«Ես կհեռանամ, եթե ...». Եղեգնուտի գյուղապետ
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը չի ցանկանում հրաժարվել գյուղապետի աթոռից: 62-ամյա գյուղապետը Եղեգնուտը ղեկավարում է 1985թ-ից: Այսօր, մի խումբ եղեգնուտցիներ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը. «Մենք ցանկանում ենք, որ ներկայիս գյուղապետը հրաժարական տա, դուք պատկերացնում եք, ինքը հայտարարել է, որ ծառայել է իշխանություններին ու այդ իշխանությունների հետ խոշտանգել է բնակիչներին: Մենք հիմա թեկնածու չունենք, երբ ինքը հրաժարական կտա, կնստենք ու մեր թեկնածուին կորոշենք»:
Եղեգնուտի համայնքապետն ասում է՝ ինքը անկուսակցական է. «Ես հանրապետական կուսակցության անդամ չեմ, ես ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, բացի կոմունիստական կուսակցությունից, որը անցել եմ բանակում 1977թ-ին: Այսօր կոմունիստական կուսակցության անդամ էլ չեմ: Կոմունիստական կուսակցություն կա՞, որ մնամ կամ, որ մնամ՝ ի՞նչ անեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Մարգարյանը:
Ռազմիկ Մարգարյանը գիտի, թե ով է այսօրվա բողոքի ակցիայի կազմակերպիչը, որն էլ օգտվում է երկրում տիրող իրավիճակից եւ օգտագործում հեղափոխության տեխնոլոգիաները՝ ընտրվելու համար:
«Համագյուղացի է, Թալինից է եկել 1950-ականներին: Նա Մկրտչյան Ռազմիկն է: Ինքը բազմաթիվ կուսակցությունների անդամ է եղել, հիմա Բարգավաճ Հայաստան Կուսակցության անդամ է: Իսկ դրանից առաջ եղել է հանրապետական, ընտրել է ՄԱՊ-ի Ալիկին (գործարար Ալեքսան Պետրոսյան-խմբ.), աշխատել է ՄԱՊ-ի Ալիկի համար, հիմա ասում է՝ ես բարգավաճ եմ: Ես վախենալու ոչ մի բան չունեմ, բացարձակ: 27 տարի է բնակիչները պայքարում են, որ ես հրաժարական չտամ, ես էլ լսում եմ նրանց: Համայնքը իրա հունով, իրա զարգացումով գնում է : Ի՞նչ եմ արել, որ հրաժարական տամ: Ես պատրաստ կլինեմ, իմ աթոռը զիջել, եթե համայնքի մեծամասնությունը, ընտրողների մեծամասնությունը ինձ ասի՝ ախպոր պես, գնա, որ մենք խաղաղվենք: Ես հաճույքով կհեռանամ, բայց իրենց երբեք չեմ լքի ու գռանատի զապալն էլ չեմ քաշի շպրտի իրանց մեջ»:
Ռազմիկ Մարգարյանը չի անհանգստանում եւ չի վախենում՝ իրեն սատարողները շատ են. «Շաբաթ օրը 250 հոգանոց ակցիա էր, ժողովուրդն իրենց խոսքն ասել է, որ չի ցանկանում, որ ես հրաժարական տամ եւ գնացել են իրենց տները: Ես հայտարարել եմ, որ այլեւս ոչ մեկդ չգնաք ոչ մի ցույցի, գնում ենք մեր աշխատանքին, շուկա պետք է գնանք, հող պետք է մշակենք Գյուղի բնակիչների թիվը 2274 է, իսկ ընտրողների թիվը 2016թ-ին եղել է 1500, հիմա կլինի 1550 կամ 1560: Եթե 40-50 հոգով ցույց են անում՝ երեխայով, փոքրով, մեծով, նշանակում է ամբողջ բնակչությունն է պահանջու՞մ»:
Եղեգնուտ համայնքն այսօր ոչ մի խնդիր չունի, վստահեցնում է համայնքապետը, իսկ հետո հիշում. «Ջրի խնդիր ունենք, բայց դա համայնքապետի հետ ոչ մի կապ չունի, դա ջրպետկոմի խնդիրն է: Երեք տարվա հանրային քննարկումներից հետո մեկ միլիոն դոլարով ջրառ է վերանորոգվել»:
Ի դեպ գյուղապետը մեզ է տրամադրել գյուղի մանկապարտեզի լուսանկարները
