Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Կանզաս՝ զինվորական եղբայրության նոր տեսակ (տեսանյութ)

Հասարակություն
7A2BE52C-7869-4BE7-8CB7-606B0146894B_cx22_cy5_cw23_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Սեպտեմբերին Հայաստանում նշվելու է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ ռազմական համագործակցության 15-րդ տարին: «Այս տարի հատուկ տարի է՝ մենք տոնելու ենք Հայաստանի հետ մեր հատուկ հարաբերությունների եւ գործընկերության 15-ամյակը»: Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ մայոր Լի Թաֆանելլիի խոսքով, սկսվելով պարզ համագործակցությունից, երկու կողմերն այժմ համագործակցում են Հայկական բանակի համար բժիշկների, ականազերծողների եւ խաղաղապահների վերապատրաստման եւ բազմաթիվ այլ ոլորտներում: «Մեծ պատիվ է մաս կազմել այս արդյունավետ համագործակցությանը, որն այժմ գտնվում է ամուր հիմքերի վրա»: Գեներալ Թաֆանելլի խոսքով, իր զինվորականները նույնպես ստանում են մեծ օգուտ Հայաստանի հետ համագործակցությունից. «Եթե խոսեք մեր զինվորականների հետ, ովքեր պատիվ են ունեցել վարժվելու Հայաստանի զինվորականների կողքին, նրանք կասեն ձեզ, որքան կարեւոր է հայ զինվորների հետ փորձի փոխանակումը»: Ամերիկյան զինվորականները հայաստանցի գործընկերներին նաեւ ծանոթացնում են քաղաքացի-բանակ իրենց նախաձեռնության հետ, որի նպատակն է՝ ամրապնդել զորամասի կապը իր համայնքի հետ. «Քաղաքացի-բանակ մեր հայեցակարգի հիմքում մեր ցանկությունն է նպաստել մեր համայնքներին, օգտագործել մեր զինվորականների ոչ ռազմական գիտելիքները՝ մեր հարեւանությամբ գտնվող համայնքներին օգտակար լինելու համար»: Նախաձեռնության շրջանակներում ազատ ժամանակ ծառայության ընթացքում զինվորականները անօթեւան մարդկանց համար տներ են կառուցում, հանրային հիվանդանոցներ վերանորոգում: Հայաստանում նույն նախաձեռնության շրջանակներում ամերիկյան զինվորականները վերանորոգել են Երեւանի ծերանոցը՝ բարեգործություն, որին մասնակցելը, Լի Թաֆանելլիի խոսքով, մեծ պատիվ է հենց իրենց համար. «Մարդասիրական նման նախագծերի ընթացքում դրանց մասնակցող մեր զինվորականները հնարավորություն են ստանում իրականում մոտիկից ճանաչել հայաստանցիներին, ստեղծել հատուկ անձնական հարաբերություններ, հատուկ մի կապ, որը միավորում է ամբողջ մարդկությանը»: