Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ-թուրքական հարաբերություններում մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
balayan

Միջազգային գրեթե բոլոր կառույցները, որոնք առնչվում են Ադրբեջանի հետ, տեսնում են այդ պետության անպատասխանատու կեցվածքը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նա անդրադարձավ նաև ադրբեջանական Լելե Թեփե բարձունք այցելած ռուս փորձագետներին: Նրանք ադրբեջանամետ հայտարարություններ էին կատարել, որոնք լայնորեն տարածվել էին ադրբեջանական լրատվամիջոցներում: «Այդ հայտարարությունների հետ կապված, որոնք տեղ էին գտել ադրբեջանական ԶԼՄ-ներում, կարող եմ ասել,  որ դրանք արդեն իսկ պատրաստի, գրված և նրանց տրված տեքստեր են եղել, որպեսզի կարդան: Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը այդ առումով պարզ է»,- ասաց Տիգրան Բալայանը:  Ադրբեջանը երկար ժամանակ է խոշոր զորավարժություններ է անցկացնում Նախիջևանի սահմանի մոտ: Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում ձեռնարկել Հայաստանը, Բալայանը նշեց: «Կան ձևաչափեր, որտեղ մենք բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները: Այդ նույն փաստաթղթերով, Ադրբեջանը կամ որևիցե երկիր, որը իրականացնում է զորավարժություն, պետք է տեղեկացի ԵԱՀԿ երկրներին, և  նախատեսված չէ որևիցե պատիժ: Դա արդեն բնավորության գիծ է դարձել, Ադրբեջանը հիմա անգամ չի էլ տեղեկացնում: Դա մտահոգվելու առիթ պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլ նաև այն բոլոր գործընկերներին, որոնք հանձնառու են և ստանձնել են պատասխանատվություն»: Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Ռեջեփ Թայիպ Էրդողանը և ըստ Տիգրան Բալայանի՝ հայ-թուրքական հարաբերություններում մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ, իսկ նախագահին շնորհավորել Հայաստանը ևս չի պատրաստվում: «Չեմ կարծում ներկա քաղաքական իրավիճակում կարելի է որևէ զարգացում ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում: Եթե հիշում եք, մինչև 2014 թվականը, ֆորմալ շնորհավորականներ էին փոխանակվում ազգային տոների կապակցությամբ՝  հայ և թուրք ղեկավարների կողմից: 2014 թվականի օգոստոսին, երբ Ռեջեփ Թայիպ էրդողանը դարձավ նախագահ, այդ ֆորմալ շնորհավորանքների պրակտիկան ևս դադարեց»,- ասաց Տիգրան Բալայանը: