր ուղիղ միացման ժամանակ նշեց իրավիճակի վերաբերյալ շփման գծում։ Ուզում եմ իմանալ, ի՞նչ ձևով է քննարկվել այս հարցը, որովհետև ավելի վաղ էլ էր նշվել այս մասին։ Ինչպե՞ս է քննարկվել Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը և արտգործնախարարությունն անհրաժեշտություն չի՞ տեսնում ավելի ակտիվացնել բանակցությունների դինամիկան։ Եվ նաև այս համատեքստում ուզում եմ իմանալ, ե՞րբ եք հնարավորություն տեսնում Արցախը որպես լիարժեք բանակցային կողմ ներգրավվելու։ Շնորհակալություն։ Տիգրան Բալայան․ Քննարկվել է այս հարցն ամենաուղիղ ձևով՝ խաղաղության նպաստղ մթնոլորտի ապահովման հարցը։ Դուք գիտեք, որ դրա տակ մենք, և ոչ միայն մենք, բոլորն ինչ են հասկանում։ Առաջին հերթին ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը՝ դա Վիեննան էր, Սանկտ-Պետերբուրգն ու Ժնևն էր։ Մասնավորեցնեմ, հատկապես ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, կոնկրետ շփման գծում նրանց տեղակայման մասին, որպեսզի կարողանան վերահսկել իրավիճակը։ Եվ երկրորդը, որը շատ կարևոր է հետաքննությունների կամ միջադեպերի քննության մեխանիզմների ներդնում է։ Կան կոնկրետ առաջարկություններ այդ առումով։ Դուք տեղյակ եք, որ արդեն երկու տարուց ավել Ադրբեջանը խոչընդոտում է պայմանավորվածությունների ի կատար ածմանը։ Ինչ վերաբերում է, հայկական կողմը նպատակահարմար չի համարում ավելի ակտիվացնել, մենք պասիվ չենք եղել, և քիչ առաջ ես նաև նշեցի, որ չեմ կարծում, որ նախընտրական շրջանը կարող է խնդրահարույց լինել այդ պայմանավորվածությունների իրականացման հարցում։ Հակառակը, մենք կարծում ենք, որ խաղաղությունն այնպիսի արժեք է, և այդ պայմանավորվածությունների կատարումը պետության համար այնքան կարևոր է, որ որևիցե պաուզա, կամ որևիցե հանգամանք չպետք է պատճառ հանդիսանա դրանց հետաձգման համար։ Հանրային ռադիո. Հարցս մասամբ հնչեց, իհարկե, բայց ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանի՝ սահմանը շփոթվելու հետևանքով անցնելու փաստը ներկայացնում է իբրև դիվերսիա։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց այս հայտարարությունը, և կխնդրեի մի փոքր նշեք, թե ինչ ընթացակարգեր են պետք, որպեսզի ներկայացնեք, որ, իրոք, առողջական խնդիրներ ունի և դիվերսանտ չէ: Ու նաև ինչու՞ ադրբեջանական կողմից իրական դիվերսանտներ են ավելի շատ փորձում մուտք գործել և անցնել և խաղաղ բնակիչ չկա։ Այնտեղ սահմանի խնդիր կա՞։ Հարցն իհարկե Ձեզ չպետք է տայի, բայց եթե կարող եք պատասխանեք, շնորհակալություն։ Տիգրան Բալայան. Վարչապետ Փաշինյանը, կարծեմ, երեկ իր ուղիղ եթերի ընթացքում, նաև բրյուսելյան իր հանդիպումների և հայտարարությունների ժամանակ հստակ ասել է, թե ինչու է Ադրբեջանի կողմից այդ լարվածությունը ստեղծվում: Այս նույն տրամաբանությամբ հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորությունը, ՀՀ քաղաքացին մատուցվում է որպես դիվերսանտ։ Հիշեք սահմանի այդ նույն հատվածում մենք ինչեր ենք ունեցել: 70 տարեկան ծերունուն փորձել են մատուցել որպես դիվերսանտ, այնքան են առողջության հետ փորձարկումներ արել, որ մարդը վերադառնելուց հետո նույնիսկ ամենաինտենսիվ թերապիայի պայմաններում չկարողացավ շարունակել կյանքը. այսինքն այն վնասները, որ հասցվել էին կյանքի հետ անհամատեղելի էին: Մենք ունենք մեկ այլ դեպք, երբ երիտասարդ հովիվը մառախուղի պատճառով մոլորվել է, մարդու իրավունքների բոլոր միջազգային կոնվենցիաների, ժնևյան կովենցիաների խախտումներով նկարահանել էին, ցուցադրել էին, մատուցել էին որպես դիվերսանտ, ապա պատահաբար, ըստ ադրբեջանական վարկածի, ինքը բանտախցում մահացել էր: Այսպիսի դեպքեր ենք ունեցել: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ զինվորականը գերեվարվել է, հետագայում խնդրել է երրորդ երկիր մեկնելու հնարավորություն տալ, բայց վերջիվերջո վերադարձել է Հայաստան: Ադրբեջանի կողմից լարվածությանը նպաստող քաղաքականության հմքում ընկած  հենց այն ամենը, ինչի մասին խոսում էր վարչապետ Փաշինյանը վերջին անգամ երեկ իր ֆեյսբուքյան միացման ժամանակ: Ազատություն ռ/կ. Պարոն Բալայան, Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան այցից հետո ճեպազրույցում ըստ էության ասաց, որ կոչ է արել Եվրամիության անդամ երկրների կամ փոխել իրենց հայտարարությունների ոճը, կամ գործնական քայլեր դրան համապատասխան անել: Նախ այդ հայտարարությունն արդեն արձագանք եղել է, թե՝ ոչ: Եվ նաև գումարի մասով հետագայում պարզաբանում է տվել ստատուսի միջոցով, որ այդ 10 միլիոն ավելացումն ըստ էության Հայաստանի համար մի օլիգարխի գրպանը թափ տալուց ավելի մեծ կլինի: Ամեն դեպքում այդ կառույցը 160 միլիոն դոլար է հատկացնում, այդ կառույցը և դրա անդամ երկրներն ընտրություններին աջակցեցին. այդ հայտարարությունում հարաբերությունների որոշակի փոփոխություն չկա: Տիգրան Բալայան. Պարոն Փաշինյանը բավականին շիտակ էր իր գնահատականների մեջ՝ ասելով, որ մենք, բացի հայտարարությունից ակնկալում ենք նաև առարկայական օժանդակություն Հայաստանի զարգացմանը: 160 միլիոնը, և պարոն Փաշինյանն էլ դա նշեց, նախապես ծրագրված, Եվրոպական Միության բյուջեում ներառված գումար է: Խոսքը գնում է ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդման հետ զուգահեռ հավելյալ օժանդակություն ցույց տալու ենթակառուցվաքային ծրագրերի իրականացման մասին: Եվ մեր գործընկեր Արսեն Խառատյանը երեկ ձեր ռադիոկայանի եթերում կարծեմ բավականին մանրամասն այս մասին խոսել է, բացատրելով <ավելին ավելիի դիմաց> ֆորմուլայի տրամաբանությունը: Եվ պարոն Փաշինյանը դա հնչեցրել է հանդիպումներում, նույն բանը հնչեցրել է նաև հրապարակավ հայ լրագրողների հետ ճեպազրույցում: Եվ արձագանք որպես այդպիսին, դուք երևի նկատի ունեք բացասական արձագանք, այո՞. բացասական արձագանք մենք չենք ստացել, հակառակը՝ մենք ակնկալում ենք, որ մեր այդ  սպասումները դրական ընթացք կունենան և մենք կունենանք նաև առաջարկություններ կոնկրետ ծրագրերի իրականացման առումով մեզ օժանդակելու առումով: Դա ոչ միայն ընտրություններն են. շատ այլ հարցեր կան՝ ենթակառուցվածքային ծրագրերն են, արդյունաբերական ծրագրեր կարող են լինել: Մենք այդ ակնկալիքը ունենք և չենք թաքցնում դա: Արմենպրես. Պարոն Բալայան, ինչ-որ իմաստով հարցս վերաբերում է նախորդիվ հնչած հարցին, կապված ԵՄ-ի հետ համաձայնագրի ժամանակավոր ուժի մեջ մտնելուն, որը հունիսի 1-ից արդեն ուժի մեջ է: Կխնդրեի, եթե կան ինչ-որ արդյունքներ, ներկայացնել, այս ընթացքում Հայաստանն ինչից է օգտվել, ինչ քայլեր է իրականացրել և դրա հետ նաև կապված վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելուն: Ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, ե՞րբ դրանք կսկսվեն, ի՞նչ է պահանջվում մեզանից: Տիգրան Բալայան. Կոնկրետ Եվրամիության հետ համաձայնագրի մասնակի կամ 80 տոկոսով ուժի մեջ մտնելուց հետո հարցին նախ արձագանքեմ: Թե ոլորտային առումով ինչ է արվել, դա պետք է արդեն ոլորտային նախարարությունները պարբերաբար տեղեկացնեն, և եթե չեմ սխալվում մեր գործընկերները եվրոպական հանձնաժողովի հետ աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի նաև հանրության տեղեկացվածության բարձրացման առումով որոշակի համատեղ գործողություններ իրականացվեն: Որպես առաջին միջոցառում, որը տեղի ունեցավ այս շրջանակներում, կարող եմ ասել հունիսին կայացած Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որը շատ լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից, ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական: Այդ առիթով Հայաստանի արտգործնախարարի գլխավորությամբ բավական ներկայացուցչական պատվիրակությունը գտնվում էր Բրյուսելում: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ այս հարցը եղել է վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցի և հանդիպումների օրակարգում, և չենք թաքցնում, որ ակնկալում ենք համապատասխան մանդատի տրամադրումը եվրոպական հանձնաժողովի կողմից երկխոսության մեկնարկի մասով: Դա չի նշանակում, որ վաղը կամ մի ամսից, մի տարուց մենք կունենանք այդ ազատականացված ռեժիմը, բայց ամեն դեպքում պետք է երկխոսությունը մեկնարկի, որ տեսնենք ինչի շուրջ ենք խոսում և պայմանները հստակ գիտենք, գիտակցում ենք դրա մասին, մի քանի չափորոշիչներ կան, որ վաղուց արդեն համապատասխանում ենք մենք դրանց, և որքան շուտ դա մեկնարկի, արդեն այդքան էլ շուտ մենք կկարողանանք ավարտել այդ երկխոսությունը և կոնկրետ սկսենք համապատասխան համաձայնագրի մշակումը: