Ցանկացած ձեռք, որ Հայաստանը կպարզի՝ կընդունվի առավել դրական (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Այսօր Եվրամիությունը բաց է նոր Հայաստանի հետ առավելագույն համագործակցության համար, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը.

«Ցանկացած ձեռք, որ Հայաստանը կպարզի դեպի ԱՄՆ կամ Եվրամիություն կընդունվի առավել դրական»:

Վերլուծաբանի խոսքով, Բրյուսելում ժողովրդավար Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացման քաղաքական որոշումն ընդունված է.

«Հարաբերությունների սերտացման ընթացքը որոշվելու է ոչ թե Բրյուսելում այլ՝ Երեւանում: Այսինքն, Եվրամիությունը հավանաբար պատրաստ է բավարարել հարաբերությունների ընդլայնման Երեւանի ցանկացած առաջարկ»:

Ուստի Հայաստանի իշխանությունները հայտնվում են ձեռնտու վիճակում եւ Եվրամիության հետ հարաբերությունները պայմանավորվում են միայն Երեւանի պատրաստակամության մակարդակով.

«Հայաստանի կառավարությունը բավականին զգուշավոր է գործում: Հաշվի առնելով Կրեմլի պահվածքը, ես հասկանում եմ այդ զգուշավորության պատճառները»:

Հետխորհրդային երկրների նկատմամբ Մոսկվայի խանդը կարող է քննարկման առարկա դառնալ նաեւ առաջիկա Թրամփ-Պուտին գագաթաժողովին, նշում է Ջոն Հերբսթը: Նրա խոսքով, նախագահ Թրամփը կարող է այդ կապակցությամբ հակասական հայտարարություններ անել, սակայն, դա չի նշանակի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխություն.

«Անշուշտ, եթե նախագահ Թրամփը հայտարարի օրինակ, որ Ռուսաստանի համար բնական է ունենալ իր շուրջ ազդեցության գոտի, դա կարող է ոգեշնչել Կրեմլին՝ հարեւան պետությունների հետ հարաբերություններում: Սակայն, այդ հայտարարությունը չի կարող ազդել պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականության վրա»:

Գագաթաժողովի ընթացքում Իրանի, պատժամիջոցների եւ Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր գործարքի մասին լուրերին չի հավատում նաեւ ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը.

«Գործարքի մասին բազմաթիվ լուրեր են հայտնվում, սակայն, ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա հնարավոր է: Դա կլիներ ոչ միայն սարսափելի վատ գործարք, այդ գործարքը հնարավոր չի լինի իրականացնել, քանի որ ոչ Ռուսաստանը կարող է հանել Իրանը Սիրիայից, ոչ էլ Թրամփը՝ հանել պատժամիջոցները»:

Փորձագետի կարծիքով, գագաթաժողովի ընթացքում որեւէ առարկայական պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել միայն միջին հեռահարության միջուկային հրթիռների համաձայնագրի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան օրակարգի այլ հարցերին, ապա, դրանք չափից ավելի խորն են եւ մեկ հանդիպում անցկացնելով դրանք ուղղակի անհնար է կարգավորել, համոզված են վերլուծաբանները: