Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խնդիր է, երբ Թերլեմեզյանում չորս տարի սովորած ուսանողը հայտնվում է 1-ին կուրսում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
artak-axbalyan

Միջին մասնագիտական կրթության համակարգը օրենսդրական փոփոխությունների կարիք ունի։ Այսօր «Հոդված 3» ակումբում քննարկվում էր մի շարք կետեր, որոնք կարիք ունեն բարեփոխման։ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշեց, որ քննարկումներ են սկսել, որպեսզի միջին մասնագիտական հաստատություններում վճարովի հիմունքներով ևս ընդունելություններ լինեն։ «Պետական պատվերի շրջանակում մենք կտրամադրենք տեղեր, մրցույթային հիմունքներով ընդունելություն անելուց հետո, եթե երեխան ցանկանում է անպայման, այդտեղ սովորել և պետպատվերի տեղ չկա և ցանկանում է իր ֆինանսներով սովորել կարծում եմ համապատասխան փոփոխությունից հետո այդ հնարավորությունը կտանք»,- ասաց նա։ Ըստ Արտակ Աղբալյանի՝ սա նաև երկրորդ հնարավորություն կտա ուսումնական հաստատությունների ղեկավարներին, քանի որ շատ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել արտաբյուջե ձևավորելու համար։ Նշենք, որ  պետբյուջեից կրթության հատկացվող գումարի նվազեցումը այս ոլորտի վրա ևս անդրադարձել է։ Եթե 2017 թվականին պետպատվերը արհեստագործականով եղել է 3877 տեղ, 400 ոստիկանությանը տրամադրվող տեղ, այս տարի պետական պատվերը նվազել է 1600 տեղով։ «Օրինակ՝ Ինֆորմատիկայի քոլեջի մասով մենք յուրաքանչյուր տարի կարողացել ենք մոտ 500 պետպատվեր տրամադրել, հիմա մենք առավելագույնը կարողանում ենք տրամադրել 280 տեղ։ Եթե 280 հոգի էլ լինեն վճարովի, դա միջինը կազմում է 50 մլն դրամ արտաբյուջէ, որը կծառայի դասախոսների աշխատավարձի բարձրացմանը, տեխնիկայի բարելավմանը և այլն»,- հավելեց Արտակ Աղբալյանը։   Միջին մասնագիտական կրթության համար մեկ այլ խնդիր է հանդիսանում քոլեջից բուհ ընդունվելը։ Նախորդ տարիներին դա կարգավորվում էր կարգով և քոլեջ ավարտած բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն էր ընձեռնվում համապատասխան մասնագիտությամբ ընդունվել բուհ՝ 2-րդ կուրս առկա ուսուցման համակարգով, 3-րդ կուրս՝ հեռակա։ «Արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի աշակերտների համար համապատասխան բուհերը հեռակա չունեն։ Օրինակ՝ Թերլեմեզյանում չորս տարի սովորած և ավարտած ուսանողը ընդհանուր հիմունքներով հայտնվում է 1-ին կուրսում»,- նշեց Աղբալյանը։