Վարչապետի այցը Եվրոպա  անվտանգության հարցում այլընտրանքներ կերտելու հնարավորություն կտա». Ա. Պապյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել կարեւոր է, քանի որ վարչապետ ընտրվելուց հետո սա նրա առաջին այցն է դեպի Եվրոպա: Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը Փաշինյանի այցից բավականին ակնկալիքներ ունի:

«Սա մեզ այլընտրանքներ կերտելու հնարավորություն կտա անվտանգության հարցում: Մենք առաջիկա կես տարվա ընթացքում կզգանք այդ ներուժը»,-այսօր անդրադառնալով վարչապետի այցին, ասաց Արա Պապյանը:

 

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով՝ սա Փաշինյանի բենեֆիսն է եւ շատ լավ առիթ է օգտագործելու այն քայլերը, որոնք դրված են մեր արտաքին քաղաքականության վրա:

 

«Նոր կառավարությունը ճկունություն եւ խոհեմություն է ցուցաբերում եւ՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ՛ Եվրամիության հետ հարաբերություններում: ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները լավացնելը չի նշանակում համագործակցություն, մենք երբեւիցե չենք ասում, որ պետք է գնանք ՆԱՏՕ»,-ասաց դեսպանը:

Ըստ դեսպանի՝ Թավշյա հեղափոխությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել Ղարաբաղում պատերազմի հավանականությունը քչացնելու համար:

 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ Թավշյա հեղափոխությունից հետո հետաքրքրությունը հայաստանի հանդեպ մեծացավ, եւ էլ ավելի մեծացավ կոռուպցիայի դեմ պայքարից հետո: Եվրոպայի սիրտ՝ Բրյուսել այցից հետո էլ, մեր երկրի հեղինակությունը թույլ չի տա պատերազմ Ղարաբաղում:

«Հայաստանում ՆԱՏՕ-ին անդամակցության մասին այսօր ոչ ոք չի խոսում, ակտուալ քաղաքականության մեջ կարեւոր չէ, ռազմատեխնիկական համագործակցություն մեր օրակարգում չկա»: