Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայհոյանքներ Արցախի ԱԺ դահլիճում. տեսանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-17

2018թ. հունիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի նիստ, որտեղ քննարկվել է նաև Արցախի 2017թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի ելույթից հետո Աժ պատգամավոր Ժաննա Գալստյանը մեղադրել է Խանումյանին ԱԺ ամբիոնը «միտինգի ամբիոնի» վերածելու մեջ և նրան սեռական բնույթի հայհոյանքներ հղել: Հայկ Խանումյանը նույն բառերով պատասխանել է Ժաննա Գալստյանին: Նիստի ավարտին Ազգային ժողովը ստեղծել է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ միջադեպը քննելու համար: Հայկ Խանումյանի ելույթը՝ ստորև. «Բյուջեի կատարողականների վերաբերյալ իմ կարծիքը այս տարիների ընթացքում չի փոխվել: Անցյալ կատարողականների վերաբերյալ իմ ելույթներում ես նշել եմ, որ ոչ հանրությունն ընդհանրապես, ոչ էլ նրա ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ չունի: Այն տեսքով, ինչ տեսքով որ կազմվում է բյուջեն և ներկայացվում է կատարողականը, ԱԺ պատգամավորները շատ բան պարզել չեն կարողանում, իսկ հանրությանն էլ մութ է մնում իրենց վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը: Ես պնդել եմ և պնդում եմ, որ մենք պետք է անցում կատարենք ծրագրային բյուջետավորման, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե ինչ ծառայություններ և ապրանքներ է ստացել կոնկրետ գումարների դիմաց: Չնայած սա ես առաջին անգամ չէ, որ ասում եմ, սակայն ծրագրային բյուջետավորման ուղղությամբ գործուն քայլեր մենք քիչ ենք տեսել կառավարության կողմից: Այս տարի նույնիսկ կատարողականի քննարկումները հանրությունից թաքցնելու հաջող փորձ կատարվեց և դրա մեղավորը միանշանակ Աշոտ Ղուլյանն է, որի պաշտոնավարումն ԱԺ նախագահի պաշտոնում իրական խոչընդոտներ է ստեղծում խորհրդարանի բնականոն գործունեության համար: Բակո Սահակյանի վերաբերյալ իմ կարծիքը բոլորիդ է հայտնի: Նշեմ միայն, որ նախորդ տարիներին, երբ խմբակցություններն առանձին բյուջեի շուրջ հանդիպում էին նախագահի հետ և ներկայացնում իրենց նկատառումները, ես նշել եմ կոնկրետ կոռուպցիայի և գումարների փոշիացման դեպքեր: Այդ դեպքերը ոչ միայն չեն վերացել, այլ խրախուսվել են: Ու ես վստահ եմ, որ եթե Բակո Սահակյանը շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, ապա իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա, անցյալ տարի գնված ծառայողական մեքենաները կրկին սեփականաշնորհվելու են կոպեկներով և նոր մեքենաներ գնվեն պետբյուջեի հաշվին, շարունակվելու է ապօրինի կերպով մարդկանց գլխին սարքելով սեփականության հափշտակությունները և դրանք Բակո Սահակյանի մտերիմների ձեռքին հայտնվելու գործընթացը: Ես ողջունում եմ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին և նրա գործելակերպը, կարծում եմ, որ պրոֆեսիոնալի ու պարկեշտ պաշտոնյայի նրա կերպարն օգտակար կլինի շատ հարցերի լուծման հարցում, մասնավորապես ակնկալում եմ ելույթիս առաջին մասում հնչած հարցերի լուծման ուղղությամբ քայլեր: Ելույթիս երկրորդ մասում հնչած հարցի լուծումը հանրավոր է միայն սահմանադրական հեղաշրջման միջոցով նախագահի աթոռին կառչած անձի հեռանալու դեպքում: Ես դեմ եմ քվեարկելու 2017թ. բյուջեի կատարողականին»: «Վերածնունդ» խմբակցություն 28 հունիսի 2018թ.