Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատկերասրահի տնօրենը չի վախենում ո՛չ ԱԱԾ-ից, ո՛չ դատախազից, ոչ էլ որեւէ մեկից (տեսանյութ)

Հասարակություն
pretty-image

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը իր իսկ խոսքով,լինելով մասնագիտությամբ արվեստաբան վստահ կարող է ասել, որ Հայաստանում չկա այն մասնագետը, որ կարող է գալ, նայել և որոշել, օրինակ Այվազովսկու կամ Մարկ Շագալի կտավները բնօրինակ են, թե կրկնօրինակ։ «Այվազովսկին մոտ 6000 կտավ է նկարել,-ասում է նա,- բայց աշխարհում 12000 կտավ է պտտվում: Մեծ ծովանկարչին սկսել են կեղծել դեռ նրա կենդանության օրոք և այդ ժամանակաշրջանի կրկնօրինակներ կան, որ բնօրինակից տարբերելը շատ դժվար է»: Մեր պատկերասրահի հավաքածուն հիմնականում նվիրատվություններ են եղել և Արման Ծատուրյանը չի բացառում, որ, հնարավոր է եղել են կեղծված կտավներ, որի մասին հավաքածուի տերերն իրենք էլ չեն իմացել: «Ես այս պատկերասրահի տասներորդ տնօրենն եմ,-ասում է Ծատուրյանը,- և նախորդ ղեկավարների համար, որոնք աշխատել են այստեղ, ոչ պատասխան կարող եմ տալ, ոչ էլ ցանկանում եմ ստվեր գցել: Ղեկավարների մեջ նվիրյալներ են եղել որպեսին Ռուբեն Դրամբյանն էր, որի շնորհիվ ունենք այս հիանալի հավաքածուն: Նվիրյալները կյանքն են դրել, որ այս թանգարանը լինի: Եվ ասել, որ հավաքածուներում շատ են կրկնօրինակները, կամ, որ պաշտոնյաներին նվերներ են տալիս, կարող եմ վստահաբար ասել, որ այսօր դա բացառվում է: Այո, կա սահմանված կարգ, որ պատկերասրահի հավաքածուների բարձրարժեք կտավները կարող են զարդարել պետական և վարչական որոշ կառույցների պատերը: Սակայն, ինքն անձնապես դեմ է այս կարգին և այն էլ այդպիսի քանակությանը: Բայց նախագահի կողմից սահմանված այս կարգը դեռ գործում է: Նրա խոսքով, Կառավարությունում Սարյան կա, հիասքանչ մի գործ, որ լավ կլիներ հետ վերադարձվեր, կամ նախագահականում՝ Այվազովսկու կտավներից կան։ Նկարներ պետք է լինեն, բայց նախ, ոչ այդ քանակի և լավ կլինի վերադարձվեր պատկերասրահ, վերջապես, դա հանրային սեփականություն է, դա ժողովրդինն է, և նրանք էլ իրավունք ունեն տեսնել այդ կտավները: Եվ, վերջապես ճիշտ կլիներ, որ պետությունը գներ այն նկարները, որոնք պետք կախվեն նստավայրերում: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի «ներխուժմանը»՝ ապա Արման Ծատուրյանը, ոչ թե ԱԱԾ-ից է վախենում, այլ վախենում է ստահոդ լուրերից, որոնք ստվեր են գցում պատկերասրահի վրա: «Երեք տարի է աշխատանք եմ տանում թանգարանի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, և մի հայտարարությամբ ողջ աշխատանքը կարող է ջուրն ընկնել: Թանգարանը համարյա հարյուրամյա կենսագրություն ունի և ես չեմ բացառում, որ ինչ որ մութ բաներ եղել են, բայց այս հիստերիան անհասկանալի է»,-ասում է նա: - Ես պաշտոնապես հայտնում եմ, մենք բաց ենք ստուգումների համար: Թող գան ստուգեն: Եվ եկել են: Եվ այս կառույցը միշտ է ստուգվում: Եվ ԱԱԾ-ն է ստուգել, և դատախազությունը, և Վարչապետի վերահսկողությունը: 78 տեսախցիկ է տեղադրված ու անվտանգության տարբեր համակարգեր և շարունակում ենք այս գործընթացը, որպեսզի բացառվեն նման խոսակցությունները»: Արման Ծատուրյանը նաև հորդորում է իր կոլեգաներին ևս, հետևել իրենց արված արտահայտություններին և ստույգ լուրեր հայտնել: «Խոսքս, մասնավորապես Սարյանի տուն-թանգարանի ղեկավարությանն է ուղված: Պետք չէ սլաքները մեր վրա ուղղել, բոլորին էլ ամեն ինչ հայտնի է», -ասում է պատկերասրահի տնօրենը: Պատկերասրահը մեծ կառույց է և խնդիրներն էլ շատ են, որից առավել հրատապը, տնօրենի խոսքով,  ջերմախոնավային համակարգի խնդիրն է: «Գաղտնիք չէ, որ այս խնդիրը դեռ խորհրդային տարիներից է առկա և եթե այսպես շարունակվի կկորցնենք մեր հարուստ ժառանգությունը: Այո, այսօր մենք մեր ուժերով փորձում ենք հնարավորինս լուծում տալ խնդրին, բայց մեր ուժերը բավարար չեն: Կոնդիցիոներներով հարց չի լուծվի: Այն էլ, որ ոչ բոլոր հարկերում կան: Կենտրոնացված ջերմախոնավային համակարգը 300-400 մլն դրամ արժե: Նախագիծը կա, արվել է և տրվել  մշակույթի նախարարությանը»: Ֆոնդերում պահպանվող կտավների պայմանները նրա խոսքով բավարար են, սակայն այստեղ էլ խնդիր կա արդիականացնելու: Ինչ վերաբերում է նոր մասնաշենքի խոսակցություններին, Արման Ծատուրյանն ասաց՝ իրենց հաշվարկով, որ ի դեպ, իտալացի մասնագետների օգնությամբ են հաշվարկվել, ֆոնդերի հավաքածուն թույլ է տալիս, որ պատկերասրահը ունենա 40.000 քառ.մ տարածք: «Պատկերասրահն ունի 15.700 քառ.մ տարածք , և մենք ցուցադրում ենք մեր հավաքածուի տասը տոկոսը, մինչդեռ կցանկանայի ողջ հավաքածուն ցուցադրվեր, որ թալանի մասին այս խոսակցություններն էլ վերանային»: Ըստ Արման Ծատուրյանի մեծ խնդիր են առաջացնում նաև Պատկերասրահի մասնաճյուղերը: «13 մասնաճյուղ կա և ֆինանսապես ծախսատար է և կառավարելն է դժվար: Պատկերասրահը գումար է հավաքել, որպեսզի միկրոավտոբուս գնի նկարներ տեղափոխելու համար: Սեպտեմբերին կբացվի Սարյանի և հայ դասականների վերանորոգված սրահները, որի համար, ըստ նրա՝ պետությունը որևէ լումա չի ծախսել, բացառապես իրենց միջոցներով են կատարել այս աշխատանքները: Կբացվի նաև սրճարան-գրախանութ: «Նոյեմբերի 2-ին նոր, հնչեղ ցուցահանդես ենք բացելու, անուն չեմ տա, բայց ասեմ, որ Միքելաջելոյին հավասար քանդակագործ-նկարչի ցուցահանդես է»,- եզրափակեց Արման Ծատուրյանը: