Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարաձայնություն ԱԺ աշխատանքային խմբի եւ միջկառավարական հանձնաժողովի միջեւ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj-1

  Կառավարությունը հակված է առանձին նախագիծ ներկայացնել ԸՕ փոփոխությունների վերաբերյալ: ԱԺ 4 խմբակցության ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբին, որը եւս զբաղված է օրենսգրքի փոփոխություններով, զարմացրեց այս հայտարարությունը: «Ես չեմ հասկանում, ինչպես կարող է քաղաքական այս հանձնաժողովի եւ մեր մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները համատեղվեն, քանի որ մեր աշխատանքը հետեւյալ կերպ է՝ մենք լսում ենք բոլոր առաջարկները ու ուշադրություն ենք դարձնում բովանդակությանը: Մեզ համար, իրոք, տարբերություն չկա՝ այդ առաջարկությունը ԱԺ խմբակցությունն է ներկայացնում, թե սովորական մի քաղաքացի: Մենք այստեղ չենք գալու, չգիտեմ, ինչոր բազար անելու, ներեցեք այդ արտահայտության համար», նշեց Միջկառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:   «Ես հասկանում եմ, որ դուք հարգում եք ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, սակայն ես կարծում եմ, որ Վենետիկը չի ասել, որ ասենք, քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին: Մենք վատ բան չենք ասում, ընդամենն ասում ենք՝ սիզիփոսյան աշխատանք չանելու համար համադրենք մեր առաջարկները»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:                 Մոտ մեկ ժամ տեւած այս բանավեճից հետո սկսվեց բովանդակային քննարկումը: Դանիել Իոաննիսյանը նախ հայտարարեց, որ ԱԺ է եկել իրենց մասնագիտական խմբի աշխատանքային սեւագրով, որը դեռ ամբողջական չէ, մշակման փուլում է: Ապա, նա ներկայացրեց այն դրույթները, որոնց վերաբերյալ իրենք արդեն ունեն դիրքորոշում: Ինչպես եւ սպասելի էր՝ բուռն քննարկման առիթ հանդիսացան ընտրացուցակները: «Ընտրացուցակներում մենք ունեինք մի կին, որը ծնվել էր 1889թ. եւ անգամ գրանցում ուներ՝ Իսակովի պողոտա, սակայն աշխարհի ամենատարեց անձը 1895թ. ծնված է: Հիմք ընդունելով ընտրացուցակները՝ կարելի էր հարցի տակ դնել Գինեսի ռեկորդների գիրքը», -նկատեց Դանիել Իոաննիսյանը:   «Ես խնդրում եմ՝ մի ֆիքսվեք մի օրինակի վրա, որը բացառություն է... Ես հասկանում եմ, որ 1890թ. ծնված մարդը ինչ-որ պահի լքել է երկիրը, այլ երկրում մահացել է, եւ դրա համար մեր ռեգիստրներով չի անցնում: Եթե դա մեծ թիվ է, ապա ասեք ծավալը, իսկ եթե փոքր խնդիր է, մի փորձեք քննարկումը ծանրաբեռնել այդ օրինակներով», արձագանքեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:               Հաջորդ խնդիրը կապված էր անձը հաստատող փաստաթղթերի հետ: «Մարդը գալիս էր ընտրության 20 տարվա անձնագրով, եւ որեւէ ողջամիտ հնարավորություն չկար նույնականացնելու անձնագրի լուսանկարում պատկերված անձը անձնագիրը բռնող մարդն է, թե այլ մարդ է: Իրոք, երբեմն երեխա ժամանակի անձնագիր է. տեսականորեն 3 տարեկանում տրված անձնագրով այս պահին գործող իրավակարգավորումներով անձը կարող է քվեարկել, եթե 30 տարեկան է»,- վստահեցրեց Դանիել Իոաննիսյանը: «Դուք իրականում նաեւ կվնասեք այն անձանց, որոնք իրենց անձնագիրը չեն օգտագործում, հանգիստ ապրում են երկրում, եւ եթե անվավեր անձնագրերով դուք արգելեք մասնակցել քվեարկությանը: Ես չեմ կարծում, որ խնդիրն այդքան մեծ է, որ մարդիկ են գալիս իրենց 3 տարեկանի անձնագրով: Տեսական դեպքերը եկեք չնկարագրենք, քանի որ իրական կյանքի հետ գործ ունենք»,- կարծիք հայտնեց Դավիթ Հարությունյանը:             Միջկառավարական հանձնաժողովի ներկայացուցչի եւ ԱԺ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը հուլիսի 13-ին է: Ի դեպ, համատեղ այս հանդիպմանը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կրկին ներկա չէր՝ Կառավարության նիստի պատճառով: