Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորցի կինը բողոքում է զորակոչիկների բուժզննման արդյունքներից (տեսանյութ)

Հասարակություն
zinvor

Վանաձորցի  Էլեն Ղազարյանը պնդում է՝ իր  երկվորյակ տղաները  ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեն: «Տղաս ունի  -17 տոկոս կարճատեսություն, բայց Մալայանում ուզում էին փափուկ բարձ դնեին գլխիս տակ: Ես հասկանում եմ, որ թիվ լրացնելու խնդիր կա, բայց գոնե բարեխիղճ լինեն, որ էս երեխաները հաշմանդամ չդառնան»,- ասում է կինը: Մյուս տղան՝ Սեյրան Կարապետյանը հարթաթաթության 3-րդ աստիճան ունի: Բուժզննումն անցել է Նորք Մարաշ բժշկական կենտրոնում: Էլեն Ղազարյանը պահանջում է թույլտվություն տրամադրել, որպեսզի բուժզննումն այլ հաստատությունում  էլ կատարվի: «Ռենտգեն հետազոտությունը  ցույց է տալիս  2-րդ կարգի հարթաթաթություն, իսկ չափագրումը ՝ 3-րդ: Ես վստահ չեմ իրենց կատարածի մեջ, իրենց ոնց հարմար է՝ գրում են:  Ինձ  հետաքրքիր է ստույգ դիագնոզը, վայենկոմը գցում է ԱՆ-ի վրա, նրանք ասում են գնա Գեն-կամիսիա, մեկը մյուսի վրա են գցում»: Կինը դիմել է ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհուրդ:  Հանձնաժողովը կքննի դիմումը, բուժզննման գլխավոր հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո: Հասարակական խորհուրդը ամառային զորակոչի ընթացքում 35 դիմում բողոք է ստացել, ասում է խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: «Բացառապես առողջության հետ կապված են դիմում բողոքները: Օրենքը սկսել է կարգավորել եղբայրների հետ համատեղ ծառայության կամ բնակավայրին մոտ ծառայության հարցերը: Դրա համար միայն առողջական խնդիրներ ենք քննարկում»: Խորհրդի նախագահը նշում է` սխալները երբեմն հնարավոր են, եւ հենց դրանց քննության նպատակն ունի  կառույցը: «Հաճախ են ստացվում իրարամերժ հետազոտություններ նույն հիվանդության մասին, այդ դեպքում միջնորդում ենք նոր հետազոտություն կատարել: Կան դեպքեր, որոնք ինչ որ ձեւով տվյալները ճիշտ չեն գնահատվել»: Նախորդ  զորակոչի ընթացքում հանձնաժողովը ստացել է 162 դիմում-բողոք, որից  97-ի դեպքում միջնորդագիր է ներկայացվել եւ արդյունքում 32 դիմում բավարարվել է՝ կամ ազատվել են պարտադիր զորակոչից կամ ստացել են տարկետման իրավունք: