Խորհրդային կարգերի ժամանակ պայթեցված Ճանկաթաղի եկեղեցին վերաօծվել է
Արցախի հյուսիս-արեւելքում գտնվող՝ Մարտակերտի Ճանկաթաղ գյուղի բնակիչները վերջին տարիներին ավելացել են։ Հարեւանությամբ գործող ոսկու հանքի մոտ հարյուր աշխատակից ժամանակավորապես հաստատվել է այստեղ: Իննսունականների սկզբին գյուղը շուրջ մեկ տարի գտնվել է ադրբեջանական շրջափակման տակ։ Բնակչությունը տարհանվել է, ազատագրումից հետո ոչ բոլորն են վերադարձել: Մինչեւ հիմա Ճանկաթաղի տների զգալի մասը կիսաքանդ է ու լքված, ասֆալտապատ ճանապարհ չկա, չկա նաեւ ջրատար ու գազատար: Գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանը, որը համատեղությամբ նաեւ շախմատ է դասավանդում, պատմում է, որ 1826-ին Պարսկաստանից ինը գերդաստան եկել է այստեղ, վերաբնակեցրել միջնադարյան հայկական բնակատեղին, որից միայն եկեղեցին էր կանգուն մնացել: Տաճարի մասին ամենահին վկայությունը թվագրվում է 13-րդ դարով, բայց շրջակայքի խաչքարերը հուշում են, որ դրանից առաջ էլ այստեղ կառույցներ են եղել. «Ունենք խաչքարեր 10-րդ դարի է պատկանում, այսինքն, ավելի հին եկեղեցի ա: Կարելի է ենթադրել, Ամարասը, որ կառուցվել ա, դրա հետ մեկտեղ կառուցվել ա նաեւ մեր եկեղեցին»: Օրերս է վերաօծվել Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այն հիմնովին պայթեցվել էր խորհրդային տարիներին՝ որպես անպետք ու վնասակար կառույց: 2011-ին ռուսաստանաբնակ բարերար Էդուարդ Սարգսյանը որոշեց իրականացնել վաղեմի երազանքն ու վերականգնել հարազատ գյուղի եկեղեցին։ Բայց , ըստ էության, նոր եկեղեցի է կառուցվել: «Ամեն մի բարերար ունի իր ուխտը: Մարդը մանկուց խոսք ա տվել, որ իմ ձեռը հնարավորություն լինի, պետք ա անեմ: Հիմա ասում են՝ ավելի լավ ա հին եկեղեցի վերանորոգի, քան նորը կառուցի: Բայց կներեք, ես ուզում եմ նորը կառուցեմ, որ իմ գյուղի ժողովուրդը մտնի, կնքվի, պսակվի, աղոթք անի»,-ասաց Պարգեւ արք. Մարտիրոսյանը: «Մենք առաջնահերթությունը տվել ենք եկեղեցու կառուցմանը, որովհետեւ կարծում ենք, որ եկեղեցին մեր ազգի բնութագիրն է»,- նշեց բարերարի կինը՝ Թամելա Սարգսյանը: