«Խախտումներ կատարող վարորդներին հայտնաբերելու հարցում ՃՈ-ն հետևողական է». Աշոտ Ահարոնյան

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջին շրջանում մի քանի օգտատերեր բողոքում են մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին երթևեկության վիճակից և որպես «մեղավորի» նշում ճանապարհային ոստիկանների պասիվությունը։ Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն կանոնները կոպիտ խախտողների նկատմամբ, սակայն պետք է հիշել, որ երթևեկության մշակույթը բացառապես պատժիչ գործողություններով հնարավոր չէ բարձրացնել։ Խնդիրը կլուծվի, երբ երթևեկության ցանկացած մասնակից կգիտակցի իր անձնական պատասխանատվությունն այդ մշակույթի ձևավորման գործում։ Իսկ աշխատանքի չափորոշիչ են նաև փաստական և վիճակագրական տվյալները։ 
     Հուլիսի 2-ից 12-ը մայրաքաղաքում ՃՈ-ն իրականացրել է ծանրաբեռնված ծառայություն
     Ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող գումարտակն անցած 10 օրում իրականացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն: 
     Հուլիսի 2-ից 12-ը, ճանապարհային ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 985 արձանագրություն, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 182 տրանսպորտային միջոց: Դրանցից 38-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:
     Ճանապարհային ոստիկանության ավտոքարշակը, չթույլատրված վայրերում կայանելու համար, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 128 մեքենա:
     Բացի այս, հայտնաբերվել են այլ վարորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդներ, հատուկ և գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող, առանց համարանիշի կամ որևէ առարկայով այն փակված մեքենաներ: 
     Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել նաև բարձր ձայնով երթևեկելու համար վերասաքավորած խլացուցիչներով մեքենաների վարորդները, նաև գերհզոր ձայնով երթևեկող մոտոցիկլետները: Բացատրական աշխատանք է իրականացվել նաև հետոիտների շրջանում: Նրանք հիմնականում զգուշացվել են:
     Մայրաքաղաքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 70 կարգախմբերը, բացի զորակոչին կամ այլ զանգվածային միջոցառումներին իրականացրած ծառայություններից, օրը 3 անգամ, պիկ ժամերին, հատուկ ծառայություն են կատարել բանուկ խաչմերուկներում՝ կանոնակարգելով երթևեկությունը:
     Ներկայացվածը միայն Երևանը սպասարկող գումարտակի ու միայն վերջին 10 օրերի ծառայության մասին էր: Նույն ծանրաբեռնվածությամբ ճանապարհային ոստիկանները ծառայություն են իրականացրել նաև մարզերում:
     Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը խախտումներ կատարող վարորդներին հայտնաբերելու հարցում հետևողական է»: