Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղության մեծ բրդուջը՝ Ենոքավանում

2-8

 Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու տարածքը վերածվել էր իսկական բուսական համայնապատկերի. տեղադրված տաղավարներում ներկայացված էին հայկական  խոտաբույսերից տարբեր արտադրանքներ՝ խնամքի միջոցներ, թեյեր, աքսեսուարներ… Ճանաչողական բնույթ ունեցող փառատոնի ընթացքում մասնակիցները սովորում են ճիշտ կիրառել խոտաբույսերը: Մի անկյունում սովորեցնում են խոտաբույսերով գորգ գործել, մյուսում՝ գեղեցիկ կոմպոզիցիաներ ստեղծել, երրորդում էլ՝ խաղալիքներ ու ավանդական հայկական տիկնիկներ պատրաստել: Ավանդույթի համաձայն՝  «Հայ բույս» փառատոնի մասնակիցները պատրաստեցին եւ համտեսեցին տարբեր տեսակի պանիրներով, հայկական կանաչեղենով եւ լավաշով ամենաերկար բրդուճը:  Տեղի ունեցավ նաև «Ենոքավանյան պոլո» ձիերով շոուն: Փառատոնի այս տարվա նորույթը ծաղկարվեստի ֆլորիստների մրցույթն էր: Փառատոնի համահիմնադիրներ Իրինա և Գայանե Չիբուխչյաններն ու Գայանե Աղայանը 4-րդ անգամ անցկացվող փառատոնը հաջողված են համարում: Եթե նախորդ տարիներին իրենք էին փորձում մասնակիցների ներգրավել փառատոնին, այս տարի մասնակիցներն են դիմել իրենց՝ ներկայացնելով սեփական  գաղափարներն ու մոտեցումները: «Այս տարվա փառատոնն այնքանով է հաջողված, որ մինչև մեկնարկն արդեն մեզ դիմում էին մարդիկ, ովքեր բույսերի օգտագործման նոր հնարավորություններ էին հայտնաբերել, ու այդ ամենը նորովի ներկայացրեցին փառատոնի շրջանակներում: Նրանց մասնակցությունն ավելի հարստացրեց ու հետաքրքիր դարձրեց փառատոնը», - նշեց Իրինա Չիբուխչյանը:    Փառատոնը հնարավորություն է տալիս ճանաչել Հայաստանում աճող, բայց դեռևս անհայտ բույսերը, ներկայացնել դրանց կիրառման եղանակները, օգտակարությունն ու բուժական նշանակությունը: Փառատոնի կարգախոսն է. «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»: