Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազի բողոքը 2 անձի սպանության գործով դատավճռի դեմ՝ բավարարվել է

Պաշտոնական
dataxaz-384x265

Դեռևս 2016 թվականի հուլիսի 1-ին հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմնի կողմից Ռ․Ս․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը) այն բանի համար, որ ամուսիններ` Ս․Ա․-ի և Ք․Մ․-ի անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու և Ս․Ա․-ի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով Ս․Ա․-ին հրավիրել է վերջինիս անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ առանձնազրույցի, որի ընթացքում շարունակելով հանցավոր վարքագիծը, իր կողմից ապօրինի կրած սառը զենք հանդիսացող զինվորական սվին-դանակով հարվածել է` Ս․Ա․-ին պաշտպանելու նպատակով մոտեցած Հ․Ա․-ի սրտին: Դրա հետևանքով վերջինս մահացել է: Ապա նույն դանակով նա հարվածել է եղբորը պաշտպանելու նպատակով իրեն մոտեցած Ա․Ա․-ին` վերջինիս պատճառելով առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:  Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017թ. հունիսի 28-ի դատավճռով Ռ․Ս․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու և ավելի անձանց սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Ռ.Ս.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 16 տարի ժամկետով: Դատարանն ապացուցված է համարել, որ չնայած ամբաստանյալ Ռ. Ս.-ի կողմից կատարված գործողություններն անմիջականորեն ուղղված են եղել տուժողներ Ս․Ա․-ին, Հ․Ա․-ին և Ա․Ա․-ին խուլիգանական դրդումներով կյանքից զրկելուն, սակայն ամբաստանյալի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Ս. Ա.-ն խույս է տվել հարվածներից, իսկ Ա. Ա.-ն, ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:  Նշված դատավճռի դեմ մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ իր փաստարկներում հղում կատարելով նաև ՀՀ դատախազության կոլեգիայի 2017 թ. մարտի 3-ի որոշման այն պահանջներին, hամաձայն որոնց՝ եթե ամբաստանյալի դիտավորությունն ուղղված է խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելուն, սակայն նրա ոտձգության արդյունքում մահ է պատճառվել միայն մեկին, ապա այնքանով, որքանով խուլիգանական դրումներով մեկ անձի սպանությունն արդեն իսկ ծանրացնող հանգամանքներում կատարված ավարտված սպանություն է, հետևաբար արարքը պետք է որակել որպես ավարտված որակյալ սպանություն՝ մեղադրանքում նկարագրելով, որ մահ պատճառվել է հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված անձանցից միայն մեկին:  Հիմնավոր համարելով մեղադրողի ներկայացված բողոքը՝ Վերաքննիչ դատարանը, 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Ռ․Ս․-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 18 տարի ժամկետով։ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին