Բնակիչները ստիպված մեկանգամյա օգտագործման սպասք են օգտագործում (տեսանյութ)

Շենգավիթ վարչական շրջանի Տարոնի 5 հասցեի բնակիչները ստիպված են առավոտյան շատ վաղ, երբեմն էլ գիշերն արթնանալ, որպեսզի հասցնեն լվացք անել կամ լողանալ: Մեկ ամսից ավել է հանրակացարանում պարբերաբար ջրանջատումներ են լինում:

Ճնշումը երբեմն այնքան թույլ է  լինում, որ ջուրը   չի հասնում շենքի վերևի հարկեր, հաճախ էլ  նույն պատճառով  չեն կարողանում օգտվել ջրատաքացուցիչներից:

Ջրի բացակայության պատճառով բնակիչները չեն կարողանում բավարարել կենցաղային տարրական պահանջները և ստիպված օգտագործում են մեկանգամյա օգտագործման սպասք:

Բնակիչները պնդում են, որ «Վեոլիա ջուրը» չի զգուշացնում անջատումների մասին և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ են բերում: Իսկ երբ զգուշացնում են անջատումների մասին և բնակիչները ջուր են հավաքում, չեն անջատում:

Ի դեպ, բողոքները ոչ միայն այս շենքից են, այլեւ տարբեր հասցեներից։ «Վեոլիա ջուրը»  պարզաբանում է՝ շաբաթ օրը խոշոր վթար էր տեղի ունեցել «Արարատյան 3,4»  պոմպակայանում, որով սովորաբար հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները:

Մինչդեռ քաղաքացիները պնդում են՝  խնդիրը դրանից առաջ էլ կար։