Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ԲՀԿ-ում կլինեն մարդիկ, ովքեր օրենքից վեր դասած կլինեն իրենց՝ արժանի պատիժ կստանան». ԲՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
sergey

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չի բացառում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում ևս կան մարդիկ, որոնք կարող են այս կամ այն կերպ ներգրավված լինել կոռուպցիոն սխեմաների մեջ: «Բոլոր կուսակցություններում էլ կան մարդիկ, որոնք պարտաճանաչ քաղաքացիներ եւ ոչ պարտաճանաչ քաղաքացիներ են: Եթե Բարգավաճ Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր օրենքից վեր դասած կլինեն իրենց՝ արժանի պատիժ կստանան»: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի ձերբակալությանը, նշեց, որ այս պահին քննությունն է ընթանում. «Մենք իրավունք չունենք քաղաքական հարթություն տեղափոխել մի հարց, որը իրավական հարթությունում է: Իրավաբաններն աշխատում են, հետեւենք գործընթացներին եւ վստահ եմ արդարադատությունը կհաղթի»,-ասաց Բագրատյանը, եւս մեկ անգամ կրկնելով, որ չկա որեւէ անձ, որ պետք է օրենքից բարձր լինի: Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեպքի վայրում գտնվելու տեղեկությունը հաստատվելուց հետո, արդյոք պետք է պատասխանատվության ենթարկվի՞ նաեւ Ծառուկյանը: «Մենք ռեալ քաղաքականություն պետք է իրականացնենք, եթե-ներով քաղաքականություն չի իրականացվում, մենք ունենք փաստեր: Փաստերի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Գնահատականներ տալով մենք կարող ենք ավելի շատ խանգարել, քան օգնել»,- «Ա1+»-ի հարցին պատասխանելով նշեց Սերգեյ Բագրատյանը: Հանրապետական կուսակցության նախկին կոալիցիոն գործընկեր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու՝ «Ելք» խմբակցության ընտրական շեմի նվազեցման առաջարկը իր համար ընդունելի է համարում. «Դա մեզ օգուտ կտա, որպեսզի քաղաքական ուժերի ձայները չփոշիացվեն : Եթե կուսակցություններ կլինեն, որոնք կունենան պայմանական 4 տոկոս ձայներ, չպետք է իրենց ձայները բաշխվեն այլ կուսակցության վրա, դա արհեստական է եւ վտանգավոր: Սա արդարացի չէ: Այդ իմաստով շեմի նվազումը կբերի արդարացիության եւ բազմազանության»: Ազգային ժողովի ընտրություններից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստ է համագործակցել այն ուժերի հետ, որոնց ծրագրերը կհամապատասխանեն իրենց ծրագրին: