Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Oր առաջ լինի փոփոխություն, օր առաջ լինի թարմություն. նկարիչների ակնկալիքները նոր նախագահից

Հասարակություն
Nkarichner

Նկարիչների միությունում աշնանը պատրաստվում են առաջադրել նախագահի նոր թեկնածուի։ Միությունը բարեփոխումների կարիք ունի։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին  գեղանկարիչներ Սուրեն Սաֆարյանը, Արթուր Հովհաննիսյանը և Լևոն Աբրահամյանը: «Շատ խնդիրներ կան ծավալված նկարիչների միությունում, բայց գոնե մեր կողմից դա անձնավորված չէ, մենք եթե բողոքում ենք, եթե ինչ-որ անհամաձայնություններ ունենք, ապա ունենք կառավարման հետ։ Դրա համար մենք պատկերացնում ենք, որ պետք է օր առաջ լինի փոփոխություն, օր առաջ պետք է լինի թարմություն, օր առաջ պետք է նոր շունչ գա»,-ասաց Սուրեն Սաֆարյանը: Լևոն Աբրահամյանը նշեց, որ նեկայիս նախագահ Կարեն Աղամյանի՝ 20 տարվա կառավարումից հետո ներկայումս պասիվություն, հոգնածություն են տեսնում: «Ղեկավար մարմնի հանդեպ կա որոշակի դժգոհություն։ Կարծում եմ՝ ղեկավար մարմինը 20 տարիների ընթացքում իր ասելիքն արել է: Այսօր մենք կանգնել ենք այն փաստի առջև, որ այդ միությունն ուզում է մի նոր մտածողություն, որը չի մերժելու այն ավանդույթները, որոնք մինչ այս ձևավորվել են»։  Լևոն Աբրահամյանն ասաց, որ միությունում այս հարցում համերաշխություն կա, և անձնական շահերից ելնելով չէ, որ համախմբվել են: Նա  վստահեցրեց, որ փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ չեն լինի, պարզապես կներկայացնեն խնդիրների լուծման իրենց ճանապարհները: Գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ պետք է ստեղծել մի մթնոլորտ, որը կօգնի փոքր-ինչ հնարավորությունների սահմաններում ակտիվացնել նկարիչների միության գործունեությունը։ Նկարիչների միությունը պետք է լինի ոչ միայն տարածք, որտեղ նկարիչները հնարավորություն կունենան ցուցադրվելու այս կամ այն չափով, այլ լինի ջերմության, միասնության վայր։